Ջրաչափումները հաստատում են՝ «Քաղցրաշենի» ծրագիրը կենսունակ է

Ջրաչափումները հաստատում են՝ «Քաղցրաշենի» ծրագիրը կենսունակ է

Ջրային տնտեսության ԾԻԳ-ի տնօրեն Ֆելիքս Մելիքյան 

2015թ. օգոստոսի 17-ին hetq.am կայքում հրապարակված «Ազատ գետում կատարված ջրաչափումները հաստատեցին՝ գետում բավարար քանակի ջուր չկա «Քաղցրաշենի» ծրագիրն իրագործելու համար»  հոդվածում հեղինակը պնդում է, որ. (1) առաջարկվող ծրագրի ջրապահանջի կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակության ջուր չկա և, ըստ այդմ, ծրագիրը հիմնավորված չէ և (2) ծրագրի իրականացումը կազդի հարակից մշակութային և բնության հուշարձանների վրա: Ցանկանում ենք անդրադառնալ վերոնշյալ երկու մտավախություններին, քանի որ դրանք փաստացի անճշտություններ են պարունակում:

Հոդվածի հեղինակը վկայակոչում է Ազատ գետում հուլիս եւ օգոտոս ամիսներին կատարված ջրաչափումները և դրանցով արձանագրված  ջրաքանակի զգալի նվազումը, ինչն առաջին հայացքից կարող է համոզիչ թվալ, սակայն մասնագիտական և համակողմանի ուսումնասիրությունը ի հայտ է բերում այլ իրավիճակ, որը պայմանավորված է հետևյալ  երկու հիմնական գործոններով:

Նախ` այս ամառ մեր օդերևութաբանության պատմության վերջին 172 տարիների ընթացքում գրանցվել է ամենաերկարատև շոգ եղանակը: Ըստ Հայպետհիդրոմետի` հուլիս-օգոստոս ամիսներին 20 օր ջերմաստիճանը տատանվել է  38-39 աստիճանի սահմաններում և 15 օր՝40-41 աստիճանի սահմաններում: Հուլիսն անցել է խիստ չոր կլիմայական պայմաններում և տեղումները նորմայից ցածր են եղել 50%-ով: Չոր, խիստ շոգ եղանակը տևել է մինչև օգոստոսի 21-ը ներառյալ, և այդ ընթացքում տեղումներ չեն գրանցվել: Այս հանգամանքը հանրապետության որոշ շրջաններում փաստացի հանգեցրեց սակավաջրության, ինչը հաշվի է առնված Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագծում: Հարկ ենք համարում նշել, որ նախագիծը և նրա կարևորությունը որոշվում է ոչ թե մեկ տարվա համար` և այն էլ սակավաջուր տարվա, այլ միջին ջրատվության տարիների շարքի համար: Նման սակավաջուր տարում, ինչպիսին 2015 թ.-նն է, բնապահպանական թողքի պահպանման պարագայում, օգոստոս ամսին  մինչև 18% ջրի դեֆիցիտը Ազատ գետում կանխատեսելի էր և տրամաբանական` ավելին  Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագծում (ինչպես նաև   նախագծի շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատում /ՇՄՍԱԳ/ հաշվետվությունում), ջրասակավ տարիների համար արդեն իսկ կանխատեսված է ջրի հնարավոր պակասորդ:

Ի պատասխան Գառնի համայնքի մի խումբ բնակիչների արտահայտած մտահոգությունների (որոնց hetq.am կայքն անդրադարձել է նախկինում)` Ջրային տնտեսության Ծրագրի իրականացման գրասենյակը /ԾԻԳ/ համայնքի անդամներին հնարավորություն ընձեռեց դիտարկելու և հասկանալու Հայպետհիդրոմետի կողմից Ազատի կիրճում ջրաչափության պաշտոնական ընթացակարգը: Այս տարված մարտ ամսից հավաքագրված տվյալները ներկայացվում են ստորև, որոնք նաև առկա են ԾԻԳ-ի կայքէջում[1]: Ավելին` սահմանված բնապահպանական թողքը պահպանելու նպատակով ԾԻԳ-ի մտադիր է ջրի ավտոմատ չափման սարքավորում տեղադրել, որպեսզի այդ տեղեկատվությունը հասանելի լինի նաև իրական ժամանակով: 

Ներկայացնենք Քաղցրաշենի նախագծով ուրվագծված 2015թ. ջրաչափության և ջրապահանջարկի համադրումը մի քանի  տվյալներով: Ընդ որում, հիշեցնում ենք, որ ջրաչափության տվյալները գրանցվել են եզակի անբարենպաստ տարվա համար` ակնհայտ հեռու միջին վիճակագրականից:

 

Ամիս

Փաստացի չափված հոսքը, լ/վրկ

Էկոլոգիական թողքը, լ/վրկ

Քաղցրաշենի համակարգի ջրապահանջը, լ/վրկ

միջին տարի[2]

Սակավաջուր տարի[3]

Ապրիլ

6863

850

424

424

Մայիս

9210

850

620

620

Հունիս

5490

850

872

872

Հուլիս

1795

850

952

855

Օգոստոս

1457

850

922

736

Սեպտեմբեր

 

850

517

517

Հոկտեմբեր

 

850

224

224

Ինչպես երևում է վերը բերվող աղյուսակից, և ինչպես նշվում է “Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի` շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատում” հաշվետվությունում, ծրագիրը, ոռոգելով լրացուցիչ 378 հա հողատարածք, պահպանում է բնապահպանական թողքը ինչպես միջին ջրատվության, այնպես էլ սակավաջուր տարիներին, մինչդեռ սակավաջուր տարիների օգոստոս ամսին ոռոգման ջրապահանջի փոքր դեֆիցիտ է առաջանում (մինչև 18%): Ընդ որում, փաստացի ջրաչափությունը իրականացվել է հիդրոլոգիական դիտակետից վերև ընկած հատվածում ջրօգտագործման  ոչ պատշաճ կառավարման և թույլատրված ջրաքանակից ավել ջրառ իրականացնելու պայմաններում:

Հրապարակման մեջ արծարծված հարցերն  ուսումնասիրելու նպատակով   Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հրամանով աշխատանքային խումբ է ստեղծվել, որն էլ լրացուցիչ  ջրաչափումներ է իրականացրել Ազատ գետում, ներառյալ՝Ազատ գետից ջրառների և ելքերի ուսումնասիրություն: Օգոստոս ամսվա ջրաչափություններից ու դիտարկումներից ակնհայտ է, որ պատշաճ կառավարման և ջրօգտագործման հնարավոր շռայլումների բացառման դեպքում կարելի էր բացառել անգամ վերոնշյալ դեֆիցիտը: Այդ են հուշում նաև SCADA համակարգի մաս կազմող GPRS տիրույթում գործող մակարդակաչափերի փոխանցած առցանց տվյալները: Ջրի կառավարման արդյունավետությունը ապահովելու առումով տեղանքում արդեն իսկ  մի շարք քայլեր են նախաձեռնվել:

Մասնավորապես, Քաղցրաշենի նախագծի և այլ ծրագրային նախագծերի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ ու ներդրումային քայլեր, որոնք կուղղվեն նաև Գառնի համայնքի ոռոգման բարելավմանը: Դրանք բազմիցս քննարկվել են նաև Գառնու գյուղապետարանում և հավանության արժանացել: Առկա ջրային պաշարների արդյունավետ օգտագործման նպատակով առաջիկայում իրականացվելիք Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակներում  նախատեսվում է.

1. Ներդրումային ծրագրերով վերանորոգել Գառնի ջրանցքի շուրջ 6 կմ առավել քայքայված հատվածը, ինչպես նաև ներհամայնքային ոռոգման համակարգը, ինչը կկրճատի ջրի կորուստները և էապես կբարձրացնի Գառնի համայնքի ոռոգելի տարածքների ջրապահովվածությունը:

2.   Քաղցրաշենի ինքնահոս համակարգի տիրույթում գտնվող տարածքներում ջուր խնայող կաթիլային և անձրևացման համակարգեր կտեղակայվեն, ինչը թույլ կտա գրեթե կրկնակի նվազեցնել ոռոգման ջրի պահանջարկը համակարգի գլխամասում:

Կրկին վստահեցնում ենք, որ Քաղցրաշենի ինքնահոս համակարգի նախագծային լուծումները հիմնված են գետի նվազագույն բնապահպանական թողքի պահպանման վրա և մեծագույն ցանկության դեպքում անգամ տեխնիկապես հնարավոր չի լինի խախտել նվազագույն շեմը:

Hetq.am-ի  հրապարակման մեջ կրկին անդրադարձ կար Ազատի կիրճի մշակութային հուշարձաններին:  Կրկին տեղեկացնում ենք, որ` խոսքը ոչ թե մշակութային, այլ բնության հուշարձանների մասին է: Իսկ պահպանության և կառավարման պետական լիազոր մարմին է հանդիսանում ոչ թե ՀՀ մշակույթի նախարարությունը, այլ ՀՀ բնապահպանության նախարարությունը, որի կազմում գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը, Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագծին տվել է դրական փորձաքննական եզրակացություն: Եվս մեկ անգամ փաստում ենք, որ   նախագիծը որևէ բացասական ազդեցություն չի ունենա  «Բազալտե երգեհոն» (կամ որ նույնն է` «Քարերի սիմֆոնիա») բնության հուշարձանի վրա այն պարզ պատճառով, որ չի գտնվում այդ հուշարձանների տարածքում և չի վնասի  նաև կիրճի բնական կենսամիջավայրը: Հեղինակը նշում է, որ Ազատի կիրճում կան նաև ՀՀ բնության հուշարձանների ցանկում ներառված այլ բնության հուշարձաններ ևս և դրանք հաշվի չեն առնվել Քաղցրաշենի ծրագրում: Եթե հեղինակն, այնուամենայնիվ, տրամադրի դրանց տեղադիրքերը, զբաղեցրած տարածքների չափերը և կոորդինատները, որոնք հստակեցված  և որոշված չեն պետական լիազոր մարմնի կողմից, ապա, «Ջրային տնտեսության ԾԻԳ» ՊՀ-ը պատրաստակամ է լրացուցիչ ուսումնասիրությունների:

 Եվ վերջում՝ խնդրով հետաքրքրվող բոլոր լրատվամիջոցներին առաջարկում ենք մեր և  անկախ մասնագետների հետ այցելել նախագծի գոտի, տեղում ծանոթանալ նախագծային մանրամասներին և համոզվել, որ Քաղցրաշենի ծրագիրն ավելի քան կենսունակ և հեռանկարային է: Այս մասնագիտական համոզմունքով էլ «Ջրային տնտեսության ԾԻԳ» ՊՀ-ն հայտարարել է Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման մրցույթը:

[2]) 50% ապահովվածության տարի:

[3]) 75% ապահովվածության տարի:

11:30 Սեպտեմբեր 09, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news