Տավուշում, Լոռիում և Արարատում կհիմնվեն անտառայգիներ

Տավուշում, Լոռիում և Արարատում կհիմնվեն անտառայգիներ

ԷկոԼուր

Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Ֆիոլետովո և Մարգահովիտ և Արարատի մարզի Ուրցաձոր համայքների բնակավայրերում հատապտղի ու պտղատու անտառայգիներ կհիմնվեն: Անտառայիգիների համար արևային էներգիայով սնուցվող պոմպերով կաթիլային ոռոգման համակարգեր կստեղծվեն, կկառուցվեն արևային չորանոցներ և ջերմոցներ, կվերականգնվեն վարելահողերը, արոտավայրերը, դաշտամիջյան ճանապարհները։

Աշխատանքները կիրականացվեն «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակներում Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքներում կլիմայի ազդեցությունը մեղմելու համար: Ծրագրի իրականացման համար ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի հարմարվողականության հիմնադրամը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը տրամադրել է 2,5 միլիոն դոլլարի դրամաշնորհ:

Ինպես տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, ծրագրի մեկնարկային աշխատաժողովի ժամանակ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը նշել է, որ ծրագրի շնորհիվ կնվազեցվի ճնշումը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Դիլիջան» ազգային պարկի վրա։

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրեն Մերուժան Գալստյանն էլ շեշտել է, որ ծրագիրը պիլոտային է, և հետագայում նման ծրագրեր կիրականացվեն նաև այլ ԲՀՊՏ-ների հարակից համայնքներում և խոցելի տարածքներում։

Համայնքների ներկայացուցիչներն իրենց ելույթներում նշել են, որ գյուղացին արդեն այսօր զգում է կլիմայի փոփոխության հետևանքները: Նրանք ակնկալում են, որ ծրագիրը կնպաստի գյուղատնտեսության հարմարվողականության ամրապնդմանը, հողերի դեգրադացիայի կանխմանը։

Շրջակա միջավայրի նախարարության և Դիլիջան, Ֆիոլետովո, Մարգահովիտ և Ուրցաձոր համայնքների միջև ստորագրվել է ծրագրի արդյունքների կայունության ապահովման վերաբերյալ համաձայնագիր:

 

17:32 Սեպտեմբեր 30, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news