Կառավարությունը գնահատում է Արմավիրի կարկտահարության վնասները

Կառավարությունը գնահատում է Արմավիրի կարկտահարության վնասները

ԷկոԼուր

Արմավիրի մարզում օգոստոսի 10-ին տեղի ունեցած կարկտահարության և ուժգին քամու հետևանքով Բամբակաշատ գյուղից զինհաշմանդամ Արկադի Մկրտչյանի ընտանիքը կորցրել է իր հողամասի ամբողջ բերքը: Բացի այդ, ուժեղ քամին պոկել է ընտանիքի տան կտուրը: Արկադի Մկրտչյանի ընտանիքը հայտնվել է սոցիալապես ծանր վիճակում և օգնություն է ակնկալում:

Այս ընտանիքը մեկն է Արմավիրի մարզի 14 համայնքների այն հարյուրավոր ընտանիքներից, որոնք տուժել են ուժեղ կարկտահարությունից: Կարկուտից 100 տոկոս վնաս են կրել հատկապես Բամբակաշատ, Մրգաշատ և Ալաշկերտ համայնքները:

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը երևույթն անվանել է աննախադեպ: «Սա այն աղետի երևույթն է, որը նախնական նայելով հասկանում ենք, որ հակակարկտային կայաններն ազդեցություն չէին ունենալու: Ինքը ցունամիի տեսք ունի նախնական: Սա իսկապես անբնական, անբացատրելի և չտեսնված աղետային երևույթ է Արմավիրի մարզի համար», - «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է մարզպետը:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպել է գյուղացիների հետ, ովքեր ներկայացրել են իրենց կրած վնասի չափերը։ Նրանք օգնություն են խնդրել կառավարությունից: Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ ստեղծված իրավիճակում կառավարությունը գյուղացուն մենակ չի թողնելու: «Նախ ասեմ, որ երկարաժամկետ լուրջ լուծումներ ենք նախատեսում, այդ թվում` գյուղացիական տնտեսությունների ապահովագրում, հակակարկտային համակարգի արդիականացում և ռեալ գործարկում: Բայց նաև ստեղծված իրավիճակում լուծումներ փորձելու ենք տալ, և, իհարկե, աջակցություն լինելու է: Վաղվանից սկսվելու են վնասի գնահատման աշխատանքները և, ըստ այդմ, կվերլուծվի իրավիճակը, պետության հնարավորությունները, և ինչ-որ չափի աջակցություն վստահաբար կլինի»,- ասել է առաջին փոխվարչապետը:

 

19:17 Օգոստոս 13, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news