Հրդեհներ հանրապետությունում. այրվել է 85 հա-ից ավելի խոտածածկ տարածք

Հրդեհներ հանրապետությունում. այրվել է 85 հա-ից ավելի խոտածածկ տարածք

ԷկոԼուր

2020 թ. հունվարի 13-15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում բռնկված հրդեհների հետևանքով այրվել է 85 հա-ից ավելի խոտածածկ տարածք: 

Մասնավորապես՝

Հունվարի 13-ին, ժամը 16:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Նորաշեն-Սարչապետ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տաշիր-Սարչապետ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։45-ին, մարվել՝ 19։00-ին։ Այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից և Սարչապետ գյուղի 10 բնակիչ։

Հունվարի 14-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այրվել է Լոռու մարզի Գուգարք գյուղի 25 հա և Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի 500 քմ խոտածածկույթ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: Գուգարք գյուղում հունվարի 13-ին բռնկվել էր գյուղից դեպի արևելք ընկած սարալանջը: ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ հրդեհը մեկուսացրել էր հունվարի 13-ին երեկոյան ժամը 19։48-ին, մարել՝ հունվարի 14-ի առավոտյան:

Հունվարի 14-ին՝ ժամը 21:58-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորանների մոտակայքում՝ անտառապատ տարածքում, առկա է հրդեհի օջախ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շամախյան թաղամասին հարակից «Արփավուտ» կոչվող հանդամասում: Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 3000 քմ բուսածածկույթ: Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջում չի իրականացվել. սահմանվել է հերթապահություն: Հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են հունվարի 15-ին ժամը 07:00-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:08-ին:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

12:49 Հունվար 15, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news