Բնապահպանական վճարներով Ալավերդիում ճեմուղիներ կվերանորոգեն

Բնապահպանական վճարներով Ալավերդիում ճեմուղիներ կվերանորոգեն

ԷկոԼուր 

2020թ. Լոռու մարզի Ալավերդի համայնքում բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով հատկացվել է 370 միլիոն 994 հազար դրամ գումար: Այս գումարից բնապահպանական միջոցառումների համար նախատեսված է 294 միլիոն 100 հազար դրամ, իսկ առողջապահական միջոցառումների համար՝ 76 միլիոն 894 հազար: 

ԷկոԼուրի հետ զրույցում Ալավերդու «Համայնքնային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Օլեգ Դուլգարյանը նշեց. «Ինչպես 2019թ., այնպես էլ այս տարի այդ գումարն ուղղվելու է ոչ թե բնապահպանական կամ առողջապահական միջոցառումների համար, այլ մեծ մասն ուղղվելու է մայթերի կառուցման համար: Իհարկե, ավագանու որոշ անդամներ դեմ քվեարկեցին, բայց ծրագրերը, միևնույն է, հաստատեցին»:

Ըստ Ալավերդու համայնքապետարանի՝ բնապահպանական միջոցառումների ցանկում ընդգրկվել են բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում, էներգախնայող ԼԵԴ լուսատուների, աղբարկղերի ու հակարակտային կայաննների տեղադրում և այլն: Ամենից մեծ գումարը`130 միլիոն դրամ, ուղղված է համայնքային ճեմուղիների և հենապատերի վերանորոգմանը: Իսկ միակ բնապահպանական բաղադրիչ պարունակող միջոցառումը կանաչապատ տարածքների ընդլայնումն է, որի համար հատկացվել է ընդամենը 2 միլիոն դրամ:

Առողջապահական միջոցառումների իրականացման համար նախատեսված 76 միլիոն 894 հազար դրամ գումարով կիրականացվի նախադպրոցական կրթական հաստատությունների սաներին, հղիներին սննդի հատկացում, բնակիչներին ամառային ճամբարների ու առողջարաննների ուղեգրերի տրամադրում, երեխաների և մեծահասակների համար մարզահրապարակների կառուցում:

Ալավերդի համայնքին հատկացվող բնահպանական վճարները գոյանում են Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից արվող մասհանումներից: 2018 թ. հոկտեմբերին կոմբինատը դադարեցրեց իր աշխատանքը: Օլեգ Դուլգարյանին մտահոգում է այն, որ Ալավերդու պղնձաձուլարանի կողմից վճարվող բնապահպանական գումարներն այս տարի վերջինը կլինեն: «Սա ֆինանսավորման վերջին տարին է: Գործարանը չի աշխատում: Դիմել եմ ավագանուն՝ առաջարկելով ուղերձ հղել ՀՀ կառավարությանը՝ Ալավերդուն հատկացվող վճարների ժամկետը երկարաձգելու պահանջով: Բանն այն է, որ Ալավերդիում գործարանի աշխատանքի դադարեցմանը զուգահեռ բնապահպանական հետևանքները չեն վերացել, խնդիրները՝ չեն լուծվել»,- նշեց Դուլգարյանը:

11:30 Հունիս 04, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news