ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունը դեմ է Սևանա լճից հավելյալ 1 միլիարդ խմ ջուր վերցնելուն: Այս մասին հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մամուլի ասուլիսի ժամանակ: «Մեր դիրքորոշումն այս պահի դրությամբ բացասական է, որովհետև համարում ենք, որ չկա որևէ այլ ավելի հիմնավորված փաստարկ, որ կարելի է 1 միլիարդ խմ ավելի ջուր բաց թողնել Սևանից: Այդ ջրային պաշարը թե տարածաշրջանում, թե Հայաստանում, մեծ հաշվով, համարվում է խոշոր ռազմավարական «ապրանք»: Եթե մենք անգամ այս ջրային ռեսուրսի այլընտրանքային արժեքն ենք նայում, տեսնում ենք, որ այն ավելին է, քան էներգետիկ համակարգով ստացվող էներգետիկ արդյունքը կամ ոռոգման համակարգերի աշխատանքի արդյունքում ձևավորվող գյուղատնտեսական ապրանքների տնտեսական արժեքը: Մյուս կողմից, 1 միլիարդ խմ ջրի էկոլոգիական հետևանքները պետք է մանրամասն ուսումնասիրվեն, ինչը ենթադրում է լրջագույն փորձաքննություն: Ելնելով այս ամենից` մենք մեր բացասական եզրակացությունն ենք տվել», - ասաց Արծվիկ Մինասյանը:
ԷկոԼուրի հարցին՝ հնարավո՞ր է նախարարությունն այս հարցում գնա զիջումների, բնապահպանության նախարարը պատասխանեց. «Ոչ: Քանի դեռ չկա այլ, ավելի մեծ հիմնավորում, որը վերաբերի էկոլոգիական վիճակի բարելավմանը, մենք որևէ զիջման այս պահին պատրաստ չենք»:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հանձնարարական է ուղարկել ՀՀ բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ու գյուղատնտեսության նախարարություններ, որպեսզի համատեղ ներկայացնեն Սևանա լճում կուտակված հավելյալ 1 միլիարդ խմ ջրի առաջիկա 3 տարվա ընթացքում տնտեսապես արդյունավետ օգտագործման լրացուցիչ ծախսերի ֆինանսական գնահատական՝ հաշվի առնելով բնապահպանական խնդիրները և առաջիկայում էներգետիկ ոլորտում կայունացման ֆոնդ ձևավորելու հանգամանքը:
ՀՀ բնապահպանության նախարարությունը բացասական կարծիք է հայտնել և առաջարկել Սևանա լճում կուտակված ջրի պաշարը թողնել անփոփոխ:
Մայիս 10, 2017 at 16:10