Ջրպետկոմի ԾԻԳ-ի բնապահպանության մասնագետ՝ էկոլոգիական թողքը կպահպանի Ազատ գետը

Ջրպետկոմի ԾԻԳ-ի բնապահպանության մասնագետ՝ էկոլոգիական թողքը կպահպանի Ազատ գետը

ԷկոԼուր

«Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի բնապահպանության մասնագետ Մարտիրոս Նալբանդյանը վստահ է, որ Քաղցրաշենի ինքնահոս համակարգի նախագիծը բնապահպանական տեսանկյունից որևէ վտանգ չի ներկայացնում:

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի գլխամասը տեղեկայվելու է Ազատ գետի վրա Ազատ և Գողթ գետերի միախառնման կետից մոտ 1 կմ ներքև: Այստեղից սկիզբ է առնելու խողովակաշարը՝ շուրջ 28 կմ երկարությամբ: Ջուրը տեղափոխվելու է դեպի Արարատի մարզ:

Համակարգը կառուցվելու է Խոսրովի արգելոցի եւ Քարերի սիմֆոնիա բնության հուշարձանի անմիջական հարեւանությամբ: Ազատ գետը Ազատի կիրճի էկոհամակարգի ձեւավորման գլխավոր գործոնն է: Նախագծի ազդեցության գոտում է գտնվում Խոսրովի արգելոցը, Գառնիի ձորը, Քարերի սիմֆոնիան եւ այն համայնքները, որոնք օգտվում են Ազատ գետի եւ Ազատի ջրամբարի ջրերից:

«Վերլուծվել են Հայպետհիդրոմետի տրամադրած վերջին 60 տարվա էկոլոգիական տվյալները, կատարվել է հաշվարկ և հաստատված է, որ ջուրը կբավականացնի Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի գործարկմանը՝ միաժամանակ ապահովելով էկոլոգիական թողքից դեռ մի բան էլ ավել ջրաքանակ գետում: Բնապահպանական տեսանկյունից, համաձայն նախագծային տվյալների, խնդիրներ չենք կարող ունենալ, որովհետև պահպանվում է սահմանված էկոլոգիական թողքը, և որևէ վտանգ չի ներկայացվում», - ասաց Մարտիրոս Նալբանդյանը:

Ինչ վերաբերում է նախագծի ազդեցությանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի վրա, Մ. Նալբանդյանի խոսքով՝ համակարգը արգելոցի հետ որևէ առնչություն չունի:

«Ազատ գետը հանդիսանում է սահման «Խոսրովի անտառ» պետական արգելոցի: Եթե մենք նայենք գետի հոսքի ուղղությամբ, Խոսրովի արգելոցը տեղակայված է գետի ձախ ափին, Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի խողովակաշարը և իր ենթակառուցվածքները տեղակայվում են աջ ափին: Սա մեկ հիմնավորում, որ համակարգը Խոսրովի արգելոցի հետ որևէ առնչություն չունի: Երկրորդը՝ խողովակաշարը (կիրճի մասին է  խոսքը) հիմնականում անցնելու է համայնքային կիրճում այս պահին գործող համայնքային ճանապարհի երկայնքով: Այստեղ կան համայնքի բնակիչներին պատկանող որոշ հողակտորներ, հանգստի փոքր տաղավարներ: Այսպես թե այնպես այս պահին, տարածքը, որին առնչվելու է Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգը, արդեն իսկ ներգրավված է տնտեսական գործունեության մեջ: Հետևաբար, այստեղ բնական տեղամասերի խաթարման կամ արգելոցի հետ առնչության մասին որևէ խոսք չկա, սա միանշանակ է», - նշեց Մարտիրոս Նալբանդյանը:

Ջրպետկոմի ԾԻԳ-ի բնապահպանության մասնագետը նաև համոզված է, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցումից հետո Ազատ գետում սակավաջրության խնդիր չի առաջանալու:

«Եթե մենք խոսում ենք գետի հոսքերի մասին, անընդհատ նշվում է 900 լիտր վայրկյան ջուրը, մի քիչ ավել, մի քիչ պակաս: Իրականում այդ ջրաքանակը նախատեսվում է 1-2 ամսվա ընթացքում, բայց ինքնահոս ոռոգման համակարգը շահագործվելու է տարեկան շուրջ 7 ամիս: Մնացած 5 ամսվա ընթացքում վերցվելու է գետից ընդամենը 200, 300, 400, 500 լիտր ջրաքանակ: Այս առումով նույնպես ռիսկերը պակաս են: Երբ խնդիր բարձրացվեց, որ առկա էկոլոգիական տվյալները որոշ չափով վստահելի չեն և այլն, մենք ընդառաջեցինք Գառնի համայնքի բնակիչների խնդրանք-պահանջին և այժմ նախաձեռնել ենք պարբերական ջրաչափումներ՝ Հայպետհիդրոմետի, Ջրպետկոմի ԾԻԳ-ի մասնագետների և անկախ փորձագետների ներգրավմամբ: Եթե երաշտային տարի լինի, և գետում լինի նվազագույն հոսք կամ քիչ հոսք, նույնիսկ այդ պարագայում գետում միանշանակ առաջնահերթ պետք է պահպանվի բնապահպանական թողքը, նոր դրանից ավել ջրաքանակաները օգտագործվեն Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի համար», - եզրափակեց Մարտիրոս Նալբանդյանը:

ԷկոԼուրի կողմից նշենք, որ էկոլոգիական թողքը ներկայումս հաշվարկվում է կառավարության 2011թ. հունիսի 30-ի թիվ 927-Ն որոշմամբ, որը ենթարկվել է խիստ քննադատության, քանի որ պատճառ է դառնում գետային էկոհամակարգի հավասարակշռության խախտման, ձկնաշխարհի ոչնչացման: Ազատի կիրճը համարվում է կիսանապատային գոտի:

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցումն իրականացվելու է Համաշխարհային բանկի կողմից ֆինանասավորվող «Ոռոգման համակարգի բարելավման ծրագրի» շրջանակներում, որը նպատակաուղղված է Արարատի մարզի «Արտաշատ» ՋՕԸ-ի ենթակայության տակ գտնվող 12 համայնքերում ոռոգման արդյունավետության բարձրացմանը` օգտագործելով Ազատ գետի ջուրը: Ծրագրով Քաղցրաշենի մեխանիկական ոռոգման համակարգը պետք է փոխարինվի ինքնահոսի եւ կխնայվի տարեկան ավելի քան 10 միլիոն կՎտժ էլեկտրաէներգիա:

Զրույցը անցկացվել է հունիսի 12-ին Դիլիջանում տեղի ունեցած  ջրային ռեսուրսների կառավարմանը նվիրված քննարկման ժամանակ:



12:46 Հունիս 17, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news