ԷկոԼուր
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարտի 7-ին քննարկել են Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր: Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, հանձնաժողովը 10-օրյա ժամկետում պետք է ուսումնասիրի Կարբի եւ Օհանավան համայնքներում ոռոգման համակարգի փաստացի իրավիճակը, գնահատականներ ներկայացնի ներքին ցանցի եւ ջրի հասանելիության տեխնիկական վիճակի, հողօգտագործողների եւ ՋՕԸ-ի իրավահարաբերությունների, ոռոգման ջրի նվազագույն պահանջարկի եւ ոռոգման արագահոս համակարգի վերակառուցման նախագծի վերաբերյալ, ինչպես նաեւ բացահայտի հնարավոր խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ առաջարկվող էներգետիկ ծրագրի իրականացման ընթացքում: Հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության նախարարությունների, ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչներ:
Հանձնաժողովի աշխատանքներում կներգրավվեն նաեւ ԱԺ պատգամավորներ, նշված համայնքների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական եւ միջազգային փորձագետներ: Ուսումնասիրության արդյունքներն ու առաջարկությունները հանձնաժողովը կներկայացնի կառավարությանը:
Հիշեցնենք, որ «Գահա էներջի» ընկերությունը սկսել էր փոքր ՀԷԿ կառուցել Արագածոտնի մարզի Արզնի-Շամիրամ դոտացիոն ջրանցքի վրա, ինչը առաջացրել է Օհանավան եւ Կարբի գյուղերի բնակիչների դժգոհությունը: Ջրանցքը ապահովում է համայնքների ոռոգումը: Բնակիչները համոզված են, որ ՓՀԷԿ-ի կառուցումից հետո իրենց խնձորի այգիները չեն կարողանա ոռոգել: Նրանք դեմ են ՓՀԷԿ-ի կառուցմանը: Մարտի 6-ին ՀՀ Արագածոտնի մարզի 7 գյուղերի` Ուշիի, Օհանավանի, Կարբիի, Արտաշավանի, Սաղմոսավանի, Եղվարդի, Երզնկայի բնակիչները փակել էին Երևան-Ապարան ավտոճանապարհը: Բնակիչները պահանջում էին դադարեցնել փոքր ՀԷԿ-ի կառուցումը: Արդյունքում ծանր տեխնիկան դուրս բերվեց շինհրապարակից:
Նշենք, որ «Գահա էներջի» ընկերության ՓՀԷԿ-ի կառուցման նախագիծը բնապահպանական փորձաքննություն չի անցել եւ դրական կամ բացասական եզրակացություն չի ստացել:
Մարտ 07, 2014 at 22:02