Կստեղծվի աշխատանքային խումբ` վերահսկելու Արագածոտնի մարզում ՓՀԷԿ կառուցելու գործընթացը

Կստեղծվի աշխատանքային խումբ` վերահսկելու Արագածոտնի մարզում ՓՀԷԿ կառուցելու գործընթացը

ԷկոԼուր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարտի 3-ին կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Արագածոտնի մարզի Օհանավան եւ Կարբի գյուղերի խնձորի այգիների ոռոգման խնդիրը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հիշեցնենք, որ «Գահա էներջի» ընկերությունը մտադիրը փոքր ՀԷԿ կառուցել մարզի Արզնի-Շամիրամ դոտացիոն ջրանցքի վրա, ինչը առաջացրել է Օհանավան եւ Կարբի գյուղերի բնակիչների դժգոհությունը: Ջրանցքը ապահովում է համայնքների ոռոգումը: Բնակիչները համոզված են, որ ՓՀԷԿ-ի կառուցումից հետո իրենց խնձորի այգիները չեն կարողանա ոռոգել: Նրանք դեմ են ՓՀԷԿ-ի կառուցմանը:

էներգետիկ ծրագրի իրականացման համար ջրօգտագործման թույլտվություն է տրվել միայն այն պայմանով, որ բոլոր ծրագրերն իրականացվեն բացառապես ոռոգման ռեժիմով, ինչպես նաեւ իրականացնող ընկերությունն իր միջոցների հաշվին պետք է վերակառուցի դոտացիոն ջրատարի արագահոս համակարգը` ներկայիս քայքայված համակարգը փոխարինելով ստորգետնյա համակարգով, ինչը կնվազեցնի ջրի կորուստներն ու կբարձրացնի կառավարման արդյունավետությունը: Բնակիչների անհանգստությունը, կապված ոռոգման խնդիրներ ունենալու հետ, ոլորտի պատասխանատուները տեղին չեն համարում, իսկ խողովակի տրամաչափի հետ կապված մտահոգությունը բացատրում են այնպես. «...անկախ դրանց չափից` արագահոս համակարգ է ուղղվում միայն դոտացիոն, ոչ թե «Քասախ» ՋՕԸ-ի համար հատկացվող ջուրը...»:

Փոխվարչապետի առաջարկությամբ կստեղծվի աշխատանքային խումբ, որի կազմում կընդգրկվեն այգիները սպասարկող «Քասախ» ՋՕԸ-ի, ջրառ ընկերության, Օհանավան եւ Կարբի համայնքների եւ էներգետիկ ծրագիրն իրականացնող ընկերության ներկայացուցիչներ` ծրագրի քննարկման եւ իրականացման գործընթացը վերահսկելու նպատակով:

Նա նաեւ նշել է, որ կառավարությունը մտադիր չէ իրականացնել որեւէ ծրագիր, որը կարող է անգամ նվազագույն չափով վնաս հասցնել նշված համայնքներում գյուղատնտեսության զարգացմանը: Նա մեկ անգամ եւս հիշեցրեց, որ Օհանավանի, Կարբիի եւ Ուջանի տարածքում նախատեսվում է տեղադրել յոթ լրացուցիչ հակակարկտային կայանք` բերքը կարկտահարությունից պաշտպանելու համար, իսկ առաջիկա տարիներին ոռոգման համակարգում իրականացվելիք ծրագրերով, մասնավորապես, Եղվարդի ջրամբարի կառուցումով, նախատեսվում է այդ տարածքում զարգացնել գյուղատնտեսությունն ու այգեգործությունը:

13:09 Մարտ 05, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news