Փոխվարչապետի մոտ քննարկել են ՀԷԿ-ի պատճառով հնարավոր ոռոգման խնդիրները

Փոխվարչապետի մոտ քննարկել են ՀԷԿ-ի պատճառով հնարավոր ոռոգման խնդիրները

ԷկոԼուր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Արագածոտնի մարզի Օհանավան եւ Կարբի գյուղերի խնձորի այգիների ոռոգման հետ կապված խնդիրը քննարկել է ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ: Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նշենք, որ օրերս Օհանավանի եւ Կարբի համայնքների բնակիչները www.ilur.am   լրատվական կայքի թղթակցին ահազանգել էին, որ  իրենց 1500հա տարածք զբաղեցնող խնձորի այգիները (հայտնի են «Դեմիրճյանի այգիներ» անունով) սնուցող ոռոգման ջրանցքի վրա նոր ՀԷԿ են կառուցում: Բնակիչները տեղեկացրել էին, որ ըստ որոշ լուրերի, ՀԷԿ-ը պատկանում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` Անդրանիկ Անդրեասյանը Արմեն Գեւորգյանին տեղեկացրել է, որ էներգետիկ ծրագիրը նախատեսվում է իրականացնել Արզնի-Շամիրամի դոտացիոն ջրանցքի վրա, եւ այն այգիների տարածքն սպասարկող «Քասախ» ՋՕԸ-ի կողմից ոռոգման նպատակով վերցվող ջրի հետ կապ չունի: Ծրագրի իրականացմանը համաձայնություն է տրվել միայն այն պայմանով, որ ՀԷԿ-ը պետք է գործի բացառապես ոռոգման ռեժիմով եւ անխափան ոռոգման ապահովման առումով որեւէ դժվարություն չառաջացնի: Բացի այդ, ծրագրի իրականացումը ենթադրում է, որ շահագործումից ի վեր չվերանորոգված ոռոգման արագահոս համակարգը կփոխարինվի փակ համակարգով, ինչը կբարձրացնի ջրի կառավարման արդյունավետությունը: Ա. Անդրեասյանը հավաստիացրել է, որ նախագծային բոլոր լուծումները համաձայնեցվում են համապատասխան կառույցների հետ` հիմքում ունենալով ոռոգման շրջանում ջուրն առաջնահերթ ոռոգմանն ուղղելու պահանջը:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն էլ տեղեկացրել է, որ հողօգտագործման եւ շինարարական աշխատանքների փաստաթղթերը ձեւակերպված են այնպես, որպեսզի համապատասխան աշխատանքներն ավարտվեն մինչեւ գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը, եւ գյուղացիական տնտեսությունների համար դժվարություններ ու նոր խնդիրներ չառաջանան:

Փոխվարչապետը մարզպետին առաջարկել է անձամբ հանդիպել համայնքների բնակիչների հետ, տեղում քննարկել բարձրացված խնդիրները եւ անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնել:

Արձանագրվել է, որ չեն կարող իրականացվել այնպիսի ծրագրեր, որոնք թեկուզ նվազագույն վնաս կհասցնեն գյուղացիական տնտեսություններին: Կառավարությունը ներկայումս քննարկում է նույն այդ տարածքում նոր հակակարկտային կայանքներ տեղադրելու հարցը` նախորդ տարիներին գրանցված կարկտահարությունից բերքը պաշտպանելու համար, հետեւաբար` այդ համայնքներում ոռոգման ջրի ապահովման եւ գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից որեւէ դժվարություն չի կարող ստեղծվել:

Հիշեցնենք, որ Արզնի-Շամիրամ ոռոգման ջրանցքի Կոշ ճյուղի  արագահոսի   վրա էլ «Էյ Քեյ Էյ Ջի» ՍՊԸ-ն նախատեսում է կառուցել «Կոշ» ՓՀԷԿ-ը: Այդ ջրանցքից ոռոգման ջուր են ստանում երեք համայնք՝ Կոշը, Արագածոտնը եւ Նոր Եդեսիան: «Կոշ» ՓՀԷԿ-ի «Բնապահպանական հիմնավորում» փաստաթղթից հետեւում է, որ արագահոսից ոռոգման համար թողնելու են առավելագույնը 0.37մ3/վրկ ջուր: Մինչդեռ ոռոգման համակարգերի ջրապահանջարկի բավարարման նպատակներով ապրիլ-նոյեմբեր ամիսներին ջրանցքի Կոշ ճյուղի արագահոսով տրվում է առավելագույնը  2.32մ3/վրկ ոռոգման    ջուր: Արդյոք ՓՀԷԿ-ը կկառուցվի, եւ արդյոք ոռոգման խնդիրներ կծագեն Կոշի, Արագածոտնի եւ Նոր Եդեսիայի բնակիչների համար, դեռ հայտնի չէ. ՓՀԷԿ-ի նախագիծը դեռ բնապահպանական փորձաքննություն է անցում: 2013թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցան ՓՀԷԿ-ի կառուցման առաջին եւ միակ հասարակական լսումները, որի թերի լինելու պատճառով ԷկոԼուրը ՀՀ բնապահպանության նախարարությունից պահանջել է նոր հասարակական լսումներ անցկացնել:

15:13 Փետրվար 26, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news