ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի արձագանքը՝ համազգային այգին Դալմայի տարածքում հիմնելու քաղաքացիական հասարակության առաջարկին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի արձագանքը՝ համազգային այգին Դալմայի տարածքում հիմնելու քաղաքացիական հասարակության առաջարկին

ԷկոԼուր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստ է քաղաքացիական հասարակության հետ մասնակցել Դալմայի այգիներում կանաչ գոտի ստեղծելու նախագծի մշակմանն ու իրականացմանը։ Այս մասին ս․ թ․ ապրիլի 30-ին հայտնել է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ ի պատասխան համազգային այգի հիմնելու գաղափարը Ծիծեռնակաբերդի տարածքի փոխարեն Դալմայի այգիների տարածքում կյանքի կոչելու՝ քաղաքացիական հասարակության նամակին։ 

Պատասխան նամակում նշված է․

«Հարգելի բարեկամներ,

Շնորհակալ եմ իմ նախաձեռնությանը ձեր արագ, խոհեմ և ուշագրավ արձագանքի համար։ Մեր սիրած քաղաքի յուրաքանչյուր անկյուն արժանի է հոգատար վերաբերմունքի, իսկ բոլորիս երազանքն է Երևանը և Հայաստանը տեսնել զբոսայգիներով, այգիներով ու պուրակներով ողողված։

Մտերիմներս գիտեն, որ ես այս գաղափարի շուրջ մտորել եմ տարիներ շարունակ։ Գաղափար, որը հուզական է աշխարհի բոլոր հայերի համար և կարող է նպաստել պատմական հիշողության պահպանմանը, սերունդների հայեցի դաստիարակմանը, ցեղասպանության թեման ևս մեկ մոտեցմամբ ու տեսանելի ձևակերպմամբ հնչեցնելուն: Եվ այս ամենը ժամանակակից, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ՝ էկոլոգիապես ավելի մաքուր դարձնելով Երևանը, հնարավորություն տալով նրան շնչել, հնարավորություն տալով մեզ շնչել ավելի ազատ ու լիաթոք:

Նմանատիպ կամ այլ նախագծեր հնարավոր է իրականացնել ոչ միայն Երևանում՝ Ծիծեռնակաբերդում, այլև Հայաստանի և Արցախի այլ վայրերում։

Կուզենայի մեկ անգամ ևս անդրադառնալ իմ առաջարկած նախագիծը հենց Ծիծեռնակաբերդում իրականացնելուն։ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը հայության համար նախ և առաջ մեր պատմության ամենաողբերգական էջը հավերժ բաց պահելու պատգամ և խորհուրդ ունի։ Միևնույն ժամանակ, չափազանց կարևոր է թերթել նաև մեր պատմության մյուս՝ Ցեղասպանությանը հաջորդած էջերը։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցումից ի վեր Հայոց ցեղասպանությանն առնչվող նման լայնածավալ նախագիծ թերևս չի իրականացվել: Այս նախագիծը նոր զարկ կհաղորդի Եղեռնի ճանաչման ու դատապարտման գործընթացին։ Միևնույն ժամանակ, Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի հարակից տարածքների օգտագործումը նորարարական եղանակով կնպաստի հուշահամալիրի գրավչության խթանմանը։ Տարածքը կդառնա թանգարան բաց երկնքի տակ, որտեղ կներկայացվեն Հայաստանի պատմությունը ցեղասպանությունից առաջ, հայկական սփյուռքի պատմությունը և, իհարկե, նորօրյա Հայաստանի պատմությունը։

Ծրագրի հատկանշական տարրերից է այն, որ, մի կողմից, կպահպանվի Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի զուսպ կերտվածքը, մյուս կողմից՝ դրա սահմաններից դուրս այցելուն կհայտնվի մեկ այլ աշխարհում, որը կներկայանա որպես հիասքանչ զբոսայգի, պատմական առնչություններով լի հանգստի գոտի, բայց նաև կլինի ուսուցողական վայր։ Սա ինքնին խորհրդանշական է՝ հայերը չեն մոռանում անցյալը, բայց ապրում են ներկայով ու շարժվում առաջ։

Զբոսայգու առաջին հատվածը նվիրված կլինի Արևմտյան Հայաստանի պատմական գավառներին՝ Էրզրում, Վան, Խարբերդ, Բիթլիս, Դիարբեքիր, Սվազ... Ճարտարապետական և գեղարվեստական, ինժեներական և դիզայներական նորագույն լուծումներով կներկայացվեն յուրաքանչյուր գավառի պատմությանն առնչվող նյութեր և պատկերներ։

Այնուհետ այցելուն կհայտնվի բոլորովին այլ միջավայրում․ այստեղ կներկայանա Ցեղասպանությունից հետո ամբողջ աշխարհով սփռված հայ պանդուխտների և նրանց սերունդների պատմությունը։ Տեխնիկական զանազան միջոցներով կներկայացվի հայկական գաղութների հոգևոր, կրթական և մշակութային կյանքը պատմական հայրենիքից դուրս՝ Ամերիկայում, Եվրոպայում, Ռուսաստանում, Ավստրալիայում, Մերձավոր Արևելքում և այլուր։

Հայ Պարկի երրորդ հատվածը նվիրված կլինի մերօրյա Հայաստանին՝ կրթական ու մշակութային  կոթողներով, պատմության անմոռանալի դրվագներով, գիտական մտքի թռիչքով, փառավոր ռազմական հաղթանակներով և ապագային ուղղված հայացքով։

Այս ամենը կստեղծվի և կապրի զբոսայգու հսկայածավալ տարածքում։ Զբոսայգին կլինի նաև բուսաբանական արգելոց, որտեղ, ի հիշատակ մեր անմեղ նահատակների, կտնկվի 1,5 միլիոն ծառ: Կներկայացվեն մեր պատմական հայրենիքի բնաշխարհը և պատմական Հայաստանի տարածքին բնորոշ բուսականությունը։

Վերը նշված պատմամշակութային նշանակությունից բացի, նախագիծն ունի նաև հսկայական տնտեսական բաղադրիչ: Այն կստեղծի բազմաթիվ աշխատատեղեր՝ ժամանակավոր և մշտական, հնարավորություն կտա զբոսայգու ստեղծման գործում ներգրավել ամբողջ հայության ստեղծագործ տաղանդն ու եռանդը։

Նման հսկայածավալ նախագիծը պահանջում է բոլորիս՝ մեր պետության, մեր ժողովրդի, եկեղեցու, օտարերկրյա մեր բարեկամների ջանքերի միավորումը։ Ակնկալվում է, որ պետությունը կտրամադրի տարածքը և հնարավորինս կաջակցի զբոսայգու ստեղծման աշխատանքներին։ Հայության բոլոր հատվածները՝ տարբեր կերպ իրենց եռանդուն մասնակցությունը կունենան այս համահայկական նախագծի իրականացմանը։ Օտարերկրյա մեր բարեկամները նույնպես հնարավորություն կունենան մասնակցելու  ցանկացած եղանակով՝ ֆինանսական, փորձագիտական, տեխնիկական օժանդակությամբ և այլն։ Պատմական Հայաստանի տարածքներից սերած հայերը, Սփյուռքի մեր հայրենակիցները կարող են «որդեգրել» իրենց նախնիների հողի մի կտորը և շենացնել այն։ Կարծում եմ՝ կարող ենք նաև ամբողջ տարածքը, հատված առ հատված, հանձել մեր ԲՈՒՀ-երի,  ինչու չէ՝ նաև դպրոցների, քոլեջների, նույնիսկ նախակրթարանների խնամակալությանը։ Տարածքի խնամակալները կխնամեն իրենց տնկած ծառերն ու բուսականությունը։ Դա նախ և առաջ  հոգատարության և նվիրվածության խնդիր է։ Երբ ուսանողներն ու դպրոցականները տեսնեն, թե ինչպես է նաև իրենց ջանքերով ծաղկում Հայ Պարկը, վստահ եմ՝ կունենանք սերունդ, որը բնությանը, բնապահպանությանը կվերաբերվի շատ ավելի հոգատար, շատ ավելի պահանջատիրական եղանակով։

Եթե մենք՝ բոլորս, յուրաքանչյուրս մեր ուժերի և կարողությունների չափով մասնակցենք այս նախագծի իրականացմանը, մենք կունենանք բացառիկ, նմանը չունեցող Հայ Պարկ՝ համազգային հայկական  այգի։

Ինչ վերաբերում է ձեր առաջարկին. Դալմայի այգիների տարածքին, անկասկած, պետք է հատկացվի հատուկ ուշադրություն, քանի որ այն, ինչպես նշել եք ձեր նամակում, պարզ տարածք չէ, այլ՝ ինքնին պատմական վայր, որը կրում է մեր հազարամյա քաղաքակրթության հետքերն ու ապացույցները։

Լիովին կիսում եմ ձեր մտահոգությունը Դալմայի ճակատագրով և կարծում եմ, որ Դալմայի այգիները կարող են դառնալ մեկ այլ հիասքանչ կանաչ գոտի, որում հոգատար զգուշությամբ կպահպանենք ու կներկայացնենք հազարավոր տարիների պատմություն ունեցող մեր նախնիների գյուղատնտեսական, այգեգործական և գինեգործական գործունեության վկայությունները։

Միևնույն ժամանակ, կանաչ գոտուց բացի այն կարող է դառնալ նաև թանգարան, որը  կարող է նվիրված լինել Հայաստանի ապագային՝ երիտասարդությանը։

Դալմայի այգիների կանաչապատումը և Երևանում «բաց երկնքի տակ» մեկ այլ թանգարան, նաև «կանաչ թոքեր» ստեղծելը կարող է դառնալ մեր հաջորդ համատեղ ծրագիրը։ Պատրաստ եմ ձեզ հետ միասին մասնակցել այդ նախագծի մշակմանը և իրականացմանը»:

Նախագահին ուղղված նամակ-կոչի համահեղինակ, «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարի Չաքրյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ նախագիծը պետք է ներառի Դալմայի այգիների պահպանության և վերականգնման խորհուրդը․«Մենք ունենք մեր տեսլականը։ Մոտ օրերս նախնական նախագիծ պետք է մշակենք, որպեսզի ներկայացնենք նախագահին և քննարկենք այն միասին»։

Հիշեցնենք, որ Բնապահպանական հանրային դատարանը քննել է «Երևանի Դալմայի այգիների շարունակական զավթման վերաբերյալ» գործը, և Դալմայի այգիների առնչությամբ թույլ տրված օրինախախտումները, որոնք խաթարել են Երևանի էկոլոգիական անվտանգությունը, հանգեցրել են էկոհամակարգերի և պատմամշակութային օբյեկտների ոչնչացմանը, նպաստել են սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը, խախտել են Երևանի բնակիչների էկոլոգիական, ինչպես նաև Դալմայի այգիների հողօգտագործողների իրավունքները, ինչի արդյունքում պատճառվել է անդառնալի էկոլոգիական, մշակութային և առանձնապես խոշոր չափերի տնտեսական վնաս, ճանաչել որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն:

Բնապահպանական հանրային դատարանի վճիռն ուղարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ դատախազ Արթուր Դավթյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Մայիս 04, 2020 at 13:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր