Տեսչական մարմնի ղեկավարը կոծկո՞ւմ է ապօրինությունները. նախկին աշխատակիցը դիմում է ՀՀ վարչապետին

Տեսչական մարմնի ղեկավարը կոծկո՞ւմ է ապօրինությունները. նախկին աշխատակիցը դիմում է ՀՀ վարչապետին

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կենսաբազմազանության վերահսկողության վարչության Կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի արդեն պաշտոնանկ պետ Արթուր Բեգլարյանը պնդում է՝ ԲԸՏՄ-ի ղեկավար Վիգեն Ավետիսյանը կոծկում է ապօրինի ծառահատումների դեպքը:

Ըստ Արթուր Բեգլարյանի՝ Վիգեն Ավետիսյանը 2020 թ-ի փետրվարի 28-ին ազատել է իրեն զբաղեցրած պաշտոնից հենց այն պատճառով, որ նա իրավապահ մարմիններին է տրամադրել կոծկվող ապօրինությունների մասին տեղեկատվությունը:

Դեպքը կապված է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ապօրինի ծառահատումների հետ: Ըստ Արթուր Բեգլարյանի՝ 2019 թ-ի օգոստոսի 21-ին Վիգեն Ավետիսյանի հանձնարարականի հիման վրա իրականացվել է ստուգում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում: Ստուգմամբ բացահայտվել է, որ ապօրինի ծառահատումների հետևանքով բուսական աշխարհին հասցվել է 28 021 000 ՀՀ դրամի վնաս, ինչի մասին զեկուցվել է Վիգեն Ավետիսյանին, որպեսզի նա ստուգման նյութերը հանձնի իրավապահ մարմիններին: Սակայն 2020 թ-ի հունվարի 21-ին Արթուր Բեգլարյանը տեղեկացել է, որ նյութերն իրավապահ մարմիններին չեն տրամադրվել: Նա նշում է, որ ապօրինի հատված ծառերի կոճղերն արդեն ձյան տակ են, և տեսչական մարմնի ղեկավարի անգործության հետևանքով կա խախտումները հիմնավորող ապացույցների կորստի ռիսկ: Դեպքի մասին ս.թ. հունվարի 30-ին Արթուր Բեգլարյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Դիմում նաև ներկայացված է մեկ այլ դեպք այն մասին, որ 2019 թ-ի նոյեմբերի 18-ին Լոռու մարզի դատախազ Գարեգին Մանուկյանը Տեսչական մարմնի ղեկավարին գրությամբ հայտնել է, որ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում դեռևս 2019 թ-ի հունիսի 3-ին որոշում է կայացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լալվարի անտառտնտեսություն մասնաճյուղի Շամլուղի անտառպետության թիվ 3 պահաբաժնի տարածքում մասնագիտական ստուգում նշանակել, իսկ կայացված որոշումը կատարման համար ուղարկվել է տեսչական մարմին, սակայն մինչ օրս եզրակացությունը չի ստացվել։ 2019 թ-ի օգոստոսի 19-ին վարույթն իրականացնող քննիչը ուղարկած գրությամբ խնդրել է տեղեկատվություն տրամադրել նշանակված մասնագիտական ստուգման արդյունքների վերաբերյալ, որի կապացկությամբ նույնպես որևէ պատասխան չի ստացվել։ Մասնագիտական ստուգմամբ առաջադրված հարցերը վերաբերել են ընդամենը 20 ծառ ուսումնասիրելուն, ինչը տեսչական մարմնի աշխատակիցների կողմից չի կատարվել շուրջ 5 ամսվա ընթացքում, որի հետևանքով ձգձգվել են նախաքննության օրենքով սահմանված ժամկետները։ Լոռու մարզի դատախազը նշել է, որ անհրաժեշտ է հանձնարարել սեղմ ժամկետում կատարել որոշման պահանջները, իսկ արդյունքները տրամադրել վարույթն իրականացոնղ մարմնին: Արթուր Բեգլարյանը հայտնում է, որ առաջարկել է իրականացնել ստուգումը, սակայն տեսչական մարմնի ղեկավարի կողմից դրա կատարումն անհասկանալի պատճառներով խոչնդոտվել է:

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ Արթուր Չախոյանի կողմից հանձնարարվել է ստուգել դիմումում նշված հանգամանքները: Ս.թ. փետրվարի 28-ին կայացվել է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով թիվ 13102320 քրեական գործը հարուցելու և վարույթ ընդունելու մասին որոշումը: Հենց այդ օրն էլ Վիգեն Ավետիսյանը Արթուր Բեգլարյանին պաշտոնանկ է արել: Բեգլարյանը սա որակում է որպես հաշվեհարդար, և աշխատանքից ազատելու մասին հրամանը բողոքարկում է ՀՀ վարչապետին:

Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը հայտնել է, որ վարչապետը տեսչական մարմնի ղեկավարի վերադասն է, այլ ոչ թե անմիջական ղեկավարը, իսկ տեսչական մարմնի ղեկավարն անմիջական ղեկավար չունի: Ըստ այդմ, վարչապետը այդ շրջանակում բողոքներ քննարկելու, դրանք բավարարելու կամ մերժելու լիազորությամբ օժտված չէ: Վարչապետի աշխատակազմից Արթուր Բեգլարյանին առաջարկել են դիմել դատարան։

«Ստացվում է, որ ՀՀ վարչապետի կողմից նշանակված պաշտոնյան կարող է ընդունել ցանկացած ապօրինի որոշում, ինչն անհնար է բողոքարկել ՀՀ վարչապետին, փոխարենը մնում է արդարություն ակնկալել դատարանից, որը երկարատև և ծախսատար գործընթաց է», - նշում է պաշտոնանկ Արթուր Բեգլարյանը։

 

16:05 Մարտ 17, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news