Նուբարաշենի նոր աղբավայր կառուցող ընկերության անունը հայտնի կդառնա տարեվերջին

Նուբարաշենի նոր աղբավայր կառուցող ընկերության անունը հայտնի կդառնա տարեվերջին

ԷկոԼուր

Նուբարաշենի նոր աղբավայր կառուցող ընկերության անունը հայտնի կդառնա 2019 թվականի վերջին: Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ պատասխանելով «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հարցին, թե երբ է նախատեսվում նոր աղբավայր կառուցել:

«Երևանում աղբավայրի կառուցման նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է, մի քանի անգամ մրցույթը երկարաձգվել է, որպեսզի հնարավորություն տրվի բոլոր ցանկացողներին մասնակցել: Մրցույթը կայացել է, ունենք 7 մասնակից, այժմ իրականացվում է նրանց գնահատումը»,- ասել է Հայկ Սարգսյանը:

Նշենք, որ նոր աղբավայրը գտնվելու է Նուբարաշենի գործող աղբավայրի անմիջապես կողքին և զբաղեցնելու է մոտ 29 հեկտար տարածք, որից 20,55 հեկտարն անտառային տարածք է: Աղբավայրը կառուցվելու է այն անտառային հողերի վրա, որի վերականգնման համար ՀՀ կառավարությունը 59 միլիոն դրամ է տրամադրել:

Աղբավայրը տարեկան ընդունելու է 300 000 տոննա ծավալով թափոն, շահագործվելու է 28 տարի: Սակայն աղբի վերամշակում նախատեսված չէ: Սա այն դեպքում, երբ աղբավայրի կառուցման համար նախատեսված է ծախսել 26 միլիոն եվրո, որից 16 միլիոն եվրոն վարկի տեսքով տրամադրել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Եվրոպական ներդրումային բանկը, իսկ ևս 10 միլիոն եվրո դրամաշնորհի տեսքով Եվրոպական Միությունը և Արևելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության և Շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամը:

Երևանի աղբավայրի խնդիրների և այն մասին, թե ինչի վրա է ծախսվելու այդ 26 միլիոն եվրոն դիտեք ԷկոԼուրի՝ 2017 թ-ին պատրաստած տեսանյութում:



11:19 Նոյեմբեր 28, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news