Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա թեման «Օդի աղտոտումն» է

Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա թեման «Օդի աղտոտումն» է

ԷկոԼուր

Հունիսի 5-ին աշխարհը տոնում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը: Այս տարվա թեման է «Օդի աղտոտումը»: ՄԱԿ-ի համաձայն՝ օդի աղտոտվածության հետևանքով աշխարհում տարեկան մահանում է 7 միլիոն մարդ, որից 4 միլիոնը՝ Ասիական-խաղաղօվկիանոսյան շրջանում: 2019թ-ի Շրջակա միջավայրի օրը կոչ է արվում կառավարություններին, արդյունաաբերությանը, հասարակությանը և քաղաքացիներին միավորվել՝ ուսումնասիրելու վերականգնվող էներգետիկայի և «կանաչ» տեխնոլոգիաների հնարավորությունները, լավացնելու աշխարհի քաղաքներում և շրջաններում մթնոլորտային օդի որակը:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ աշխարհի բնակչության 92 %-ը մաքուր օդ չի շնչում:
Օդի աղտոտվածությունը տարեկան գլոբալ տնտեսության վրա 5 տրիլիոն ԱՄՆ դոլլար է արժենում սոցիալական կարիքների համար ծախսերում: Կանխատեսումների համաձայն՝ մինչև 2030 թվականը գետնամերձ օզոնով աղտոտվածությունը կհանգեցնի հիմնական գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության անկման 26%-ով:

Հայաստանը ևս անմասն չի մնում օդի աղտոտվածության խնդրից: Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում վնասակար նյութերի արտանետումների վերջին տվյալները 2017 թվականի են: Ըստ այդմ՝ վնասակար նյութերի արտանետումները մթնոլորտ 2017 թվականին կազմել են 291.1 հազ.տ, որի 51.5%-ը բաժին է ընկել արտանետման շարժական, 48.5%-ը` անշարժ աղբյուրներին: Արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը կազմել է 141.3հազ.տ, անշարժ աղբյուրների քանակը՝ 3 334, որոնց 74.4%-ն ունեցել են սահնային թույլատրելի հաստատված չափորոշներ: Արտանետման անշարժ աղբյուրներից անջատված վնասակար նյութերի քանակը կազմել է 239.7 հազ.տ, որի 41.1% որսվել է, իսկ մնացած 58.9%-ը` արտանետվել է մթնոլորտ:

Անշարժ աղբյուրներից արտանետումների քանակով առաջին տեղը 2017թ-ին զբաղեցրել է Լոռու մարզը՝ 47 060.4 տոննա արտանետում, որից ոչ մի տոննա չի որսվել: Երկրորդ տեղում Կոտայքի մարզն է: Այս մարզում արտանետվել է 32 126.2 տոննա վնասակար, նյութ, որից որսվել է 9 027.0 տոննան, մթնոլորտային արտանետումների քանակը կազմել է 23 099.2 տոննա: Մթնոլորտային օդի աղտոտվածության քանակով 3-րդը Տավուշի մարզն է, որտեղ արտանետվել է 21 523.8 վնասակար նյութ, որից ոչ մի տոննա չի որսվել: Չորրորդ տեղում Երևանն է: Մայրաքաղաքում 2017թ-ին արտանետվել է 19 780.4 տոննա վնասակար նութ, որից որսվել է ընդամենը 2 847.0 տոննան:
Վնասակար նյութերի արտանետումների որսման առումով առաջատարը Արարատի մարզն է: Այստեղ արտանետված 75 064.5 տոննա վնասակար նյութից որսվել է 72 062.7 տոննան:

Շարժական աղբյուրներից մթնոլորտ արանետված վնասակար նյութերի քանակը 2017թ. կազմել է 149.8հազ.տ: Դրանց մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել ածխածնի օքսիդը` 108.7հազ.տ կամ ընդհանուր արտանետումների 72.6%-ը, ցնդող օրգանական միացությունները` 24.7հազ.տ կամ 16.5%, ազոտի օքսիդները` 15.8 հազ.տ, կամ 10.6 %:

13:31 Հունիս 05, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news