Երևան քաղաքի դատախազը դիմել է լիազոր մարմիններին՝ պարզելու Դալմայի այգիներում 19-րդ դարի գինու հնձանի ոչնչացման գործում պաշտոնյաների կատարած խախտումների հանգամանքը

Երևան քաղաքի դատախազը դիմել է լիազոր մարմիններին՝ պարզելու Դալմայի այգիներում 19-րդ դարի գինու հնձանի ոչնչացման գործում պաշտոնյաների կատարած խախտումների հանգամանքը

ԷկոԼուր 

Դալմայի այգիներում շինարարության ընթացքում 19-րդ դարի գինու հնձանի ոչնչացման կապակցությամբ Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդագրեր է հասցեագրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին և  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Դատախազությունը պարզել է, որ  լիազորված մարմնի կողմից պատմամշակութային արժեք ունեցող անշարժ հուշարձանները ժամանակին չբացահայտելու պատճառով է, որ կատարված շինարարական աշխատանքների ընթացքում ոչնչացվել է գինու հնձանը, որն ակնհայտորեն կարող էր հանդիսանալ նույն տեղանքում հայտնաբերված նմանատիպ և հետագայում պատմամշակութային հուշարձան ճանաչված տեղական նշանակության հուշարձաններից մեկը: Երևանի դատախազը միջնորդել է ուսումնասիրությունների միջոցով պարզել իրենց պարտականությունները կատարելիս համապատասխան պաշտոնատար անձանց կողմից խախտումներ թույլ տալու հանգամանքը և քննարկել վերջիններիս պատասխանատվության ենթարկելու հարցը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը։

Միջնորդագրով նաև նշվել է պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների հայտնաբերման, հաշվառման և պահպանման ոլորտի կարգավորումները վերանայելու անհրաժեշտությունը, որպեսզի ապահովվի իրականում հուշարձանի արժեք ունեցող օբյեկտների հայտնաբերումն ու դրան համապատասխան կարգավիճակ տալը՝ հետագայում այդպիսի օբյեկտների հնարավոր վնասումը բացառելու նպատակով: 

Դալմայի այգիներում «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից շինարարական աշխատանքների  ընթացքում է վնասվել 19-րդ դարի գինու հնձանը: Այս դեպքի առնչությամբ  հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Սակայն քրեական գործի նյութերում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունից դատախազությունը պարզել է, որ թեպետ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացության տվյալներով նշված տարածքում հուշարձաններ և պահպանման գոտիներ առկա չեն եղել, սակայն նշված տարածքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները հայտնաբերել են պատմամշակութային արժեք ներկայացնող օբյեկտներ, որոնց պետական հաշվառման փաստաթղթերը կազմվել և ներկայացվել են նախարարություն:

Նորահայտ հուշարձանախմբին, որը ներառում է թվով 7 պատմամշակութային միավոր` տեղական նշանակության հուշարձաններ` դամբանաթումբ, մառան և 19-րդ դարի թվով 5 հնձան, նախարարության փորձագիտական հանձնաժողովի կողմից տրվել էր հանրապետական նշանակության կարգավիճակ:

«Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Մ.Մելքոնյան փողոցին հարակից հատվածում` Դալմայի այգում, իրականում առկա են եղել պատմամշակութային արժեք ներկայացնող, հուշարձանի կարգավիճակին արժանի և հետագայում նաև այդպիսի կարգավիճակ ստացած օբյեկտներ, այդ թվում` գինու հնձաններ: Վերջիններս վերը նշված տարածքում հողի նպատակային նշանակությունը փոխելու, վարձակալության հանձնելու, շինթույլտվություններ տալու գործընթացում չեն հայտնաբերվել, ամենայն հավանականությամբ ոչ պատշաճ դիտարկման արդյունքում, կամ՝ թեև հայտնաբերվել են, սակայն քանի որ ընդգրկված չեն եղել պատմամշակութային հուշարձանների ցուցակում, արձանագրվել է, որ տարածքում հուշարձաններ չկան: Հայտնաբերված այդ օբյեկտների պատմամշակութային հնարավոր արժեքն անտեսվել է, դրանք ուսումնասիրելու, համապատասխան կարգավիճակ տալու, շինթույլտվություններ չտալու կամ այլ կերպ տալու հարց չի բարձրացվել»,- նշված է Դատախազության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Բնապահպանական հանրային դատարանը քննել է «Երևանի Դալմայի այգիների շարունակական զավթման վերաբերյալ» գործը, և Դալմայի այգիների առնչությամբ թույլ տրված օրինախախտումները, որոնք խաթարել են Երևանի էկոլոգիական անվտանգությունը, հանգեցրել են էկոհամակարգերի և պատմամշակութային օբյեկտների ոչնչացմանը, նպաստել են սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը, խախտել են Երևանի բնակիչների էկոլոգիական, ինչպես նաև Դալմայի այգիների հողօգտագործողների իրավունքները, ինչի արդյունքում պատճառվել է անդառնալի էկոլոգիական, մշակութային և առանձնապես խոշոր չափերի տնտեսական վնաս, ճանաչել որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն:

 Բնապահպանական հանրային դատարանի վճիռն ուղարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ դատախազ Արթուր Դավթյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

17:00 Մարտ 25, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news