Բնապահպանության նախարարությունն ուսումնասիրում է Սևանա լճի էկոհամակարգի վրա ջրբացթողումների հետևանքները

Բնապահպանության նախարարությունն ուսումնասիրում է Սևանա լճի էկոհամակարգի վրա ջրբացթողումների հետևանքները

ԷկոԼուր

Սևանա լիճը 2017թ-ին գրանցած իր ամենաբարձր 1900.91մ նիշից իջել է 37 սմ-ով և նախորդ տարվա նույն օրվա մակարդակից ցածր մակարդակ ունի:

«Այս պահի դրությամբ Սևանա լճում ունենք 3 սմ անկում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, բայց ակնկալում ենք, որ տեղումների միջոցով հնարավոր է որոշակի վիճակ շտկվի»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Նախարարի խոսքով՝ ներկայումս ՀՀ բնապահպանության նախարարությունն իրականացնում է մշտադիտարկում՝ պարզելու Սևանա լճի էկոհամակարգի վրա ջրբացթողումների ունեցած հետևանքները:

Անդրադառնալով լճից նախատեսվածից շատ ջուր բաց թողնելու մասին լուրերին և փորձագիտական հաշվարկներին, որոնց համաձայն Սևանա լճի ջուրը նվազել է 481 միլիոն խմ-ով` նախարարը նշեց, որ միջին հաշվով Սևանա լճից տարեկան կտրվածքով 1-2 միլիարդ խմ ջրի գոլորշիացում է լինում, օրական` նվազագույնը 1 միլիոն խմ:

Պաշտոնապես ոռոգման նպատակով Սևանա լճից բաց է թողնվել 266.757 միլիոն խմ ջուր: Բնապահպանության նախարարը նշեց, որ կա լուրջ խնդիր Սևանից բաց թողնվող ջրի կորուստների մասով: «Այդ ջրառը, երբ վերցնում են, արդյունավետորեն մինչև վերջ տեղ չի հասնում, կորուստը չափազանց մեծ է: Մեր առաջարկն է եղել Հայաստանում ձևավորվող շուրջ 11 միլիարդ խմ ջրից ամբարել ավելի շատ ջուր և այն ճիշտ օգտագործել ոռոգման համար, իսկ Սևանը, որպես քաղցրահամ ջրային պաշար, կարողանալ պահպանել և ապահովել առաջանցիկ զարգացում», - նշեց նախարարը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը ՀՀ կառավարություն պետք է ներկայացնի ներդրումային ծրագրեր, որոնք կիրականացվեն Սևանա լճից լրացուցիչ ջրառի արդյունքում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված շահույթով: Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցինք, թե բնապահպանության նախարարությունն այս հարցում բանակցել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ, Սևանա լճի հաշվին ստացված շահույթից միջոցներ կուղղվեն լճի էկոհամակարգի վերականգնման համար:
Նախարարը պատասխանեց. «Ոչ, մենք սպասում ենք իրենց առաջարկին»:

18:53 Սեպտեմբեր 26, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news