ԷկոԼուր
Ապրիլի 2-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության առաջարկած շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը սահմանափակող օրինագծին:
Օրինագծով առաջարկվում է. «4. Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա»:
Այս օրենսդրական նախաձեռնությունը քննադատության արժանացավ հասարակության կողմից:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանն այն որակեց «հասարակության կողմից մերժված անգրագետ նախագիծ».
«Բնապահպանության նախարար, այս նեղ պահին դուք ձեզ ճիշտ չեք պահում։ Երբ բոլորը զբաղված են, դուք գաղտագողի կառավարության նիստի օրակարգ եք բերում քաղաքացիական հասարակության կողմից մերժված մի անգրագետ նախագիծ՝ առաջարկելով փոփոխել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը։
Ո՞րն է սրա հրատապությունը, կարևորությունը, իմաստը, նպատակը քաղաքացու համար՝ այս պահին սա ընդունելու։
Ի դեպ, բոլոր նախկին կառավարություններն էլ ուզել են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը փոխել։ Վստահ էինք, այս կառավարությունը տարբեր է։
Այս նախագիծը չի անցել պատշաճ հանրային քննարկում, չի ստացել քաղաքացիական հասարակության հավանությունը, ավելին, այն արժանացել է խիստ քննադատության։ Մեր կարծիքը պարտավոր եք լսել», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Շուշան Դոյդոյանը:
Օրինագծի վերաբերյալ թվիթերյան իր էջում հայտարարություն է տարածել Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը՝ նշելով, որ կառավարության կողմից շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվության սահմանափակումը ոտնահարում է իշխանությունների ընդունած թափանցիկության սկզբունքը։
Մեր կողմից հավելենք, որ շրջակա միջավայրի նախարարության հղումները Օրհուսի կոնվենցիային և տեղեկատվության մատչելիության սահմանափակման հիմնավորմանը արդարացված չեն: Նախարարությունն անտեսել է այն փաստը, որ բնապահպանական կարևոր տեղեկատվության հասանելիությունը նպաստում է Օրհուսի կոնվենցիայի հիմնական առաքելության կատարմանը՝ հասարակության լիարժեք մասնակցությանը որոշումների ընդունման գործընթացին: Հենց այս առաքելությունն է դառնում առավել մեծ խնդիր նախարարության և պատասխանատու այլ գերատեսչությունների հետ երկխոսության ընթացքում, մասնավորապես, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ:
Տեսչական մարմնի պաշտոնական կայքում հրապարակվում է ոչ լիարժեք տեղեկատվություն, միևնույն ժամանակ, ի պատասխան կոնկրետ փաստաթղթերի տրամադրմանը վերաբերող հարցումների, լիազոր մարմինը հաճախ պատասխանում է մերժումով:
Շրջակա միջավայրի նախարարությունը մերժում է լրագրողներին լիարժեք մասնակցել ջրօգտագործման թույլտվությունների վերաբերյալ հանրային լսումներին՝ առաջարկելով նրանց տեղեկատվություն ստանալ մամուլի քարտուղարից, ով կարող է և չմասնակցել լսումներին:
Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դադարեցրել է ինտերակտիվ հաղորդակցությունը սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հնչող ահազանգերի վերաբերյալ, և արձագանքում է միայն այն ահազանգերին, որոնք ուղարկվում են տեսչության պաշտոնական հասցեին:
Ապրիլ 03, 2020 at 14:41