Արտակարգ դրության ընթացքում մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջի խախտման համար սահմանվեցին պատժամիջոցներ

Արտակարգ դրության ընթացքում մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջի խախտման համար սահմանվեցին պատժամիջոցներ

ԷկոԼուր

ՀՀ Ազգային ժողովը մարտի 23-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց արտակարգ դրության ընթացքում մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջի խախտման համար սահմանված պատժամիջոցների օրենսդրական փաթեթը: Փաթեթն ընդունվեց միաձայն՝ 117 կողմ ձայնով:

Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» և «Քրեական օրենսգրքում» սահմանվեցին «մեկուսացում» և «ինքնամեկուսացում» հասկացությունները:

Մեկուսացում համարվում է անձանց, այդ թվում հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

Ինքնամեկուսացում համարվում է անձանց, այդ թվում հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

Գործող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» 182.3-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ որպես զանցանք նախատեսելով լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

«ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով թիրախավորվում է երկու օբյեկտ՝ մարդու առողջությունը և բնակչության առողջությունը: Ըստ այդմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի «Կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունները» վերտառությամբ 16-րդ գլուխը լրացվեց նոր՝ 124.1- ին հոդվածով՝ քրեական պատասխանատվություն նախատեսելով նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելու համար: Ընդ որում՝ եթե արարքը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ կամ անչափահասի նկատմամբ կամ ակնհայտ հղի կնոջ նկատմամբ կամ անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, ապա դրանք կդիտարկվեն որպես արարքը ծանրացնող հանգամանքները:

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ նախագծերի ընդունմամբ ապահովվում է արտակարգ դրության իրավական ռեժիմի պատշաճ կատարումը, ստեղծվում անհրաժեշտ նախադրյալներ մարդու առողջության և բնակչության առողջության դեմ ուղղված ոտնձգությունների նկատմամբ համարժեք գնահատական տալու համար:

 

17:44 Մարտ 23, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news