ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ապօրինի ծառահատումների և անտառները ոչնչացնելու համար քրեական և վարչական պատասխանատվությունը խստացնելու մասին նախագիծ

ԱԺ-ն  առաջին ընթերցմամբ ընդունել է  ապօրինի ծառահատումների և անտառները ոչնչացնելու համար քրեական և վարչական պատասխանատվությունը խստացնելու մասին նախագիծ

ԷկոԼուր

Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է անտառները ոչնչացնելու, ապօրինի ծառահատումների համար քրեական և վարչական պատասխանատվությունը խստացնելու մասին նախագիծ: ՀՀ կառավարության հեղինակած նախագիծը ներկայացրել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Ըստ ԱԺ-ի պաշտոնական կայքի՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով ավելացվել են ծառերը, թփերը առանց թույլտվության տեղափոխելու վերաբերյալ հոդվածը, ինչպես նաև համայնքային սեփականություն համարվող անտառների հետ կապված իրավահարաբերությունները, նույն արարքը մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ կրկնելու դեպքում վարչական տույժից հետո քրեական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ կարգավորումները:

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության 2003 թ. ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.

Անտառային հողերում, ինչպես նաև անտառային հողերի մեջ չմտնող տարածքներում ծառերը, թփերը ապօրինի հատելը կամ ոչնչացնելը, կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը, պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը, եթե այդ գործողությունները զգալի վնաս են պատճառել կամ կատարվել են նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում կպատվժի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Պաշտոնեական դիրքն օգտագործելով, բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ էկոլոգիական աղետի կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում, ՀՀ Կարմիր գրքում գրանցված ծառատեսակների կամ բուսածածկին խոշոր վնաս պատճառելու, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կամ շահույթ ստանալու նպատակով կատարված արարքները կպատժվեն տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ հինգից յոթ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Առանձնապես խոշոր վնաս պատճառած արարքները կպատժվեն ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով։

Օրենսգրքի 297-րդ հոդվածն էլ ենթարկվել է հետևյալ խմբագրման՝

Անտառներ, ինչպես նաև անտառային հողերի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում, և եթե այդ գործողությունները զգալի վնաս են պատճառել նախատեսվում է պատժվել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Նույն գործողությունները, որոնք խոշոր չափերի վնաս են պատճառել՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Անտառներ, ինչպես նաև անտառային հողերի մեջ չմտնող տնկարկներ դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրդեհման կամ հանրավտանգ այլ եղանակով՝ կպատժվի ազատազրկմամբ՝ հինգից տաս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

Նախագիծը մշակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ դատախազության և քննչական կոմիտեի կողմից:

Հուլիս 09, 2019 at 17:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր