Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները կրկին ցույցի են դուրս եկել, Լոռու մարզպետը խոստացել է ներկայացնել գործարանի հետագա ճակատագիրը

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները կրկին ցույցի են դուրս եկել, Լոռու մարզպետը խոստացել է ներկայացնել գործարանի հետագա ճակատագիրը

ԷկոԼուր

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները հուլիսի 1-ի առավոտյան կրկին ցույցի են դուրս եկել և փակել Երևան-Թբիլիսի երկաթգիծը: Հունիսի 30-ին ավարտվել է գործարանի աշխատակիցների երկարաձգված աշխատանքային պայմանագրերի ժամկետը: Գործազուրկ դարձած ալավերդցիները պահանջում են վերագործարկել պղնձաձուլարանը:

ankyun3news.com-ի փոխանցմամբ, ցուցարարների հետ հանդիպել է «Էյ Սի Փի» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը: Նա ասել է, որ ընկերությունը չի կարող պարապուրդի պայմաններում շարունակել աշխատավարձեր վճարել և ստիպված է կրճատել 200 աշխատողի: Մեջլումյանը նշել է, որ պղնձաձուլարանը չի կարող աշխատել արտանետումների թույլատրելի սահմաններում:

Ալավերդու համայնքապետը ստեղծված իրավիճակի մասին հաղորդել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին: Ինչպես հայտնում է armtimes.com-ը, մարզպետը հանդիպել է աշխատակիցներին: Նա հայտնել է, որ պատրաստվում է հուլիսի 8-ին այցելել Ալավերդու պղնձաձուլարան և Թեղուտի հանքավայր՝ աշխատակիցների հետ զրուցելու, կառավարության դիրքորոշումն ու գործարանի հետագա ճակատագրի հետ կապված իրական պատկերը ներկայացնելու նպատակով: Մարզպետը վստահեցրել է, որ հանդիպմանը կլինի նաև գործարանի ղեկավարությունը, աշխատակիցներին խնդրել է դադարեցնել երկաթգծի արգելափակումն ու սպասել առաջիկա հանդիպմանը:

Ներկայումս երկաթգիծը բաց է:

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը դադարեցրեց իր աշխատանքը 2018-ի հոկտեմբերի 19-ին` այն բանից հետո, երբ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեսչական ստուգումների արդյունքում ընկերությանը տուգանեց 378 միլիոն դրամի չափով շրջակա միջավայրին պատճառված վնասի համար: Ընկերությանը նաև պարտավորցվեց արտանետումների ծավալը նվազեցնել 90 %-ով: «Էյ Սի Փի»-ն պղնձաձուլարանի վերագործարկման համար պայման է դնում արտանետումների համար արտոնության ստացումը։

 

18:54 Հուլիս 01, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news