Ինչպե՞ս է ապահովվելու Էկոլոգիական անվտանգությունը ՀԱԷԿ-ի 2-րդ բլոկի շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում. ԷկոԼուրի հարցումը

Ինչպե՞ս է ապահովվելու Էկոլոգիական անվտանգությունը ՀԱԷԿ-ի 2-րդ բլոկի շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում. ԷկոԼուրի հարցումը

ԷկոԼուր

Ինչպե՞ս է ապահովվելու Էկոլոգիական անվտանգությունը Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ բլոկի շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղարկել «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանին: Հարցումն ի գիտություն ուղարկվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանին:

Հարցման մեջ նշված է.

«Հարգելի պարոն Վարդանյան,

համաձայն «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի` խնդրում ենք տրամադրել տեղեկատվություն «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ ղեկավարության՝ ՀԱԷԿ-ի 2-րդ բլոկի շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում անվտանգության բնագավառում իրականացվող քաղաքականության վերաբերյալ հայտարարագրի «բնապահպանության ոլորտում իրականացվող քաղաքականության» բաղադրիչի շրջանակներում ձեռնարկած միջոցառումների մասին։

Ակնկալում ենք տեղեկատվություն ստանալ, մասնավորապես բաղադրիչի հետևյալ կետերի վերաբերյալ՝

Միջոցառում. «Շրջակա միջավայրի պահպանության կառավարման համակարգի ստեղծումը, ներդրումը, աշխատունակ վիճակում պահելը և անընդհատ կատարելագործումը»

Հարց.

- Ի՞նչ կապալառու է իրականացնում կառավարման համակարգի ստեղծումը, ի՞նչ կառուցվածք ունի համակարգը, ունի՞ բավարար գիտատեխնիկական և մասնագիտական պոտենցիալ, եթե դեռևս չի ստեղծվել համակարգը, ապա ինչպիսի՞ն է կառույցի ստեղծման ճանապարհային քարտեզը։

Միջոցառում. «Շրջակա միջավայրի օբյեկտների կենսաբանական, հիդրոքիմիական, հիդրոերկրաբանական վիճակի, ճառագայթային ֆոնի հսկման կազմակերպման միջոցով ՀԱԷԿ հարակից տարածքների էկոլոգիական հսկողության անցկացում»:

Հարց.

- Ի՞նչ շառավղով է նախատեսվում կատարել էկոլոգիական վերահսկողությունը, մթնոլորտային օդի ճառագայթումային ֆոնի հսկման դիտակետերն անշա՞րժ են, թ՞ե շարժական, առկ՞ա է(նախատեսվո՞ւմ է) կենսաբանական, հիդրոքիմիական, հիդրոերկրաբանական վիճակի մշտադիտարկումների տվյալների բազան, որպես ֆոնային քանակական ցուցանիշներ ո ՞ր թվականի տվյալներներն են դիտարկվել որպես ելակետային, ինչպիսի՞ն է ճառագայթային ֆոնի դինամիկան 2000-2018թթ. կտրվածքով։

Միջոցառում. «Էկոլոգիական հսկողության անցկացում` ըստ ճառագայթումային և ոչ ճառագայթումային գործոնների»:

Հարց.

- Օդի, հողի, ջրի ռադիոակտիվ ճառագայթման կանխարգելման կամ տարրերի չեզոքացման համար ի ՞նչ մեթոդներ են նախատեսվում, և արդյո՞ք այդ մեթոդների արդյունավետությունը փորձարկվել էտեղում:

Միջոցառում. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության սահմանափակում և դրա աղտոտման կանխում` այդ նպատակը հավասարակշռելով ռեգիոնի սոցիալ-տնտեսական պահանջմունքների հետ»:

Հարց.

- Տարածաշրջանը հիմնականում գյուղատնտեսական է, և մարդու առողջության համար անվտանգ գյուղատնտեսական մթերքների արտադրության և իրացման աստիճանով է պայմանավորված տեղիբնակչության սոցիալ-տնտեսական վիճակը։ Նկարագրած հավասարակշռության պահպանման ի՞նչ գործիքների է տիրապետում ՀԱԷԿ-ը և հավասարակշռության խախտման դեպքում ի՞նչ քայլերեն նախատեսվում։ Ըստ ՀԱԷԿ-ի մարտավարության ո՞ր ուղղությունն է գերակա շրջակա միջավայրի վրա ազդեցության սահմանափակման նորմերի պահպանման անհնարինության իրավիճակներում։

Միջոցառում. «Բնակչությանը ՀԱԷԿ-ի հարթակի և հարակից տարածքների շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ բաց, ստույգ տեղեկության տրամադրում»:

Հարց.

- Հաղորդակցության ի՞նչ միջոցներով է իրականացվում բնակչությանը ԱԷԿ-ի հարթակի և հարակից տարածքների՝ շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, անմիջականորե՞ն, թ՞ե միջնորդավորված՝ պետական կառավարման, կամ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով։ Այն կրում է պարբերակա՞ն, թ՞ե իրավիճակային բնույթ։

Հարգելի պարոն Վարդանյան, միաժամանակ խնդրում ենք տալ տեղեկատվություն միջուկային ռեակտորի սառեցման համակարգի համար անհրաժեշտ ջրաքանակի ապահովման համարձեռնարկված միջոցառումների վերաբերյալ։ Դեռևս 2017թ. նախատեսված էր Սևջուր գետից ջրառի ծավալների դեֆիցիտի վերացման նպատակով փորել ևս 10 հորատանցք։ Կատարվե՞լ են այդ աշխատանքները, եթե այո, ապա այդ ջրածավալները բավարա՞ր են սառեցման համակարգի բնականոն աշխատանքներն ապահովելու համար, թե՞ դեռևս առկա է ջրի դեֆիցիտի գործոնի ռիսկը անվտանգության համակարգում»։

16:00 Նոյեմբեր 13, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news