ԷկոԼուր
«2011թ.-ին ճապոնական Ֆուկուշիմա ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո Հայաստանը հայտնեց իր համաձայնությունը ՀԱԷԿ-ում անցկացնել «սթրես թեսթ»` Եվրոպայի միջուկային անվտանգության կարգավորող մարմինների կողմից առաջարկվող ծրագրով: 2012թ.-ին ԵՄ-ի կողմից անցկացված մրցույթում հաղթող ճանաչվեց Բելգիական «Տրակտեբել» ընկերությունը: Ներկա պահին աշխատանքներն ավարտվել են եւ հաշվետվությունը ներկայացվել է միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե եւ RISK Audit եվրոպական կազմակերպություն՝ փորձագիտական եզրակացություն ստանալու համար: Արդյունքում բացահայտվեց 38 միջոցառումների իրականացման անհրաժեշտություն։ Վերոնշյալ աշխատանքները նախատեսվում է իրականացնել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման Ծրագրի շրջանակներում»,- այս մասին մարտի 28-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը ՀՀ Նախագահի նախարարություն կատարած այցի ժամանակ:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մարտի 27-ին հավանություն տվեց «Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրին», որով Հայկական ատոմային էլեկտրակայանի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2016թ. սեպտեմբերը:
Այս կապակցությամբ Արեգ Գալստյանը մասնավորապես ասել է․ «Հայկական ԱԷԿ-ի անվտանգության խնդիրներն առանձնակի կարեւորություն են ձեռք բերում Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ) որոշման ընդունմամբ: ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի եւ ԱԷՄԳ-ի կողմից սահմանված է անվտանգության նվազագույն մակարդակ, որին համապատասխանելը պարտադիր է շահագործման նախագծային ժամկետի երկարացման լիցենզիայի ստացման համար: ՇԺԵ ծրագրում նկարագրված են էներգաբլոկի անվտանգության մակարդակը լիցենզավորման պահանջներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ աշխատանքների ցանկը, հերթականությունը եւ ժամկետները (բաժանված է 2 փուլի): Հաշվի առնելով «Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման» Ծրագրի դրույթները՝ «Ռոսատոմ»-ի հետ ձեռք է բերվել համաձայնություն համապատասխան պայմանագրի ստորագրման մասին (պայմանագրի տեւողությունը՝ մինչեւ 2018թ.): ՇԺԵ Ծրագրի ամբողջական իրականացման պայմանագիրը գտնվում է քննարկման փուլում եւ կստորագրվի ֆինանսավորման առկայության դեպքում»։
Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980թ-ին 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Այդ ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2016 թվականը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ էներգաբլոկը 1989–1995թթ. ժամանակահատվածում չի աշխատել:
Արեգ Գալստյանի խոսքերով՝ ընդհանուր առմամբ մինչ օրս Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման ուղղությամբ կատարվել են շուրջ 160 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք աշխատանքներ, սարքավորումների արդիականացումներ: ԱԷՄԳ-ի համակարգման ներքո` Հայաստանը շարունակական տեխնիկական եւ ֆինանսական աջակցություն է ստանում ԱՄՆ-ից, ԵՄ-ից, ՌԴ-ից, Չեխիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից:
Ապրիլ 01, 2014 at 14:45