news.am
Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներն ավարտելու համար անհրաժեշտ է երկարաձգել վարկային միջոցների ժամկետը: Այս մասին սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը:
Նա հիշեցրեց, որ 2014-ին ռուսական կողմը 270 մլն դոլարի վարկ եւ 30 մլն դոլարի դրամաշնորհ է տրամադրել ՀԱԷԿ-ի վերակառուցման համար:
«Այդ միջոցներից 70 մլն դոլար դեռեւս չի փոխանցվել: Որքանով ես տեղյակ եմ, կառավարությունն այժմ աշխատում է մինչեւ 2020-2021-ը վարկի ժամկետը երկարաձգելու ուղղությամբ: Ամեն դեպքում վերակառուցման աշխատանքները պետք է ավարտին հասցվեն՝ լինի դա վարկի կամ պետական միջոցների հաշվին»,- ասաց Վահրամ Պետրոսյանը:
Նա նկատեց, որ այդ ամենը կապված է մինչեւ 2026 թվականը կայանի շահագործման ժամկետի երկարաձգման ցանկության հետ, եւ եթե մենք ցանկանում ենք եւս մեկ ժամկետով երկարաձգել, ապա դրա մասին պետք է հիմա մտածենք: Պետրոսյանը հստակեցրեց, որ ՀԱԷԿ-ին տրամադրված լիցենզիայի ժամկետը լրանում է 2021-ին, որից հետո կատարված աշխատանքի մասին զեկույց կներկայացվի եւ նոր լիզենցիա կտրվի, որի ժամկետը սովորաբար կազմում է 10 տարի:
Սեպտեմբեր 28, 2019 at 15:40