Պարզվել է, թե ինչպիսի ռադիացիոն ֆոն կա Վայքում եւ Ազատեկում

Պարզվել է, թե ինչպիսի ռադիացիոն ֆոն կա Վայքում եւ Ազատեկում

ԷկոԼուր

Վայք քաղաքի, Ազատեկ գյուղի եւ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի տարածքում ստուգողական մոնիտորինգի արդյունքում միջին բնական գամմա ռադիացիոն ֆոնից զգալի տարբերվող բարձր ֆոնային արժեքներ չեն գրանցվել: Այս մասին նամակով ԷկոԼուրին տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ  Աշոտ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Վայքի բնակիչների բողոքի հիման վրա ԷկոԼուրը դիմել է ՀՀ բնապահպանության, առողջապահության նախարարություններ եւ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե`  Ազատեկի հանքավայրի շրջանում ուսումնասիրություններ կատարելու համար: Վայքի բնակիչներն ահազանգել էին, որ հանքավայրում, որտեղ 2 ամիս շարունակ հորատման աշխատանքներ են տարվում, կա ուրան, եւ մարդիկ վախեցած էին ճառագայթման վտանգից:

Սույն թվականի հոկտեմբերի 29-ին միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի պատվերով Շրջակա միջավայրի ճառագայթային մոնիտորինգի գլխավոր մասնագետ Կարապետ Օհանյանը և «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի» ռադիացիոն անվտանգության գծով առաջատար մասնագետ Կարեն Հարոյանը Վայք քաղաքի, Ազատեկ գյուղի եւ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի տարածքում, ինչպես նաեւ Վայքից Ազատեկ գյուղ տանող ճանապարհին իրականացրեցին ստուգողական ճառագայթային մոնիտորինգ, որին մասնակցեց նաեւ ԷկոԼուրը: Պաշտոնական աղբյուրի համաձայն` բնական գամմա ռադիացիոն ֆոնի չափման համար  ընտրվել են թվով 15 կետեր այնպես,  որ տվյալ կետերից ստացված արդյունքները տան նախնական պատկերացումներ տվյալ տարածքում բնական գամմա ռադիացիոն ֆոնի վերաբերյալ: Չափումների իրականացման վայրերում բնական գամմա ճառագայթման դոզայի հզորության միջին արժեքները կազմել են 0.045μSv/h÷0.08 μSv/h:

Նոյեմբեր 06, 2014 at 15:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր