ՀԱԷԿ-ի ազդեցության գոտու Հայթաղ գյուղը պատրաստ չէ ճառագայթային վտանգներից պաշտպանվելու

ՀԱԷԿ-ի ազդեցության գոտու Հայթաղ գյուղը պատրաստ չէ ճառագայթային վտանգներից պաշտպանվելու

ԷկոԼուր

ՀՀ Արմավիրի մարզի շուրջ 3000 բնակիչ ունեցող Հայթաղ համայնքը Հայկական ատոմային էլեկտրակայանից (ՀԱԷԿ) գտնվում է մոտ 5-6 կմ հեռավորության վրա: Հայթաղը զուրկ է առաջին անհրաժեշտության այն նվազագույն դեղորայքային զամբյուղից, ինչը կարող է վթարի դեպքում կյանքեր փրկել: Անհրաժեշտ պարագաների բացակայությանը գումարվում է տեղի բնակչության անիրազեկվածությունը միջուկային վթարի դեպքում առաջնահերթ իրականացվող միջոցառումերի, քայլերի վերաբերյալ:

Մինչդեռ ատոմակայանի հարևանությամբ գտնվող ցանկացած բնակավայրում առաջնահերթ է ապաստարանների, համապատասխան դեղամիջոցների առկայությունը, բնակչության համար հատուկ միջոցառումների անցկացումը՝ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Մինչդեռ Հայթաղի միջնակարգ դպրոցում ԷկոԼուրին տեղեկացրեցին, որ ատոմակայանի վերաբերյալ սա առաջին այցն է իրենց համայնք:

 

Պարզվում է՝ դպրոցում մոտ երեսուն հակագազ կա, բայց դրանք պիտանի չեն։ «Երևի ոչ մի երեխա չհագնի, որովհետև հազար տարվա են, եսիմ որ թվին որ զորամասից են հանել, բերել», - ասացին դպրոցում։ Քաղպաշտպանության դասընթացի շրջանակներում 7-րդ դասարանից բարձր աշակերտների համար դիդակտիկ նյութեր և տեսանյութեր են ցուցադրվում, թե ինչպես պետք է պաշտպանվել ճառագայթային վտանգի կամ մյուս աղետների դեպքում: 

Այնուամենայնիվ, դպրոցի ուսուցչական կազմն այդ գիտելիքները բավարար չի համարում ճառագայթային վտանգի դեպքում ինքնապաշտպանության կազմակերպման տեսանկյունից։ «Ոչ մեկս ոչինչ չգիտենք ո՛չ մեր իրավունքների, ո՛չ պարտականություների մասին։ Երբևէ ոչ ոք չի անդրադարձել այս հարցերին։ Պետք է դասարան առ դասարան սեմինարի պես դասընթացներ անցկացնել»,- ասացին ուսուցիչները։  

Կիսաքանդ նկուղներն ու մեծ պատուհաններով դահլիճները՝ որպես թաքստոցներ

Միջուկային վթարի դեպքում Հայթաղի բնակիչները կարող են պատսպարվել իրենց տների նկուղներում, դպրոցի անձնակազմն ու աշակերտները՝ վերջերս վերանորոգված մարզադահլիճում և հանդիսությունների դահլիճում: Չնայած դրանցում լուսավորության մեկուսացում չկա, դպրոցի աշխատակազմից հայտնեցին, թե այնտեղ ավելի ապահով է, քան դասասենյակներում. «Դրանք կարող են ծառայել որպես թաքստոց: Պատերը ցանցապատվել են, հաստ ապակիներ են տեղադրվել»: Քիչ թե շատ որպես ապահով ու մեկուսացված ապաստարան կարող էր ծառայել դպրոցի հրաձգարանը, որի վերանորոգման համար անհրաժեշտ ֆինանսավորումը բացակայում է:

Որպես ապաստարան կարող էր ծառայել համայնքային մաշկույթի տան նկուղը, սակայն այն քարուքանդ է եղել, մուտքի դռները՝ բացակայում են: Բարձիթողի վիճակում երկար մնալու պատճառով տարածքն ամբողջությամբ վեր է ածվել աղբավայրի: Գյուղապետարանի աշխատակազմից հայտնեցին, թե մեկ ժամ անգամ հնարավոր չէ այնտեղ մնալ։ «Բնակչության 70 տոկոսը կարող էր տեղավորվել, ինչ-որ ժամանակ բնակչությունն այնտեղ կարող էր ապրել։ Նախատեսված է եղել ատոմակայանի վթարի դեպքում տարհանել մարդկանց այդտեղ, բայց հիմա մարդիկ այնտեղ մնան, կխեղդվեն»,- ասացին դպրոցում: 

Ըստ համայնքապետարանի՝ ՀԱԷԿ-ում այսօր Հայթաղից աշխատում է մոտ տասը հոգի։ Համայնքում վտանգի ազդարարման երկու շչակ կա, մեկը' գյուղապետարանում, մյուսը' դպրոցում։ Երկուսն էլ չեն աշխատում։ Բացակայում են նաև ուղղորդող պաստառները, տարհանման պլանը տեսանելի վայրերում փակցված չէ։ Սակայն համայնքապետարանի աշխատակիցն ասաց. «Ժողովրդին բացատրել ենք, թե որ տան նկուղ պետք է գնան, որոշել ենք, թե որտեղ ում պետք է տեղավորել։ Մի քանի տարի առաջ բանավոր իրազեկել ենք»։ 

Հայթաղի ջրի խնդիրը

Հայթաղում այսօր չլուծված խնդիր է նաև խմելու ջրի անհասանելիությունը։ Փողոցներում ծորակներ կան, սակայն բնակիչներն իրենց տներում խմելու ջուր չունեն, ստիպված կրում են ջրամաններով։ Ոռոգման և կենցաղային նպատակներով օգտագործում են հորերի ջուրը։ «Համայնքում 18 արտեզյան հոր է փորված, բայց 6-ն է աշխատում: Հոսանք չկա, տրանսֆորմատորներ չկան, որ աշխատեն։ Ինքնահոս ջուր ունենք փողոցներում, բայց որ միացնեն տները, ավելի լավ կլինի։ Ջրհորի ջրով ենք լողանում, գյուղի տների 90 տոկոսում ծորակից ջուր չկա…Հորերի ջուրը օգտագործում են կենցաղային նպատակներով: 4 մ քանդում ենք, լավ ջուր է գալիս: Մակարդակների իջեցման հետ նաև հորերն են ավելի խորացնում»,- ասացին բնակիչները: 

 
 
 
 

14:18 Փետրվար 14, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news