ՀԱԷԿ-ը չի կատարում իր հարկային պարտավորությունները Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի նկատմամբ

ՀԱԷԿ-ը չի կատարում իր հարկային պարտավորությունները Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի նկատմամբ

ԷկոԼուր

«Հայկական ատոմային էլեկտրակայան» (ՀԱԷԿ) ՓԲԸ-ն չի կատարում իր հարկային պարտավորությունները Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի նկատմամբ: Ինչպես ԷկոԼուրի հետ զրույցում նշեց Տարոնիկի համայնքապետ Արմեն Խլղաթյանը, Տարոնիկ համայնքի վարչական տարածքում են գտնվում ՀԱԷԿ-ի «Սև ջուր» ու «Փռուդ» պոմպակայանները, համայնքի տարածքով է անցնում ՀԱԷԿ-ին ջուր մատակարարող 14 կմ երկարությամբ խողովակաշարը, Փռուդ ջրամբարը, որոնք զբաղեցնում են ընդհանուր շուրջ 36 հա տարածք:

«Համայնքում գտնվող ՀԱԷԿ-ի շինությունների հարցը իրավաբանորեն կարգավորված չէ: Եթե կարգավորված լինեին, խոշոր հարկ պետք է վճարեր»,- ասաց Արմեն Խլղաթյանը:

Նա ԷկոԼուրին ներկայացրեց տարբեր տարիների խնդրի առնչությամբ պատասխանատու պետական լիազոր մարմիններին ուղարկված նամակները: Վերջին նամակն ուղարկվել է 2018թ-ի մարտին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որում նշված է. «Հայտնում ենք Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում ՀԱԷԿ ՓԲԸ-ն օգտագործում է շենք-շինություններ և հող, որը չունի պետական գրանցում, և ապօրինի օգտագործում է այն: Այդ մասին բազմիցս զգուշացվել է ՀԱԷԿ ՓԲԸ-ին, և վերջինիս կողմից համապատասխան քայլեր չի ձեռնարկվում: Խնդրում ենք՝ աջակցեք այս հարցը լուծելու հարցում»: Խնդիրը մինչ օրս կարգավորված չէ:

Տարոնիկի համայնքապետն ասաց, որ ՀԱԷԿ-ը Տարոնիկում զբաղեցրած տարածքների համար որպես փոխհատուցում պարտավորություն է ունեցել համայնքին խմելու ջուր ապահովել: Սակայն այդ պարտավորությունն իրականացրել է մինչև 2005-2006 թթ.: «Երբ ջրի հորիզոններն իջել են, այլևս չի ապահովել խմելու ջուրը»,- նշեց համայնքապետը:

Նշենք, որ բացի այն, որ ՀԱԷԿ-ը ջուր է վերցնում Տարոնիկի տարածքից, այն նաև Տարոնիկի տարածքում է բաց թողնում ՀԱԷԿ-ից եկող ջրերը:

18:49 Օգոստոս 07, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news