Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար ստեղծված «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ն լուծարվում է

Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար ստեղծված «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ն լուծարվում է

ԷկոԼուր

Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար ստեղծված «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ն լուծարվում է: Սույն թվականի նոյեմբերի 29-ի նիստում գործադիրը հավանություն տվեց «Մեծամորէներգոատոմ» փակ բաժնետիրական ընկերության Բաժնետերերի ընդհանուր ժողովում ընկերության լուծարման մասին որոշմանը կողմ քվեարկելու մասին» որոշման նախագծին:

Որոշման հիմնավորման մեջ նշված է. ««Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ն ստեղծվել է ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 3-ի N1458-Ն որոշման հիման վրա: Ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը սեփականության իրավունքով պատկանում են ՌԴ «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությանը (ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր ընկերություն), իսկ մյուս 50 տոկոսը՝ Հայաստանի Հանրապետությանը: Ընկերությունը ստեղծվել էր Հայաստանի Հանրապետության տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման պատվիրատուի գործառույթներն իրականացնելու նպատակով: Սակայն Ընկերությունը ստեղծման օրվանից փաստացի գործունեություն գրեթե չի իրականացրել, իսկ 2014թ. ապրիլի 1-ից ընկերության գործունեությունը հարկային մարմիններում սառեցվել է»:

Այս որոշման ընդունմամբ մասնավորապես հանձնարարվեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին Հայաստանի Հանրապետության անունից մասնակցել «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ի ընդհանուր ժողովին և ընկերության կանոնադրական կապիտալում ՀՀ սեփականությունը հանդիսացող 50 տոկոս բաժնեմասով կողմ քվեարկել ընկերության լուծարման մասին որոշման ընդունմանը:

Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, սույն թվականի նոյեմբերի 21-ին տված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով նոր էներգաբլոկի կառուցմանը, ասել է. «Ես անձամբ կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք հետագայում լինել որպես ատոմային էներգետիկա ունեցող երկիր: Միջազգային ատոմային շուկայում կան նոր մոդուլիար էներգաբլոկներ, որոնց անվանական հզորությունները ցածր են և իրենք, կարելի է ասել, ճկուն են: Մեր համարկարգի համար հենց նմանատիպ ատոմակայանները շատ տեղին կլինեին: 3-ից 5 տարվա ընթացքում նախատեսվում է նման մոդուլիար էներգաբլոկների արտադրության մեկնարկ, և բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում է, թե ինչ գնով, ինչ պայմաններով կարող ենք նմանատիպ էներգաբլոկներ ներդնել Հայաստանում»:

Դեկտեմբեր 05, 2018 at 17:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր