Չի բացառվում, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործումը կարող է երկարաձգվել ևս մի քանի տարով տարով

Չի բացառվում, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործումը կարող է երկարաձգվել ևս մի քանի տարով տարով

ԷկոԼուր

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը չի բացառում, որ կարող է ևս մի քանի տարով երկարաձգվել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը:

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը շահագործվել է 40 տարի: 2016թ-ին լրացավ էներգաբլոկի շահագործման ժամկետը: ՀՀ կառավարությունը Որոշեց երկարաձգել 2-րդ էներգաբլոկի շահագործումը մինչև 2026 թվականը` իրականացնելով ՀԱԷԿ-ի վերազինման աշխատանքներ: Այս աշխատանքների իրականացման համար Ռուսաստանից Հայաստանը 270 միլիոն դոլլարի վարկ է վերցրել, և ստացել է 30 միլիոն դոլլարի դրամաշնոր: «Նմանատիպ ատոմակայաններն արդեն ունեն պրակտիկա` մինչև 60 տարի շահագործվելու: Երբ որ լրանալու լինի մեր ատոմակայանի 10 տարվա ծառայության ժամկետը, բնականաբար, պետք է իրականացվի ռեակտորի մանրամասն ուսումնասիրություն, և եթե պարզվի, որ ռեակտորի կյանքի տևողությունը դեռևս իրեն չի սպառել, ապա կերկարաձգվի շահագործումը ևս ինչ-որ ժամանակահատվածով: Թե ինչքան ժամանակով, ցույց կտան ուսումնասիրությունները»,- ասաց Գարեգին Բաղրամյանը նոյեմբերի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: նա նշեց, որ ատոմակայանի անվտանգությունն այսօր ավելի է բարձրացել, քան նախկինում էր:

Անդրադառնալով ատոմային նոր էներգաբլոկի կառուցմանը` Գարեգին Բաղրամյանը նշեց. «Մեր օրակարգում է նաև այդ հարցը, և ես անձամբ կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք հետագայում լինել որպես ատոմային էներգետիկա ունեցող երկիր: Միջազգային ատոմային շուկայում կան նոր մոդուլիար էներգաբլոկներ, որոնց անվանական հզորությունները ցածր են և իրենք, կարելի է ասել, ճկուն են: Մեր համարկարգի համար հենց նմանատիպ ատոմակայանները շատ տեղին կլինեին: 3-ից 5 տարվա ընթացքում նախատեսվում է նման մոդուլիար էներգաբլոկների արտադրության մեկնարկ, և բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում է, թե ինչ գնով, ինչ պայմաններով կարող ենք նմանատիպ էներգաբլոկներ ներդնել Հայաստանում»:

19:36 Նոյեմբեր 21, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news