ՀԱԷԿ-ի աշխատակազմի օպտիմալացման հարցը քննարկվել է ՀՀ էներգետիկայի նախարարի պաշտոնակատարի հետ

ՀԱԷԿ-ի աշխատակազմի օպտիմալացման հարցը քննարկվել է ՀՀ էներգետիկայի նախարարի պաշտոնակատարի հետ

ԷկոԼուր

ՀԱԷԿ-ի աշխատակազմի օպտիմալացման հարցը քննարկվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի հետ վերջինիս հոկտեմբերի 30-ին ՀԱԷԿ կատարած այցի ընթացքում:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հաղորդագրությունից, Գարեգին Բաղրամյանը ՀԱԷԿ-ում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձել է աշխատակազմի օպտիմալացմանը վերաբերող հարցերին: Այս կապակցությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նշվում է, որ նախարարի պաշտոնակատարը տվել է նաև հանձնարարական` լինել հետևողական, որպեսզի ատոմակայանի արդիականացման ու վերազինման աշխատանքներն իրականացվեն պատշաճ կերպով և սահմանված ժամանակացույցին համապատասխան:
Գարեգին Բաղրամյանը շրջայց է կատարել կայանում, եղել տուրբինային արտադրամասում, տեղում ծանոթացել վերանորոգման, արդիականացման աշխատանքներին և առաջիկա անելիքներին:

Հիշեցնենք, որ պլանային վերանորոգման աշխատանքներից հետո օգոստոսի 1-ին 2-րդ էներգաբլոկի 4-րդ տուրբագեներատորը միացել է ՀՀ էներգահամակարգին: 4-րդ տուրբագեներատորի գործարկումն իրականացվել է տեխնիկական բոլոր պահանջներին համապատասխան: 3-րդ տուրբոագրեգատի արդիականացման աշխատանքները շարունակվում են, այն կգործարկվի և կմիացվի ՀՀ էներգահամակարգին, արդյունքում առավելագույն հզորությունը առանց վառելիքի ծախս ավելացնելու կաճի մինչև 400 ՄՎտ՝ ներկայիս 380 ՄՎտ-ի փոխարեն:

Լուսանկարը վերցված է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքից

16:37 Հոկտեմբեր 31, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news