Հասարակությունը պահանջում է ներգրավված լինել ՀԱԷԿ-ի ռադիոակտիվ անվտանգության մշտադիտարկման գործում

Հասարակությունը պահանջում է ներգրավված լինել ՀԱԷԿ-ի ռադիոակտիվ անվտանգության մշտադիտարկման գործում

ԷկոԼուր

Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործվում է 42 տարի: 2016թ-ին լրացավ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը: Սակայն ՀՀ կառավարության որոշմամբ այն վերազինվելուց հետո կշարունակի շահագործվել մինչև 2026 թ-ը:

«Այս ողջ ժամանակահատվածում ատոմակայանի ռադիոակտիվ ֆոնի վերաբերյալ հայկական պաշտոնական աղբյուրներից հնչում են ստանդարտ հայտարարություններ, որ «ռադիոակտիվ ֆոնը նորմայի սահմաններում է»: Շրջակա միջավայրի համար ամենառիսկայինը վերգետնյա և ստորգետնյա ջրավազաններն են, որոնց ջրերով աշխատում է ատոմակայանի հովացման համակարգը: Մեր պարագայում ատոմակայանի հովացման ջրի աղբյուրները օգտագործվում են ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման նպատակներով»,- ասաց «Արմավիրի մամուլի ակումբ» ՀԿ-ի նախագահ Անժելա Ստեփանյանը Թբիլիսիում անցկացված «Էներգետիկ նախագծերը և մարդկանց իրավունքների խախտումները Հարավային Կովկասում» խորագրով կոնֆերանսի ժամանակ:

Նա նշեց, որ Հայաստանի հասարակությունը, չունենալով նվազագույն պատկերացում ռադիոակտիվ արտանետումների և դրանց հետևանքների մասին, դուրս է մնացել բնագավառին առնչվող բոլոր գործընթացներից: Բայց հասարակությունը պետք է տեղյակ լինի բնագավառի ռիսկերին:
Անժելա Ստեփանյանը ներկայացրեց 2001 թ-ին Ռուսաստանի էկոլոգիական քաղաքականության կենտրոնի հրապարակած «Էկոլոգիապես մաքուր ատոմային էներգետիկայի միֆը» բրոշյուրի տվյալները, որտեղ ԱՄՆ-ի, եվրոպական երկրների փորձագիտական խմբերի կողմից համեմատվել են ատոմակայանների հարևանությամբ ապրող բնակիչների հիվանդությունների վիճակագրությունը ոչ ռիսկային գոտիներում բնակվող բնակչության նույն հիվանդությունների վիճակագրական տվյալների հետ:

«Արդյունքում պարզվել է, որ ատոմակայանից 16 կմ շառավղում բնակվող հասարակության շրջանում ավելացել են բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում` քաղցկեղային հիվանդություններ, գենետիկ ապարատի խանգարում, սաղմնային զարգացման խանգարում, մահացած երեխաների ծնունդներ, բնածին արատների ավելացում, մանկահասակների մահացություն կամ հանկարծամահություն, մտավոր զարգացման խանգարում, իմունային դեպրեսիա և իմունային անբավարարություն, սրտանոթային և մարսողական հիվանդություններ, ոսպնյակի ախտահարում, ժամանակից շուտ ծերացում և կյանքի տևողության կրճատում և այլն»:
Ըստ Անժելա Ստեփանյանի` հասարակությունը պետք է ներգրավված լինի ՀԱԷԿ-ի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում, մասնակցի ռադիոակտիվ անվտանգությանն ուղղված միջոցառումների մշտադիտարկմանը, Հայաստանի կառավարությունը պետք է հստակեցնի ռիսկային գոտու տարածքի սահմանները, կարգավիճակը, ապահովի այդ ազդակիր տարածքի բնակչության հիվանդությունների արտոնյալ բուժական ծառայությունը, բնակիչների համար նվազեցնի էլեկտրաէներգիայի սակագինն առնվազն 50 տոկոսով, գնահատի ատոմակայանի հետագա շահագործման ռիսկերը:

 

15:12 Ապրիլ 06, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news