Հայաստանի ֆինանսների նախարարությունն առաջարկել է ռուսական կողմին հետաձգել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման համար տրված վարկի մարման ժամկետը

Հայաստանի ֆինանսների նախարարությունն առաջարկել է ռուսական կողմին հետաձգել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման համար տրված վարկի մարման ժամկետը

ԷկոԼուր

ՀՀ ֆինանսների նախարարությունը դիմել է ՌԴ ֆինանսների նախարարությանը Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) երկրոդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար տրված 270 միլիոն դոլլարի վարկի օգտագործման և մարման ժամկետի հետաձգման առաջարկով: Այս մասին նոյեմբերի 27-ին ՀԱԷԿ կատարած այցի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

Նա ատոմակայան էր ժամանել Հայաստանում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ` ծանոթանալու աշխատանքների ընթացքին: «Այս պահին, քանի որ որոշ աշխատանքներ հետաձգվում են մինչև 2021 թվականը, մեր ֆինանսների նախարարությունը դիմել է Ռուսաստանի ֆինանսների նախարարություն, որ վարկի օգտագործման ժամկետը պետք է երկարաձգվի, դրան զուգահեռ հարց ենք բարձրացրել, որ մարումները նույնպես պետք է հետաձգվեն նույն ժամկետով, քանի որ եթե ընդհանուր հզորության դուրս ենք գալու 2020 թ-ի կեսից հետո, բնականաբար, վարկի մարումն էլ պետք է տեղափոխենք այդ ժամանակ»,- ասաց Գարեգին Բաղրամյանը: Ըստ նրա` եթե կայանը միշտ 2.4 միլիարդ կվտ/ ժ էլեկտրաէներգիա է արտադրել, ընդհանուր վերազինման արդյունքում կարտադրի առնվազն 2.9 միլիարդի կվտ/ ժ էլեկտրաէներգիա: «Այսինքն մոտ 500 միլիոն կվտ/ժ ավելի էլեկտրաէներգիա կառաքի ատոմակայանը: Ամեն 100 միլիոն կվտ/ժ ավելի էլեկտրաէներգիա արտադրելը մոտ 2-2,5 միլիարդ դրամ խնայողություն է ստեղծում էներգահամակարգում: … Թվերը, որ ասացի, ուղղակիորեն չեն նվազեցնի էլեկտրաէներգիայի սակագինը: Վերջնական սպառողը այդ նշած թվերը չի զգա, որովհետև դրա մի մասը կուղղվի վարկի մարմանը»,- ասաց Գարեգին Բաղրամյանը:


ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյան

ՀԱԷԿ-ի երկրոդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքների կապալառու «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը նշեց, որ որոշ աշխատանքների ժամկետների երկարաձգումը ֆինանսական նոր բեռ չի նախատեսում:

«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկով

«Աշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ եկան նոր լրացուցիչ պահանջմունքներ, պարզվեց, որ որոշ աշխատանքների իրականացման համար մի փոքր ավելի շատ ժամանակ է պետք, և դա նորմալ է, առաջարկում եմ դրա մեջ վախենալու ոչինչ չտեսնել: Ինչ վերաբերում է ֆինանսական կողմին, ապա դա չի նշանակում, որ ծախսեր կավելանան, կամ Հայաստանի Հանրապետության համար վարկը կդառնա ավելի թանկ: Այն տրամադրվել է արտոնյալ պայմաններով»,- ասաց Եվգենի Սալկովը:


Նա նշեց, որ 2018թ-ի համեմատ 2019թ-ին նախատեսվող աշխատանքները կրկնակի անգամ ավելի են լինելու, և որ ՀԱԷԿ-ի անձնակազմի և ռուսական կողմի անձնակազմի վրա ծանրաբեռնվածությունը բազմակի անգամ ավելանալու է:

2019թ-ին նախատեսվող աշխատանքների մասին ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն ասաց. «Եկող տարի նախատեսվում են աշխատանքներ մեքենայական սրահում, մեծածավալ աշխատանքներ` ռեակտորային տեղամասում: Կանգառը նախնական գրաֆիկով նախատեսվում է 105 օր, բլոկի և տուրբինային արտադրամասում` նույն չափ: Արդյունքում, մեր այս տարվա արտադրանքը` տարեկան, այսպես կոչված պլանը, որով տարիֆ է հաշված, 1 միլիարդ 872 կվտ/ժ էլեկտրաէներգիա է, եկող տարի նախատեսում ենք 2 միլիարդ 72 միլիոն: Տուրբինի փոխարինման արդյունքում ունենք 10 տոկոս հզորության ավելացում»:

ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյան

Մովսես Վարդանյանը նշեց, որ արդիականացման աշխատանքների համար 2018թ-ին ՀԱԷԿ-ը կանգնել է 65 օր:

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների համար արդեն իսկ կնքված է 204 միլիոն դոլլարի 52 պայմանագիր: Վերջին մի քանի տարիների ընթացքում ՀԱԷԿ-ում երկարաձգվել է ավելի քան 2500 միավոր մասնագիտական կոմպոնենտների, համակարգերի և կառուցվածքների շահագործման ժամկետները, մատակարարվել է ավելի քան 70 վագոն ժամանակակից բարձր տեխնոլոգիական ծանրքաշային սարքավորում: Միայն 2018թ-ին կայան են բերվել ջերմաստիճանի անջատիչներ, տուրբինային գեներատորներ, բլոկային տրանսֆորմատորներ: Արդիականացվել են տուրբինային արտադրամասի հիմնական հանգույցները, տեղադրվել են մի քանի կմ մալուխներ, ապամոնտաժվել և մոնտաժվել է ավելի քան 1000 տոննա սարքավորում: Աշխատանքներին մասնակցել է 400 ռուսաստանցի մասնագետ:
Նախատեսված աշխատանքները նախատեսվում է ավարտել 2021թ-ի վերջին:

Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում: Երկրորդ Էներգաբլոկի շահագործման ավարտը նշվում է 2026թ-ը:

Հայաստանում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկին

Հայաստանում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը այս ծրագրի շուրջ հայ-ռուսական համագործակցության վերաբերյալ ասաց. «Ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը մեր երկրների փոխհարաբերությունների շատ կարևոր մասն է: Այս համագործակցությունը գտնվում է Հայաստանի Հանարապետության և Ռուսատանի Դաշնության խիստ վերահսկողության ներքո:…Ես կարծում եմ, որ ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը հեռանկարային գործ է: Կարող եմ ասել, որ ներկայումս հարց է դրված ստեղծել աշխատանքային խումբ` ուսումնասիրելու այս ոլորտում համագործակցության հեռանկարները Մեծամորի ատոմային էլեկտրակայանի աշխատանքի ավարտից հետո ընկած ժամանակահատվածի համար: Ես մասնագետ չեմ, բայց որքանով գիտեմ, «Ռոսատոմն» ունի շատ հետաքրքիր հեռանկարային մշակումներ այդ տեսակետից, որոնք կարող են հետաքրքիր լինել Հայաստանի համար»:

20:19 Նոյեմբեր 27, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news