ԶՊՄԿ-ն 22 միլիոն տոննայի կհասցնի իր արտադրողականությունը. Բնապահպանության նախարարությունը տվեց դրական եզրակացություն

ԶՊՄԿ-ն 22 միլիոն տոննայի կհասցնի իր արտադրողականությունը. Բնապահպանության նախարարությունը տվեց դրական եզրակացություն

ԷկոԼուր

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ն շուրջ 10 միլիոն տոննայով կավելացնի Քաջարանի հանքաքարի արդյունահանման ծավալները` 12.5 միլիոն տոննայից հասցնելով 22 միլիոն տոննայի: ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Ընկերության կողմից ներկայացված «Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարների արդյունահանման նախագծի փոփոխություն (ներառյալ՝ արդյունահանման ծավալների փոփոխությունը, ընդերքի տեղամասի ընդլայնումը, թուլտվության ժամկետի երկարաձգումը)» ՇՄԱԳ հաշվետվությանը:

Նման արտադրողականության դեպքում Արծվանիկի պոչամբար լցվելու է տարեկան 21809.2 հազար տոննա պոչ, ԶՊՄԿ-ի 3 լցակույտային տնտեսություններ` 84.3 մլն. մ3 մակաբացման ապարներ: Սակայն այս տնտեսությունները կարող են ծառայել շուրջ 10 տարի, այնուհետև կպահանջվի կամ նոր պոչամբարի և լցակույտային տնտեսության կառուցում, կամ գործող պոչամբարի և լցակույտային տնտեսությունների տարածքների ընդլայնում: Նախագծով` Քաջարանի հանքավայրը նման ծավալներով շահագործվելու է 25 տարի:

Ներկայումս կոմբինատի Արծվանիկի պոչամբարի տարողությունը 325.0 միլիոն մ3 է, որտեղ տեղակայված են 212 միլիոն մ3 պոչեր:

Բացահանքի արտադրական կարիքների համար օգտագործվելու է Գեղի ջրամբարի, Ողջի, Սակքար գետերի ջուրը: Կոմբինատի ջրապահանջը կկազմի 68.84 միլիոն մ3:

Նախագծի համաձայն` ընդհանուր առմամբ մթնոլորտ կարտանետվեն բացահանքի տարածքից 357.7 տոննա/տարեկան, իսկ ֆաբրիկայի տարածքից` 47.7 տոննա/տարեկան վնասակար նյութեր: Հաշվի առնելով բացահանքում իրականացվող պայթեցման աշխատանքները, մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի ընդհանուր քանակը բացահանքում կկազմի 1202.07 տոննա/տարեկան:
Նշվում է, որ արտանետվող վնասակար արտանետումների առավելագույն կոնցենտրացիաները մոտակա բնակավայրերի համար գտնվելու են նորմայի սահմաններում:

Հիշեցնենք, որ դեռ 2015թ-ին Քաջարանի բնակիչները ԷկոԼուրին տրամադրեցին Քաջարանում մթնոլորտային բարձր աղտոտվածությունը փաստող լուսանկարներ` պայմանավորելով այն Քաջարանի հանքավայրի շահագործմամբ և ահազանգեցին փոշու հետևանքով երեխաների հիվանդացությունների մասին:

Նշենք, որ ԶՊՄԿ-ի նկատմամբ Բնապահպանության նախարարության փորձաքննական պահանջներից է իրականացնել ՀՀ առողջապահության նախարարության 25.11.2016թ-ի ԼԱ/13128-16 գրությամբ ներկայացրած պահանջները:

18:22 Հունվար 13, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news