Նախնական տվյալներով` ՏԻՄ ընտրություններում հաղթել է Օձունի գործող համայնքապետը

Նախնական տվյալներով` ՏԻՄ ընտրություններում հաղթել է Օձունի գործող համայնքապետը

ԷկոԼուր

Օձունում նոյեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է գործող համայնքապետ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արսեն Տիտանյանը: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասաց «Արդվի-Լոռի» նախաձեռնության անդամ Սուրեն Կիրակոսյանը:

Հիշեցնենք, որ Օձուն համայնքին են միացել Արդվի, Ամոջ, Այգեհատ, Արևածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Հագվի, Մղարթ համայնքները: Խոշորացված Օձունի ընտրություններին առաջադրված էր 3 թեկնածու` ինքնառաջադրված անկուսակցական, «Գրուրա» արտադրական կոոպերատիվի տնօրեն Բարսեղ Այվազյանը, ինքնառաջադրված անկուսակցական Դոնարա Հախինյանը և ՀՀԿ-ի կողմից առաջադրված Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը:

«Նախնական ընտրվել է Օձունի գործող գյուղապետը: Փոքր համայքներում հաղթել էր նոր թեկնածուն, Օձունում` գործողը: Ընդհանուր հաշվարկով 33 ձայնով հաղթեց»,- ասաց Սուրեն Կիրակոսյանը: Նա նշեց, որ Արդվի համայնքի ավագանու թեկնածուն` Տելեմակ Աղվանյանը, ընտրվել է: Նշենք, որ արդվեցիները մտահոգված էին, որ փոքրաթիվ համայնքի քիչ ձայների պատճառով իրենց թեկնածուն կարող է չընտրվել: «Արդվու 96 ընտրողից 87-ը Տելեմակ Աղվանյանին էր ընտրել, կողքի գյուղերից էլ բավականին ձայն էին տվել, վեջնական արդյունքում 196 ձայնով անցավ ավագանի: Մեր գյուղը համարում է, որ գյուղի հարցերը միայն իր միջոցով ու գյուղացիների համաձայնությամբ պետք է լուծվի»,- ասաց Սուրեն Կիրակոսյանը:

Անդրադառնալով Շեկաղբյուրի հանքերևակաման ուսումնասիրության հեռանկարներին`Սուրեն Կիրակոսյանը նշեց, որ Օձունի համայնքապետը վստահեցրել է, որ առանց արդվեցիների համաձայնության հանքի հարցը չի քննարկվի: «Արդվեցիների համար հանքի թեման փակված թեմա է, ոչ մեկ և ոչինչ չի կարող փոխել այդ հարցը, մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք, և դա հստակ է ու փոփոխության ենթակա չէ»,- ասաց Սուրեն Կիրակոսյանը:

Լուսանկարը www.1in.am կայքի

15:06 Նոյեմբեր 08, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news