«Թեղուտ» ՓԲԸ-ն նմուշներ վերցրեց իմ հողից, ստուգեց ու ասաց, որ մկնդեղն է շատ, բայց դա վնաս չէ. Շնողի բնակիչ

«Թեղուտ» ՓԲԸ-ն նմուշներ վերցրեց իմ հողից, ստուգեց ու ասաց, որ մկնդեղն է շատ, բայց դա վնաս չէ. Շնողի բնակիչ

ԷկոԼուր

Քիմիական անվտանգության ոլորտում մասնագիտացված չեխական «Առնիկա» կազմակերպությունը և Պրահայի քիմիայի և տեխնոլոգիաների համալսարանի մասնագետները հուլիսի վերջին իրականացրեցին ջրի նմուշառում Շնող ու Դեբեդ գետերից և հողի նմուշառում Շնողի բնակիչների այգիներից: Հետազոտության նպատակն է պարզել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքով հողի և ջրի աղտոտվածությունը ծանր մետաղներով, դրա ազդեցությունը մարդու առողջության վրա:

Ուսումնասիրությունն իրականացվում է «Քաղաքացիական հասարակության ներգրավումը Հայաստանում հանքարդյունաբերության վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում» ծրագրի շրջանակում` Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ: Ծրագիրը իրականացնում են «Առնիկա» կազմակերպությունը, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-երը:

Թեղուտի հանքավայրի շահագործման համար Թեղուտ և Շնող գյուղերը կորցրեցին 81,483 հեկտար հող բացառիկ` գերակա հանրային շահի անվան տակ: Հանքավայրի շահագործման հետևանքով աղտոտվեցին հողային և ջրային ռեսուրսները: Պատճառած վնասների դիմաց ընկերությունը փոխհատուցում չի տրամադրել: Բացի այդ, «Թեղուտ» ՓԲԸ-ին տրամադրվեց 357 հեկտար անտառ հատման նպատակով, փոխարենը պետք է տնկվեր 714 հեկտար անտառ: Այս պարտավորությունն ընկերությունը չի կատարել:

Շնողի բնակիչների հետ հարցազրույցները` անցկացված «ԷկոԼուր»-ի հուլիսի 18-19-ին կազմակերպած մեդիա տուրի շրջանակներում:

«Շնող գետը կապույտ գույն էր ստանում, փրփրում, միայն պատահական օրերին էր, որ ջուրը համեմատաբար պարզ էր լինում: Մինչև ֆաբրիկայի աշխատելը նախկինում նման բան չէր եղել Շնող գետի հետ: 60 տարի այս գետի ափին եմ ապրում, օգտվել ենք, լողացել ենք գետում, բայց հիմա անհնար է, կենդանիներն էլ են վերացել», - ասաց Շնողի բնակիչ Գևորգ Պապյանը, ում այգում իրականացվեց հողի նմուշառում:

«Պոչամբարի արտահոսքերից Դեբեդն աղտոտվում էր, Շնողն աղտոտվում էր, ամբողջ այդ կեղտը լցվում էր մեր այգին, ծառերը չորանում, ստիպված կտրում ենք», - նշեց Շնողի ավագանու անդամ Աշոտ Ադամյանը:

«Փորձագետները պետք է իրենց եզրակացությունը տան` ինչից է չորացել տվյալ մարդու այգին: Ես չեմ կարող ասել` դա հանքից է, թե` ոչ: Բազմիցս ստացել ենք դժգոհություններ, որ այգիների միրգը լավ չի աճում, բայց եթե չունենանք մասնագիտական եզրակացություն` ինչ փոխհատուցման մասին է խոսքը», - ասաց Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանը:

Բնակիչները նաև ցանկանում են պարզել` ինչ ազդեցություն է թողնում հանքարդյունաբերությունը իրենց առողջության վրա: «Առողջապահության ուղղությամբ ոչ մի կանխարգելիչ քայլ չի արվել, չի անցկացվել մեկնարկային վիճակի մոնիտորինգ և պրոֆիլակտիկ ստուգումներ, որպեսզի այսօր տեսնենք` ինչ հետևանք է թողնում հանքարդյունաբերությունն առողջության վրա և ով պետք է պատասխանատվություն կրի դրա համար», - նշեց շնողցի Վարդան Վարդանյանը:

Թեղուտի հանքավայրի շահագործումն արդեն 5 ամիս դադարեցված է: Դեռ պարզ չէ, թե երբ ընկերությունը կվերսկսի աշխատանքները:

«Կոմբինատի փակվելուց հետո 38 հոգի վերականգնվել է տարբեր աշխատանքների, 45 հոգի տեղափոխվել է Արցախ: Այն մարդկանց, ովքեր ազատվել են աշխատանքից, ընկերությունն առայժմ ընդհանուր 5 միլիոն դրամ է տրամադրել` յուրաքանչյուրին մոտ 20.000 դրամ: Խոստացել են, որ դա լինելու է շարունակական: Ընկերությունը վերջին անգամ 41 միլիոն դրամ համայնքի բյուջե ներդրում է կատարել, որով կապիտալ վերանորոգվում է Շնողից Թեղուտ գնացող ճանապարհը», - ասաց Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանը:

«Որքան հարցի լուծումը ձգձգվում է, այդքան անհանգստությունը բնակչության շրջանում աճում է: Եթե լիներ այլընտրանք, մենք կցանկանայինք այլընտրանքը: Բայց այսօր ունենք փաստ: Ես կողմ եմ հանքի աշխատանքին զուտ գյուղի սոցիալական խնդիրը լուծելու համար, իհարկե, բնապահպանական բոլոր նորմերը պահպանելով», - նշեց Դավիթ Ղումաշյանը:

Հողի նմուշներ վերցվեցին նաև Արայիկ Բաբայանի այգուց, որը գտնվում է անմիջապես Դեբեդ գետի ափին: Բաբայանը պատմեց, որ մինչ կոմբիտանի կանգառը գետը պարբերաբար աղտոտվում էր գարշահոտ զանգվածով: Ասում է` Ախթալայի և Թեղուտի կոմբինատների պոչամբարների պոչերն են լցվում գետը:

«3 տարի առաջ եմ գնել այս այգին` 3 հեկտար, 60 հազար դոլարով, տոկոսով, վարկով, իսկ այսօր բոլոր ծառերս չորանում են, - ասաց Արայիկ Բաբայանը, - բողոքել եմ, «Թեղուտ» ՓԲԸ-ն նմուշներ վերցրեց իմ հողից, ստուգեցին ու ասացին, որ մկնդեղն է շատ, բայց դա վնաս չի տալիս: Իրենք հրաժարվում են, որ վնաս են տալիս»:

18:51 Օգոստոս 06, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news