S.O.S Ձորագետ՝ Արմանիսի ոսկու հանքի թափոնները լցվում են գետը

S.O.S Ձորագետ՝ Արմանիսի ոսկու հանքի թափոնները լցվում են գետը

ԷկոԼուր

Լոռու մարզի Ձորագետի վտակ Չքնաղ գետում հայտնաբերվել են մեծ թվով սատկած ձկներ: Այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգում է «Լոռե Էկո-ակումբ» ՀԿ-ի նախագահ Մանյա Մելիքջանյանը:

«Ստեփանավան քաղաքի բնակիչներն ահազանգել են «Լոռե Էկո-ակումբ» ՀԿ` պատմելով, որ քաղաքի մոտ գտնվող Ձորագետ գետի վիճակը օրեցօր վատանում է: Նրանք նշում են, որ Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքը թույնել է մոտ երկու կիլոմետր Ձորագետ գետի տարածքը: Նշված տարածքում տեղացիները մեծ քանակությամբ սատկած ձկներ են հայտնաբերել: Գործարանն ամբողջական չի աշխատում, սակայն էլի մեծ չարիք է չքնաղ Լոռվա աշխարհի համար:

Բնակիչների համոզմամբ, պատճառը Արմանիսում գործող ոսկու հանքից արտահոսող կեղտաջրերն են, որոնք լցվում են գետը: Տեղացիներն ասում են, որ ձկների սատկելու պատճառը Արմանիս գյուղի վարչական տարածքում գործող ոսկու հանքի շահագործումն է, քանի որ այնտեղից դուրս եկած կեղտաջրերը լցվում են գետը և իրենց սև գործն անում:
«Լոռե Էկո-ակումբ» ՀԿ-ն նշում են, որ Ձորագետի խնդիրը նոր չէ: Տարիներ շարունակ գետը աղտոտվում է Արմանիսի ոսկու հանքի բաց եղանակով շահագործման հետևանքով: Հանքավայրը, ինչպես նաև ոսկու ֆաբրիկան տեղակայված են բնակավայրերին շատ մոտ: Բնակիչները տարիներ շարունակ բարձրացնում են ձեռնարկության գործունեությունը հասարակական մոնիտորինգի ենթարկելու հարցը:

Վերը նշված խնդիրը լուծելու նպատակով «Լոռե Էկո-ակումբ» ՀԿ-ն դիմել է Շրջակա միջավայրի նախարարության թեժ գիծ սույն բարբարոսությունը դատապարտելու, պատժելու և պատասխանատվության ենթարկելու պատկան մարմինների ներկայացուցիչներին:

Փրկեք մեր քաղաքի ապագան», - նշված է ահազանգում:

Լուսանկարները՝ shamshyan.com

18:37 Հուլիս 19, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news