ԷկոԼուր
Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքն ընդգրկված չէ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառային ֆոնդում: Այս մասին նշված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանի պատասխան նամակում` ուղղված «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ին:
Հիշեցնենք, որ ԷկոԼուրն ահազանգ էր ստացել ՀՀ Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչներից, որ գյուղին հարակից Թումանյանի անտառպետության տարածքում գտնվող անտառի մի շարք ծառեր համարակալվել են հատման համար: Բնակիչները մտահոգված են, որ անտառահատումները նախատեսված են Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման ուսումնասիրման համար ենթակառուցվածքների զարգացման նպատակով, քանի որ նախկինում այս անտառում հատումներն արգելված են եղել:
Այս կապակցությամբ «ԷկոԼուր»-ը հարցում էր ուղղել «Հայանտառ» ՊՈԱԿ: Ի պատասխան «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը տեղեկացրեց.
«Նշված ծառերը գտնվում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Թումանյանի անտառպետության 25-րդ քառակուսու 64, 66, 59 անտառամասերում, որտեղ, անտառտնտեսության կողմից 2018 թ-ի խնամքի և սանիտարական հատումների նպատակով, տարածքի նախնական ընտրության և հատման համար ծառերի հաշվառման աշխատանքներ են կատարվել:
Նշված տարածքում հատատեղի նախնական հատկացման և հատման համար ընտրված ծառերի մասով դեռ պետք է կատարվեն փաստացի ուսումնասիրություններ, որոնց կարող են մասնակցել նաև շրջակա համայնքների բնակիչները, և մասնագիտական հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա միայն կորոշվի հատատեղի հատկացման հարցը:
Հարկ ենք համարում նշել նաև, որ իրականացվող սանիտարական և խնամքի հատումները նպատակ չեն հետապնդում նպաստել տվյալ ծրագրի օժանդակմանը: Մեր կողմից իրականացվող գործողությունների միակ նպատակը անտառտնտեսական գործունեությունն է, որը նպաստում է անտառի վիճակի բարելավմանը, և, միաժամանակ, բնակչությանն ապահովում է վառելափայտով:
«Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Թումանյանի անտառպետության 25-րդ քառակուսու 64, 66, 59 անտառամասերում նախկինում խնամքի և սանիտարական հատումներն արգելված չեն եղել, սակայն չեն իրականացվել, քանի որ դրանց անհրաժեշտությունը չի եղել:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կատարվել է տեղազննում «ՄԻՌԱՄ» ՍՊԸ-ի ՀՀ Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տարածքում 2017-2020-ի ընթացքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների` շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների` շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի մեջ նշված հանքերևակման նպատակով սահմանազատված 1. Y=8463000 X=4543000, 2. Y=8463000 X=4544000, 3. Y=8463423 X=4544000, 4. Y=8463540 X=4543797, 5. Y=8463543 X=4543347, 6. Y=8463589 X- 4543000 աշխարհագրական կոորդինատներով տարածքը ներառված չէ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառային հողերի հաշվեկշռում»:
Նոյեմբեր 23, 2017 at 18:56