Կբացահայտվեն Հայաստանում մետաղական հանքավայրերի իրական սեփականատերերը

Կբացահայտվեն Հայաստանում մետաղական հանքավայրերի իրական սեփականատերերը

ԷկոԼուր

2020 թ-ին հանրությանը հայտնի կլինեն Հայաստանում մետաղական հանքավայրերի իրական սեփականատերերը:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկին», որը մշակվել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ներդրման շրջանակում:

Նախագծի ընդունմամբ իրավական ուժ ստացավ արդեն իսկ հրապարակված ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման համար անհրաժեշտ միջոցառումների ճանապարհային քարտեզը, որը մշակել է ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խումբը:

ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման նպատակով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ներգրավելով ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը, ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը (այդ թվում, ընդերքի գործակալությունը), ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը (համաձայնությամբ), ՀՀ կենտրոնական բանկը (համաձայնությամբ): Կմշակվեն օրենսդրական ակտեր, որոնք կսահմանեն աշխատանքի կանոնները` այդ թվում ամրագրելով սանկցիաներ չբացահայտման դեպքում, պատասխանատվության բաշխում պետական մարմինների միջև: Միջոցառումների իրականացման արդյունքում կգործարկվի իրական սեփականատերերի առցանց ռեգիստրը:

Միջոցառումների մի մասը կիրականացվի Համաշխարհային բանկի դրամաշնորհի շրջանակներում:
Նշենք, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն Հայաստանում շահագործվում է 22 մետաղական հանք:

14:21 Ապրիլ 09, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news