Ամուլսարի գործով հայցվորները պահանջում են նշանակել նոր փորձաքննություն

Ամուլսարի գործով հայցվորները պահանջում են նշանակել նոր փորձաքննություն

ԷկոԼուր

Ամուլսարի գործով հայցվոր կողմը պահանջում է կրկին փորձաքննության ենթարկել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փաստաթուղթը: Ամուլսարի գործով հերթական դատական նիստը տեղի ունեցավ մարտի 16-ին՝ ՀՀ վարչական դատարանում: Նիստին ներկայացել էին՝ հայցվոր կողմից «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը, Գնդեվազ համայնքի բնակիչ Թեհմինե Ենոքյանը և փաստաբան Հայկ Ալումյանը, պատասխանող կողմից՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչ Ռուզաննա Փիլոյանը, երրորդ կողմից՝ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Սայադ Բադալյանը: Մյուս պատասխանող կողմից՝ ՀՀ բնապահպանության նախարարությունից, դատական նիստին ոչ ոք չէր ներկայացել:

Նիստի մեկնարկին հայցվոր կողմի փաստաբան Հայկ Ալումյանը դատական նիստը նախագահող դատավոր Կարեն Զարիկյանին ներկայացրեց միջնորդություն Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փաստաթուղթը նոր փորձաքննության ենթարկելու վերաբերյալ:

Հայկ Ալումյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից Ամուլսարի ծրագրին տրված փորձագիտական եզրակացությունները արժանահավատ և հիմնավորված չեն: «Այդ երկու եզրակացությունների հավաստիությունը՝ ներառյալ դրանցում կիրառված մեթոդների և վերլուծությունների գիտական հիմնավորվածությունը որոշելու համար անհրաժեշտ են գիտության համապատասխան ոլորտների հատուկ գիտելիքներ: Միջնորդում եմ նշանակել փորձաքննություն, որը կարող է հանձնարարվել կամ մասնագիտացված փորձաքննական հաստատությանը կամ փորձագետի», - մասնավորապես ասաց Հայկ Ալումյանը:

Փորձաքննություն նշանակելու վերաբերյալ հայցվոր կողմի միջնորդության մեջ փորձագետներին առաջադրվող հարցերը հետևյալն են.
1. «Գեոթիմ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայր» նախագծի իրագործումը կարո՞ղ է արդյոք բացասական ազդեցություններ ունենալ Սևանա լճի և նրան սնող ջրաղբյուրների վրա: Եթե այո, ապա ինչպիսի՞նն են այդ հնարավոր ազդեցությունները, ի՞նչ միջոցներ են նախատեսված նախագծով այդ հնարավոր վտանգները բացառելու համար և արդյո՞ք այդ միջոցները բավարար են՝ նման վտանգները լիարժեքորեն բացառելու համար:

2. Արդյո՞ք գիտականորեն հիմնավորված է 17.10.2014 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության» թիվ ԲՖ-76 փորձագիտական եզրակացությունը՝ կապված «Տիգրանես», «Արտավազդես» և «Էրատո» տեղամասերի շահագործման հետ: Եթե այն գիտականորեն հիմնավորված չէ, ապա՝ ո՞ր մասով և ինչո՞ւ:

3. Նախագծի իրագործումը արդյո՞ք չի խաթարում էկոլոգիական համակարգերի հավասարակշռությունը: Եթե խաթարում է, ապա ինչպե՞ս և ինչո՞ւ:

4. Նախագծով նախատեսված է արդյո՞ք օգտագործել.
ա) ջրային օրգանիզմների համար բարձր տոքսիկություն ունեցող նյութեր;
բ) սննդային շղթաներով փոխանցվող և բույսերի ու կենդանիների օրգանիզմներում կուտակվող ոչ բարձր տոքսիկություն ունեցող նյութեր;
գ) Սևանա լճի և նրա մեջ թափվող գետերի, աղբյուրների ջրերում դանդաղ քայքայվող բարձր և ոչ բարձր տոքսիկություն ունեցող նյութեր;
դ) Սևանա լճի էկոհամակարգի համար վտանգավոր, սակայն կենսահամակարգից արագ հեռացվող նյութեր;
ե) թույլատրելի նորմերը գերազանցող կենսածին տարրեր, ծանր մետաղներ կամ նրանց միացություններ:
Եթե այո, ապա որո՞նք են այդ նյութերը:

5. Նախատեսվող գործունեության տարածքում արդյո՞ք առկա են ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրացված տեսակների աճելավայրեր: Եթե այո, ապա որոնք են այդ բուսատեսակները: Արդյո՞ք ծրագրով նախատեսված գործողությունները բավարար են՝ այդ բուսատեսակների թվաքանակի կրճատումը և դրանց աճելավայրերի վատթարացումը կանխելու համար: Եթե բավարար են, ապա ինչո՞ւ:

Փաստաբանի ելույթից հետո դատավորը խոսք տվեց պատասխանող և երրորդ կողմի ներկայացուցիչներին՝ միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնելու համար: Երկու կողմերն էլ նշեցին, որ իրենց ժամանակ է պետք կարծիք և դիրքորոշում ներկայացնելու համար:
Դատավորը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը, և հաջորդ նիստը նշանակեց ապրիլի 28-ին՝ ժամը 15:00-ին:

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերի չեղարկման պահանջով դատարան հայց են ներկայացրել Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի 12 բնակիչներ, «Էկոլոգիական իրավունք» և «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունները: Նիստին մասնակցում էին ակտիվ «կանաչ» խմբերի ներկայացուցիչներ, ովքեր պաստառներ էին պարզել «No Mining Amulsar», «Ջուր, թե՞ ցիանիդ», «Water is life» և այլ գրություններով:

16:53 Մարտ 17, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news