ԷկոԼուր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հուլիսի 6-ին Ջերմուկ քաղաքում հանդիպեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի դեմ պայքարող ցուցարարներին, բնապահպաններին և ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին:
Մինչ դահլիճային հանդիպումը Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռից ծանոթացել էր Ամուլսարի հանքի տարածքին ու շրջակա միջավայրին։ «Եթե մենք հիմա գտնվեինք գործընթացի նախնական փուլում, իմ կարծիքը կլիներ ուղղակի քաղաքական որոշում` պետք չէ Ջերմուկի մոտ որևէ հանք ունենալ, - հանդիպման մեկնարկին ասաց վարչապետը և շարունակեց, - բայց մենք դե յուրե ունենք իրավիճակ, երբ հանքի շահագործման համար աշխատանքների 80 տոկոսն արդեն արված է: Սա իրավիճակ է, որի հետ պետք է հաշվի նստենք, և ցանկացած որոշում պետք է կայացված լինի փաստերի հիման վրա»:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօրվանից Ամուլսարում մեկնարկում են տեսչական ստուգումներ, և խնդրի հանգուցալուծման համար պետք է գտնել երկու հարցի պատասխան. առաջինը` կունենա՞ արդյոք Ամուլսարի ծրագիրը բացասական ազդեցություն ջրային ռեսուրսների վրա, երկրորդը` կունենա՞ արդյոք ծրագիրը բացասական ազդեցություն Ջերմուկ քաղաքի հետագա զարգացման վրա` որպես առողջարանային և զբոսաշրջային կենտրոնի: Նիկոլ Փաշինյանն առաջարկեց գտնել այս հարցերի պատասխանը ՀՀ կառավարության, «Լիդիան Արմենիա»-ի և տեղի բնակիչների ներգրավածությամբ:
«Իմ կարծիքը պետք է ձևավորվի այս երկու հարցերի փորձագիտական հիմնավորված պատասխանների վրա: Ցանկացած որոշում` և նեգատիվ, և պոզիտիվ, ունի իր գինը: Առաջարկում եմ եռակողմ մեխանիզմ ստեղծենք, որպեսզի այս երկու հարցերի պատասխանը գտնենք: Մեզ պետք է փորձագիտական ապացուցված գնահատական, մի պատասխան, որը ապացուցելի լինի», - ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց մի վարկածի մասին, որի համաձայն Ամուլսարի ծրագրի դեմ բողոքի ակցիաները կազմակերպված բնույթ են կրում: Սա առաջացրեց հանդիպմանը ներկա ցուցարարների վրդովմունքը:
«Ուզում եմ ասել, որ ինչ ասելու եմ, պետք է դիտարկել որպես կարծիք: Ինձ, որպես վարչապետի, ասել են, որ կարող է լինի նաև այսպիսի վարկած, որ իրականում հանքի հետ կապված այս պատմության ողջ իմաստն այն է, որ ինչ-որ մարդիկ ուզում են ստեղծել ինչ-որ իրավիճակ, որպեսզի Հայաստանին մեծ դատական գործընթացների մեջ ներքաշեն: Ես չեմ ասում` կա այդպիսի բան և չեմ ասում, որ չկա այդպիսի բան: Հիմա ինչն է ինձ ամենաշատը մտահոգում. եթե մեր խոսակցության մեջ լինեն մարդիկ, լինեն սուբյեկտներ, ովքեր ասեն, որ մեզ չեն հետաքրքրում փաստերը, մենք ունենք մեր ճշմարտությունը, սա խնդիր է: Ես հույս ունեմ, որ բոլոր ներկաները համոզված են, որ մենք և կոնկրետ ես այս հարցում ոչ մի շահադրում չունեմ, բացի ՀՀ-ի հավասարակշռված շահը: Գուցե ինձ համար ամեն ծառն ավելի թանկ է, քան ցանկացած երևույթ, բայց վարչապետի պաշտոնում ես պետք է լինեմ հավասարակշռված», - ասաց Փաշինյանը:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանն ասաց, որ համապարփակ ստուգումներ են անցկացվելու: Ստուգումներին ներգրավված է աշխատանքային խումբ, որը կազմված է մասնագիտական եզրակացություն տրամադրող փորձագետներից և աջակցող առանձին խմբից: Արթուր Գրիգորյանը նշեց, որ ստուգումների համար մեթոդաբանություն, որպես այդպիսին, հնարավոր չէ մշակել:
Ի պատասխան «Լիդիան Արմենիա»-ի կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը նշեց, որ մեթոդաբանություն ունենալը շատ կարևոր է: «Առանց մեթոդաբանության հստակեցման հնարավոր չէ սկսել և հիմնվել արդյունքների վրա: Մեր ուսումնասիրություններն անց են կացվել հստակ մեթոդաբանության վրա: Կոչ ենք անում հավասարակշռված փորձագետների խումբ հավաքել, ոչ թե մարդկանց, ովքեր տարիներ շարունակ Ամուլսարի քննադատությամբ են զբաղվել: Ընկերությունը հետաքրքրված է, եթե սկսվել է գործընթաց, հիմքերը լինեն ճիշտ` ճիշտ մեթոդաբանություն, ճիշտ մարդիկ, որպեսզի ճիշտ փաստերի հավաքագրում անցկացնեն», - ասաց Արմեն Ստեփանյանը:
«Խնդիրն այն է, որ մենք չունենք մշակված մեթոդաբանություն, բայց մենք ունենք օրենսդրական հենք` ինչպես անցկացնել գործընացը: Տվյալ պարագայում մի կողմից տեսչական մարմինը իրականացնում է օրենքով իրեն վերապահված լիազրությունները` ներգրավելով իր կողմից ընդունելի փորձագետների, որոնք աջակցելու են ստուգումներին: Մյուս կողմից կան գերատեսչություններ, որոնք տիրապետում են փաստաթղթերի, և այդ փաստաթղթերը ևս պետք է ուսումնասիրվեն», - արձագանքեց տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջամտեց` նշելով, որ Հայաստանի պետությունը չունի իր սեփական ուսումնասիրությունը ջրային ռեսուրսների և Ջերմուկի վրա ծրագրի հնարավոր ազդեցության վերաբերյալ, և պետք է գիտական ուսումնասիրություն անցկացնել, որի համար ժամանակ է հարկավոր: Վարչապետը բնակիչներից և ընկերությունից հետաքրքրվեց` տալիս են արդյոք նրանք այդ ժամանակը: Բնակիչները համաձայնեցին, իսկ ընկերությունը` ոչ: «Լիդիան Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանն ասաց, որ այդ ուսումնասիրության համար 3 ամիս կպահանջնվի, իսկ իրենց համար յուրաքանչյուր չաշխատած օրը գումարների կորուստ է:
«Սա շատ բացասական ազդակ է բոլոր միջազգային ներդրողների համար: Մենք բոլոր փաստաթղթերն ունենք, եթե ինչ-որ հարցեր կան, դրանք ընկերության գործունեության վրա պետք է չազդեն», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց խիստ. «Հիմա դուք ուզո՞ւմ եք, որ այս հարցը հանգուցալուծվի, թե չեք ուզում: Ինձ ասել են, որ դուք ձեր տնօրենին փոխել եք և բերել եք մի մարդու, որը մասնագիտացված է ոչ թե հանքի շահագործման մեջ, այլ պետություններին դատի տալու մեջ: Դա ճի՞շտ է, թե ճիշտ չէ»:
Հարցին արձագանքեց «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի նոր նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ժոաո Կարելլիոն. «Ես աշխատել եմ միայն պատասխանատու ընկերությունների հետ, ես հանքարդյունաբերության ինժեներ եմ և երբևէ չեմ մասնակցել որևէ միջազգային արբիտրաժային գործընթացի»:
Այնուհետև Ժոաո Կարելլիոն ասաց. «Վերջին երկու ամսվա ընթացքում ընկերությունը 26 օր չի ունեցել աշխատելու հնարավորություն: Երբ ներդրողները նայում են այս իրավիճակին, հարցնում են` արդյո՞ք պետք է շարունակենք ներդրումները, թե թողնենք: Միջազգային հանրությունը հետևում է այս գործընթացին, իսկ ստուգումները կարող են անցկացվել զուգահեռաբար մեր աշխատանքներին»:
Ամուլսարի ծրագրի դեմ պայքարող քաղաքացիները չհամաձայնեցին այս տարբերակի հետ, վարչապետ Փաշինյանը հեռացավ Ջերմուկից` առանց ընդհանուր համաձայնություն ձեռք բերելու: Ցուցարարները հայտարարեցին, որ շարունակելու են փակ պահել դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհը: «Ժողովուրդը դեմ է, որ հանքը շահագործվի, մենք մինչև վերջ կանգնելու ենք: Առողջարանային քաղաքում հանքարդյունաբերությունը հանցագործության հավասար բան ենք համարում», - ասացին ջերմուկցիները:
Հուլիս 06, 2018 at 14:37