«Նիգ Մայնինգ» ՍՊԸ-ն 2018-2020 թթ-ին ոսկի կորոնի «Արևիք» ազգային պարկի հարակից տարածքում

«Նիգ Մայնինգ» ՍՊԸ-ն 2018-2020 թթ-ին ոսկի կորոնի «Արևիք» ազգային պարկի հարակից տարածքում

ԷկոԼուր

«Նիգ Մայնինգ» ՍՊԸ-ն 2018-2020 թթ-ին ոսկի կորոնի «Արևիք» ազգային պարկի հարակից տարածքում: ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն տվեց ընկերության Խդեբանցի ոսկու հանքերևակումում երկրաբանահետախուզական աշխատանքների հայտին:

Խդեբանցի ոսկու հանքերևակումը ընդգրկում է ՀՀ Սյունիքի մարզի Շվանիձոր և Ծավ գյուղերին պատկանող տարածքները: Աշխատանքները կիրականացվեն 529.2 հեկտարի վրա:Կհորատվի 50-ից մինչև 100 մետր խորությամբ 40 հորատանցք:

Խդեբանցի հանքերևակման դաշտի երկրաբանական ուսումնասիրությունների համար հայցվող տարածքը հարավում սահմանակից է «Արևիք» ազգային պարկի տարածքին: Ըստ հայտի` երկրաբանական ուսումնասիրությունների համար հատկացված տարածքում կարմիրգրքյան կենդանատեսակներ և բուսատեսակներ չկան: Սակայն նախատեսվող գործունեության հարակից տարածքներում հաճախ հանդիպում են ՀՀ Կարմիր գրքում գրանցված Հնդկական մացառախոզը, Լայնականջ ոզնին և Անտառակատուն: Բարձրադիր լեռներում կարող են հանդիպել Գորշ արջը և Ընձառյուծը, որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

Այսպիսով, հանքարդյունաբերության ճնշումը «Արևիք» ազգային պարկի վրա մեծանում է: Ներկայում ազգային պարկի կողքին «Թաթսթոուն» ՍՊԸ-ն շահագործում է Լիճքի պղնձի հանքավայրը: Հիշեցնենք, որ այս հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերն առ ոչինչ ճանաչելու պահանջով «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ն դատական հայց է ներկայացրել ՀՀ բնապահպանության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների դեմ: Հայցվոր կողմի պնդմամբ` հանքավայրը մասամբ գտնվում է «Արևիք» ազգային պարկի և «Բողաքար» պետական արգելոցի տարածքում: Գործը դեռ քննվում է:

Ազգային պարկին հարակից է նաև Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրը, որի շահագործման համար դրական եզրակացություն տրվել էր դեռ 2013 թ-ին: Հանքի շահագործողը «Ակտիվ լեռնագործ» ՍՊԸ-ն է:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության տեղեկանքի համաձայն` 2016 թ-ին օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք է տրվել «Ղարագուլյաններ» ՍՊԸ-ի Վարդանիձորի ոսկի բազմամետաղային հանքավայրի համար: Այս հանքավայրը «Արևիք» ազգային պարկից գտնվում է մոտ 1 կմ հեռավորության վրա:

2017թ-ին դրական եզրակացություն ստացավ «Polymetal International» խմբի մեջ մտնող «Լիճքվազ» ՓԲԸ-ի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի շահագործման հայտը: Հանքավայրը տեղակայված է Մեղրու տարածքաշրջանում, որտեղ գտնվում է «Արևիք» ազգային պարկը։

2014 թ-ին բնապահպանական դրական եզրակացություն ստացավ «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ի Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը: Այս հանքավայրի շահագործումը կանգնեցված է: WWF-Հայաստանի համաձայն` հանքավայրի մոտ 60 % գտնվում է «Արևիք» ազգային պարկի տարածքում:

 

16:22 Մարտ 07, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news