Նամակ նախարարություններին. Գլաձոր և Վերնաշեն համայնքները համաձայնություն չեն տալիս Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման համար

Նամակ նախարարություններին. Գլաձոր և Վերնաշեն համայնքները համաձայնություն չեն տալիս Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման համար

ԷկոԼուր

Վայոց ձորի մարզի Գլաձոր և Վերնաշեն համայնքները համաձայնություն չեն տալիս Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման համար: Այս կապակցությամբ երկու համայնքների համայնքապետերը նույնաբովանդակ նամակներ են ուղարկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և ՀՀ բնապահպանության նախարարություններ:

«2017թ-ի հուլիսի 18-ին` ժամը 1700-ին, Գլաձորի միջնակարգ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում «Վայկ մետալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ստորգետնյա եղանակով շահագործման նախնական լսումների 1-ին փուլին նախնական համաձայնություն տալու նպատակով: Լսումներին մասնակցում էին համայնքի բնակիչները: Լսումների ժամանակ տեղի ունեցավ քվեարկություն, բնակիչների մեծ մասը դեմ քվեարկեց հանքավայրի ստորգետնյա շահագործմանը, և պահանջում ենք «Վայկ մետալ» ընկերությանը չտրամադրել համապատասխան լիցենզիա և այլ թույլատրող փաստաթղթեր:

Հիմնավորում

Գլաձորի հանքաքարում առկա մետաղները և տարրերը լուրջ ռիսկեր են պարունակում հանքի երկրաբանահետախուզական աշխատանքների և շահագործման փուլերում շրջակա միջավայրի և մարդու առողջության համար: Ըստ «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գիտական աշխատության (Երեւան 2011թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտ, հեղինակ՝ երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյան)՝ Գլաձորի հանքաքարում ամենամեծ բաժինն ընկնում է կապարին: Միայն կանխատեսվող տվյալներով հանքավայրում կապարի պարունակությունը 861,5 հազար տոննա է: «Կապարի ցուցանիշները և IQ մակարդակը Ալավերդիի, Ախթալայի և Երևանի երեխանների շրջանում» ուսումնասիրության (Սիրան Գրբոյան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Երևան, 2014թ., http://aua.am/chsr/UserFiles/File/new/Thesis%202013/Grboyan%20Siran_%202014.pdf ) մեջ նշված է. «Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը դասակարգում է կապարի միացությունները որպես կարցինոգեններ: Որոշ ուսումնասիրություններում ցույց է տրված կապարի ազդեցության և թոքերի, ստամոքսի, գլխուղեղի, երիկամների, միզապարկի, հաստ աղիքի և ուղիղ աղիքի քաղցկեղի միջև փոխկապակցվածությունը…Կենդանիների վրա լաբորատոր ուսումնասիրությունները ցույց են տալիս կապարի ազդեցության և քաղցկեղի կապը»:

Հանքաքարում բարձր է նաև ծծումբի պարունակությունը` 3405500 տոննա: Ծծումբն ազատ վիճակում թթվածնի և խոնավության միջավայրում առաջացնում է ծծմբական թթու, որն ամենաքիչ քանակության դեպքում իր մեջ է լուծում ծանր մետաղների աղերը, և, ներթափանցելով ընդերք, լուրջ սպառնալիք է ստորգետնյա ջրավազանի համար, իսկ մակերեսային ջրերի աղտոտումն ակնհայտ է:

Հանքավայրի հարակից տարածքում գտնվող խնձորի, խաղողի, ծիրանի պտղատու այգիները ոռոգվում են Գլաձորի հանքավայրի տարածքից եկող ջրով, քանի որ այլ աղբյուրներ չկան: Խմելու ջուրը նույնպես հանքավայրի տարածքից է: Հանքի հետախուզման, առավել ևս շահագործման հետևանքով մեր խմելու և ոռոգման ջրերը կթունավորվեն և կդառնան օգտագործման համար անպիտան:
Հանքավայրի և հարակից տարածքներից մենք մոտ 9 ամիս ուտելի բույսեր և դեղաբույսեր ենք հավաքում, որը նույնպես կայուն եկամուտի աղբյուր է:

Հանքավայրի բացումն աղտոտելու է Հեր-Հեր գետը, որի վրա կառուցված է Հեր-Հերի ջրամբարը, որտեղ զբաղվում են ձկնաբուծությամբ: Այդ ջուրը հետո թափվում է Արփա գետ, այսինքն, թունավորվելու է նաև Արփա գետը: Աղտոտվելու է նաև Մալիշկա վտակը, այն անմիջապես հանքավայրի սարալանջից է դուրս գալիս, ներքևում գտնվում է Մալիշկա գյուղը, որը նույնպես տուժելու է, ինչը կխոչընդոտի մեր տարածաշրջանի զարգացմանը:

Բացի գյուղատնտեսությունից, մեր տարածաշրջանում զարգանում է զբոսաշրջությունը: Մեզ մոտ են են գտնվում պատմամշակութային արժեքավոր հուշարձաններ` Սպիտակավոր վանքը, Պռոշաբերդը, Թանադե վանքը, Արկազի Սուրբ խաչ վանքը, Գլաձորի համալսարանը: Տուրիզմը բազմապատիկ անգամ ավելի շատ եկամուտ կարող է բերել, քան հանքարդյունաբերությունում ստեղծված աշխատատեղերը:
Հանքավայրի շրթունքից ընդամենը 650 մ հեռավորության վրա է գտնվում Եղեգնաձորի արգելավայրը, որը ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի և մուֆլոնի և այլ տեսակների բնակատեղին է, ինչը նպաստում է էկոտուրիզմի զարգացման ծրագրերի ներդրմանը»,- գրված է նամակներում:
Վերնաշենի համայնքապետի նամակում նաև նշված է. «Այդտեղ ունենք խաղողի 12 հեկտար այգի, որը «Վերնաշեն» գինու հումքն է տալիս: Մենք հաշվարկել ենք, որ միայն Վերնաշեն համայնքը գյուղատնտեսական գործունեությունից տարեկան ստանում է 300-360 միլիոն դրամի եկամուտ: Հանքի շահագործումը մեզ կզրկի մեր եկամուտի աղբյուրից»:

Վերջում նշվում է, որ Գլաձորն ու Վերնաշենը համաձայնություն չեն տալիս որևէ հանքարդյունաբերական աշխատանքի` երկրաբանահետախուզական կամ շահագործման, իրականացման համար:

17:56 Օգոստոս 10, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news