Իրավագետներ` բնապահպանական փորձագիտական եզրակացությունը պետք է համարվի վարչական ակտ

Իրավագետներ` բնապահպանական փորձագիտական եզրակացությունը պետք է համարվի վարչական ակտ

ԷկոԼուր

Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ դատական գործընթացի ձգձգման հիմնական պատճառը բնապահպանական փորձագիտական եզրակացությունը որպես վարչական ակտ ճանաչելու խնդիրն է: Հարցը բարձրացնում է Ամուլսարի գործով փաստաբան Հայկ Ալումյանը, ով դատարանում ներկայացնում է Ամուլսարի ծրագրի ազդեցության տակ գտնվող Գնդեվազ համայնքի 12 բնակիչների և «Էկոլոգիական իրավունք» և «Էկոդար» հասարակական կազմակերպությունների շահերը:

«Փորձագիտական եզրակացությունը վարչական ակտ է, թեև դա վերնագրված է փորձաքննություն: Մեր թե վարչական, թե քաղաքացիական, թե քրեական, թե սահմանադրական դատավարությունում ընդունված է, որ փորձաքննությունը ապացույցի մի տեսակ է: Եթե հիմք ընդունենք իր բովանդակությունն ու արտաքին ազդեցությունը, ապա այն համապատասխանում է վարչական ակտի ատրիբուտներին: Փորձագիտական եզրակացությունը կայացվում է վարչական մարմնի կողմից, ունի արտաքին ներգործություն, ընդ որում, ունի արտաքին ներգործություն առանց լրացուցիչ գնահատումների: Այսինքն, եթե մենք ասում ենք՝ սա ապացույց է, ուրեմն այդ ապացույցը պետք է գնահատվի, հետո նոր ինչ-որ իրավական հետևանքներ ունենա: Իսկ փորձագիտական եզրակացության դեպքում այդ փաստաթուղթը, առանց որևէ մարմնի կողմից գնահատվելու, արդեն իսկ իրավական հետևանքներ է առաջացնում: Ես ուզում եմ, որ մենք կարողանանք Ամուլսարի գործով այս հարցի վերջնական լուծումը ստանանք, որ հետագայում սա չդառնա խնդրո առարկա», - ԷկոԼուրի հետ զրույցում իր տեսակետը ներկայացրեց փաստաբան Հայկ Ալումյանը:

Փորձագիտական եզրակացություն փաստաթղթի կարգավիճակին անդրադառնալով` ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն ասաց. «Բնապահպանության նախարարության մասնագետները հարց են տալիս` արդյոք փորձագիտական եզրակացությունը համարվում է վարչական ակտ, թե՝ ոչ և ինչպես կարելի է սա վիճարկել: Այս հարցի պատասխանն ընդհանրապես չկա: Փորձաքննական եզրակացությունը միանշանակ պետք է համարվի վարչական ակտ, որ այստեղ քննարկման առարկա էլ չլինի»:
Նշենք, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ դատավարության ընթացքում ՀՀ Վարչական դատարանը փորձագիտական եզրակացությունը համարել է վարչական ակտ:

14:03 Փետրվար 21, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news