Դատական խառնաշփոթ՝ Գլաձորի հանքավայրի շուրջ

Դատական խառնաշփոթ՝ Գլաձորի հանքավայրի շուրջ

ԷկոԼուր

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը սեպտեմբերի 12-ին պետք է որոշում կայացներ ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձորի համայնքապետ Արմեն Մովսիսյանի բողոքի վերաբերյալ ընդդեմ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի որոշման, որով բավարարվել է «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի պահանջը՝ չխոչընդոտել ընկերության կողմից երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել Գլաձոր համայնքի տարածքում ընկերության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության միջև կնքված պայմանագրի հիման վրա: ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան ուղարկված Արմեն Մովսիսյանի բողոքի մեջ նշված է, որ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի որոշումն անհիմն է և անօրինական:
Ինչպես ԷկոԼուրին հայտնեց Արմեն Մովսիսյանի փաստաբան Նազելի Վարդանյանը, դատավորի որոշմամբ սեպտեմբերի 12-ի նիստը հետաձգվել է «որոշ հանգամանքներ պարզելու համար», իսկ հաջորդ դատական նիստի օրը դատավորը չի հայտնել:

Նշենք, որ «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն ՀՀ բնապապանության նախարարություն բնապահպանական փորձաքննության էր ներկայացրել Գլաձորի բազմամետաղային հանքավայրը բաց և փակ եղանակներով շահագործելու նախագիծ, այլ ոչ երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման հայտ: Հանքավայրի ազդակիր Գլաձոր և Վերնաշեն համայնքները դեմ քվեարկեցին ընկերության ներկայացրած նախագծին: ՀՀ բնապահպանության նախարարությունը բացասական փորձաքննական եզրակացություն տվեց նախագծին և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը մերժեց ընկերությանը ընդերքօգտագործման իրավունք տրամադրել:
Ընկերությունը երկու ճակատով մտավ դատարան: Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի դատարանում հայց ներկայացնելով Գլաձորի համայնքապետի դեմ, Երևանի վարչական դատարնում` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնականա պաշարների, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարությունների դեմ` պահանջելով անվավեր ճանաչել ընկերությանը մերժողը նախարարությունների փաստաթղթերը: Դատավարության ընթացքում ընկերությունը հրաժարվեց ՀՀ բնապահպանության նախարարության դեմ հայցապահանջից:

Փաստաբան Նազելի Վարդանյանը շեշտում է, որ ընկերության հայցն` ընդդեմ Գլաձորի համայնքապետի, ի սկզբանե սխալ ընթացք է ունեցել, քանի որ այն պետք է քննվեր ոչ թե Արարատի և Վայոց ձորի առաջին ատյանի դատարանում, այլ ՀՀ Վարչական դատարանում:

«Արմեն Մովսիսյանին դատի են տվել ոչ թե որպես քաղաքացի, այլ որպես պաշտոնատար անձ, իսկ պաշտոնատար անձանց գործողությունները քննում է Վարչական դատարանը: Առաջին ատյանի դատավոր Հենրիկ Դարբինյանը չպետք է այդ վարույթն ընդուներ: Դատավորը Վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան որոշում է կայացրել, բայց ինքը իրավունք չունի: Պաշտոնատար անձի գործողություններ են վիճարկում և պարտադրում որոշակի գործողություններ կատարել, իսկ դա կարող է անել միայն Վարչական դատարանը», - ասաց Նազելի Վարդանյանը:
«Վայկ Մետալ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության ՀՀ վարչական դատարանը բավարարեց, քանի որ նախարարությունը մերժման մասին գրություն էր ուղարկել ընկերությանը` առանց վարչական վարույթ իրականացնելու: Ազդակիր Վերնաշեն համայնքը բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ դատարան` պահանջելով բեկանել և նոր քննության ուղարկել ՀՀ վարչական դատարանի կայացրած վճիռը և Վերնաշենին ճանաչել որպես երրորդ կողմ: Սակայն բողոքը վարույթ չի ընդունվել, քանի որ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունը իրականացրել է վարչական վարույթ և նախարարի հրամանով մերժել է ընկերությանը ընդերքօգտագործման իրավունք տրամադրել:

Երկու ամիս առաջ «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն կրկին փորձեց ստանալ Գլաձոր և Վերնաշեն համայնքների համաձայնությունը Գլաձորի հանքը այս անգամ միայն փակ եղանակով շահագործելու համար: Գլաձորի և Վերնաշենի բնակիչները հերթական անգամ մերժեցին ընկերությանը: Մինչ օրս նոր նախագիծ ՀՀ բնապահպանության նախարարություն ընկերությունը չի ներկայացրել:

15:21 Սեպտեմբեր 13, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news