Ապրիլի 3-ին կքննարկեն Գնդեվազի վրա Ամուլսարի ցիանային հարթակի ազդեցության հարցը

Ապրիլի 3-ին կքննարկեն Գնդեվազի վրա Ամուլսարի ցիանային հարթակի ազդեցության հարցը

ԷկոԼուր

Ապրիլի 3-ին Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքում տեղի կունենա Ամուլսարի ծրագրի ռիսկերի վերաբերյալ քննարկում:

Ինչպես ԷկոԼուրին հայտնեց Գնդեվազի համայնքապետ Հայրապետ Մկրտչյանը, քննարկվելու է հիմնականում երեք հարց: «Առաջին հարցն այն է, որ ցիանային հարթակը շատ մոտ է գտնվում մեզ, և մենք բարձրացրել ենք դրա ազդեցության հարցը: Երկրորդը՝ մրգատու ծառերի վրա ազդեցության հարցն է: Եվ երրորդը հարցը վերաբերում է Ջերմուկի առողջարաններին և բաց հանքին, որքանով են դրանք համատեղելի իրար հետ», - ասաց Գնդեվազի համայնքապետը:

Նշենք, որ այս քննարկումը նշանակված էր մարտի 16-ին: Սակայն հետաձգվել է ընկերության համապատասխան մասնագետների արտասահմանում գտնվելու պատճառով:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Գնդեվազի բնակիչները բարձրացրել էին Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման և ցիանային ֆաբրիկայի կառուցման ռիսկերը վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ: Վարչապետը խոստացել էր բնակիչներին, որ մարտի 16-ին ընկերության հետ կայանալիք հանդիպմանը ներկա կլինեն նաև պետական կառույցների այն ներկայացուցիչները, ովքեր իրենց ստորագրությունն են դրել թույլատրող փաստաթղթերի տակ:

Ամուլսարի հանքավայրը գտնվում է Վայոց ձորի և Սյունիքի սահմանագծին: Հանքը բաց եղանակով շահագործելու է «Lidian International» ընկերությունը` ի դեմս «Lydian Armenia» դուստր ձեռնարկության: Հանքաքարից ոսկին կորզվելու է ցիանիդի միջոցով` Գնդեվազի վարչական տարածքում կառուցվող ցիանային հարթակում:

16:09 Մարտ 15, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news