ՄԻՊ-ն առաջարկում է ապահովել «Թեղուտ»-ում ստուգումների իրականացումը

ՄԻՊ-ն առաջարկում է ապահովել «Թեղուտ»-ում ստուգումների իրականացումը

ԷկոԼուր

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առաջարկում է ապահովել «Թեղուտ» ՓԲԸ-ում անհրաժեշտ ստուգումների իրականացումը:

ՄԻՊ-ի 2017 թ-ի տարեկան հաղորդման մեջ ասված է.

««Թեղուտ» ՓԲԸ-ում բնապահպանական ստուգումների իրականացման հարցը և դրա հետևանքով առաջացած խնդիրները մշտապես տեղ են գտել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցներում և հաղորդմամբ։ Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում առաջացած խնդիրներին 2017 թ-ի ընթացքում բազմիցս անդրադարձել են նաև բնապահպանները http://ecolur.org/hy/news/teghout/locals-beating-an-alarm-signal-shnogh-river-and-areas-irrigated-with-its-water-polluted-because-of-teghouttailing-dump-leaks-photos/9451/:
Հանքաքարի արդյունահանումն ու հարստացումը ուղեկցվում է տարբեր տոքսիկ քիմիական նյութերով և ծանր մետաղներով աշխատանքային և շրջակա միջավայրի աղտոտմամբ, ինչն իր բացասական ազդեցությունն է թողնում շրջակա միջավայրի վրա։

Այդ ամենի հետևանքով խաթարվում է նաև բնակչության առողջության պահպանումը, մասնավորապես՝ օդ-ջուր-հող-գյուղմթերք համակարգով ծանր մետաղների, այդ թվում՝ տոքսիկության առաջին դասի տարրերի, սնման շղթայի տարբեր օղակներ ներթափանցման արդյունքում առաջ են գալիս էկոլոգիական և բնակչության առողջության հետ կապված ռիսկեր https://www.ecolur.org/files/uploads/pdf/RIO%2020%20hayecakarg/rio20hayetsakarg.pdf: Թեև բնապահպանության նախարարությունից տարիներ շարունակ ներկայացվում են տվյալներ առ այն, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն ընդգրկված է եղել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության ստուգման ենթակա կազմակերպությունների` 2013, 2014 և 2015, ինչպես նաև 2017 թվականների ցանկերում, սակայն ինչպես այդ տարիների, այդպես էլ 2016 և 2017 թվականների ընթացքում տեսչական ստուգումներ չեն իրականացվել։

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով բնապահպանների կողմից Թեղուտի պոչամբարի մասին պարբերաբար հրապարակվող խնդիրները՝ առաջարկվում է ապահովել «Թեղուտ» ՓԲԸ-ում անհրաժեշտ ստուգումների իրականացումը»:

Հիշեցնենք, որ 2015 թ-ին բնապահպանական կազմակերպությունները դատական կարգով պահանջեցին բնապահպանության նախարարությունից ստուգումներ անցկացնել «Թեղուտ» ՓԲԸ-ում: Գործը կարճվեց ՀՀ կառավարության ընդունած որոշման հետևանքով, որով կասեցվեցին հանրապետության տարածքում բոլոր պլանային ստուգումները:

2018 թ-ի հունվարի 12-ից «Թեղուտ» ՓԲԸ դադարեցրեց Թեղուտի պնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը: Ընկերության համաձայն` պատճառը պոչամբարի անվտանգության և ֆինանսական խնդիրներն են: Փետրվարին ընկերությունը 1190 աշխատակցից 1032-ի աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ ծանուցումներ ուղարկեց: Թեղուտի բնակիչները «ԷկոԼուր»-ին հայտնեցին, որ ապրիլի 1-ին աշխատակիցներն ազատվել են աշխատանքից:

18:54 Ապրիլ 11, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news