«էկոլոգիական անվտանգությունը հավասարազոր է ռազմական անվտանգությանը». բնապահպանները` ոլորտի խնդիրների և անելիքների մասին

«էկոլոգիական անվտանգությունը հավասարազոր է ռազմական անվտանգությանը». բնապահպանները` ոլորտի խնդիրների և անելիքների մասին

ԷկոԼուր

ՀՀ նոր կառավարության ձևավորումից հետո բնապահպանական հանրությունը տարբեր հարթակներում քննարկումներ անցկացրեց և պատրաստեց առաջարկություններ կառավարությանը: Ոլորտի խնդիրները, ռիսկերը և իրենց առաջարկությունները ներկայացրեցին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը, «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը և «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը «Մեդիա կենտրոնում»  մայիսի 22-ին տեղի ունեցած քննարկում ժամանակ:

«Ինչպես հին, այդպես էլ նոր կառավարության օրոք հասարակությունը մնում է իր դիրքորոշմանը: Մենք պետք է պահանջատեր լինենք, բարձրաձայնենք մեր խնդիրները և պահանջենք դրանց լուծումները: Առաջին մեր պահանջը` բարձրացնել կառավարության հաշվետվողականությունը քաղաքացիական հասարակության առջև: Երկրորդը` ապահովել թափանցիկություն: Երրորդը` քննարկել բոլոր կառավարության ծրագրերն ու որոշումները քաղաքացիական հասարակության հետ», - ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

Հրատապ խնդիրներից Ւնգա Զարաֆյանն առանձնացրեց հանքարդյունաբերության ոլորտը` շեշտը դնելով Ամուլսարի և Թեղուտի հանքավայրերի շահագործման ծրագրերի վրա: Կառավարությանն ուղարկված առաջարկությունների փաթեթում առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրին տրված 2016թ-ի ՀՀ բնապահպանության նախարարության փորձաքննական դրական եզրակացությունը: Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի դեպքում` ճանաչել կառավարության և «Թեղուտ» ՓԲԸ-ի պատասխանատվությունը Լոռու մարզի Շնող համայնքի տարածքում շրջակա միջավայրի ոչնչացման, անդրսահմանային ջրերի աղտոտման, տեղի բնակչության սոցիալական մակարդակի իջեցման համար: Ինչպես նաև գնահատել պատճառված վնասների չափերը, ապահովել վնասների համարժեք գումարների վերականգնումը ՀՀ պետական բյուջե, ընկերության ղեկավարությանը պարտավորեցնել` ներկայացնելու հողերի, անտառների ոչնչացման, ջրերի աղտոտման կանխարգելմանն ուղղված նոր պլան և պարտավորեցնել փոխհատուցում վճարել տեղի բնակիչներին պատճառված վնասների դիմաց:

Ամուլսարի ցիանային հարթակի տարածքը

Դեբեդ գետը` Թեղուտի պոչամբարի արտահոսքերից հետո

Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն ընդգծեց, որ կառավարությունը պետք է ունակ լինի գնահատելու` ինչ է պետությունը ստանում և կորցնում հանքարդյունաբերական ծրագրերի իրագործման հետևանքով:

«Հայաստանում մենք ունենք հանքարդյունաբերություն, որը տալիս է ՀՆԱ-ի միջին արժեքով մոտ 3 տոկոսն ընդամենը և ստեղծում է 10.000 ժամանակավոր աշխատատեղ: Բերած հարկերն էլ ժամանակավոր են, որովհետև հանքերը Հայաստանում ունեն 5-10 տարի կյանք: Ունենք ընդամենը 2-3 հանքավայր, որոնք կարող են շահագործվել 50 և ավելի տարի: Մենք պետք է կշռադատված հաշվարկենք` արդյո՞ք նոր հանքերի բերած ժամանակավոր սոցիալական և այլ օգուտները կարող են համատեղելի լինել այն վնասների հետ, որոնք նրանք թողնում են: Երբ նայում ենք հանքերի գործունեությանը, դրանց գերակշիռ մեծամասնությունն աշխատում է վնասով: Այսօր մենք ունենք 4-5 հանքավայր, որոնց համար ժամանակին տրվել են թույլտվություններ, ինչ-որ մարդիկ եկել, բացել են, կես տարի կամ մեկ տարի ինչ-որ գործունեություն են արել և թողել, հեռացել են, որովհետև պաշարների քանակները, տնտեսական էֆեկտները չեն համապատասխանել նրանց նախագծերին: Այդպես եղավ Թեղուտում աղետալի մակարդակով, քանի որ Թեղուտը մեծ հանք էր: Նույնը սպասվում է Ամուլսարին, որովհետև Ամուլսարի նախագծում պաշարները չեն համապատասխանում իրականությանը, այդ ամեն ինչն արված է ոչ հավաստի տվյալներով: Գնատահատված է C2 կատեգորիայով հանքի պաշարները իբր 73 տոննա ոսկի, սա նշանակում է, որ բացելուց հետո կարող է պարզվել որ ոչ թե 73, այլ 30 տոննա է: Սա կոչվում է երկրաբանական ռիսկ, և եթե հանկարծ նման բան պարզվի, ոչ մի պատասխանատվության մեխանիզմ չկա: Նույնը շարունակվում է Մեղրիում, Կապանի շրջակայքում: Գործըթնացները գնում են, իսկ նոր կառավարությունից դեռ չենք ստացել այն ուղերձը, որ մենք պատրաստ ենք որոշակի քայլերի, քան օրենքներ, հանձնարարականներ մշակել, ինչ անում էր նախորդ կառավարությունը: Պետք են հստակ քայլեր, որոնք ցույց կտան, որ կա պատրաստակամություն ինչ-որ գործողություններ անելու: Հիմա մենք տեսնում ենք, որ ժողովուրդն է իր քայլն անում` տարբեր տեղերում մերժելով հանքերի նախագծերը, լսումները. հանրային պահանջն արդեն դրվել է այլ մակարդակում», - ասաց Լևոն Գալստյանը:

«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը խոսեց հանքարդյունաբերության ոլորտում տնտեսական և սոցիալական բաղադրիչի մասին և բերեց մի քանի ցուցանիշներ հանքարդյունաբերության ոլորտի օգուտներից: «2.5 տոկոս ՀՆԱ, մոտ 0.8 տոկոս աշխատաշուկա, այն դեպքում, երբ գյուղատնտեսությունը 15 տոկոս է: Մի ցուցանիշ կա, որի վրա շատ են շեշտադրում. հանքարդյունաբերությունն ապահովում է Հայաստանից արտահանվող ապրանքների շուրջ 1.3-ը` մոտ 600 միլիոն դոլարի մասին է խոսքը: Հայաստանից արտահանվում է հանքանյութ, լավագույն դեպքում` նախնական վերամշակում անցած: Սա ոչ թե օրինակ է, թե ինչ կարևոր է հանքարդյունաբերությունը տնտեսության համար, սա օրինակ է, թե ինչ վիճակում է գտնվում տնտեսությունը: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում տնտեսություն չկա: Նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում խոսեց Հայաստանի զարգացման տեսլականի մասին` տուրիզմի զարգացման, որպես տնտեսության զարգացման հետանկար, խոսեց գյուղատնտեսության մասին: Սրանք այն երկու ոլորտներն են, որոնք առավել խոցելի են հանքարդյունաբերության նկատմամբ: Այն պատրանքները, որ հանքարդյունաբերությունը կարող է զուգահեռ զարգանալ այս երկու ոլորտի հետ, այն մարդիկ, ովքեր նման բան են պնդում, պետք է մեկ օրինակ ցույց տան: Այս թեզը հատկապես ակտիվ էր Թեղուտի ծրագրի ժամանակ, և մենք տեսանք` ինչ տեղի ունեցավ: Ամուլսարի պարագայում նույն իրավիճակն է. արդեն իսկ շինարարության փուլում պարզ է, որ ընկերությունն ի վիճակի չէ անել այն ամենը, ինչի մասին խոսում է: Արդեն երեք անգամ ջրագիծ են վնասել: Դա պարզագույն հողաշինարարարական աշխատանք է, եթե դու դրա ժամանակ երեք անգամ խմելու ջրագիծ ես վնասում, ինչպե՞ս կարող ես ցիանային արտադրություն այդտեղ իրականացնել: Ըստ բնապահպանության նոր նախարարի, եթե պարզվի, որ Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում թույլ են տրվում շեղումներ, դա կարող է հիմք հանդիսանալ պայմանագիրը խզելու համար: Եթե այդպիսի շեղումները կարող են հիմք հանդիսանալ հանքարդյունաբերական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը խզելու համար, այդ դեպքում Հայաստանի մյուս բոլոր հանքավայրերը գործում են շեղումներով: Ո՞ր մեկի պայմանագիրն եք խզել: Երբ կխզեք Ագարակի, Քաջարանի, Թեղուտի, Սոտքի պայմանագրերը, որովհետև դրանք գործում են իրենց շեղումներով, այդ դեպքում կարող ենք խոսել նրա մասին, որ Ամուլսարի շահագործման պարագայում ևս կարող է լինել այսպիսի հետևանք», - ասաց Արթուր Գրիգորյանը` շեշտելով, որ կառավարման համակարգը պետք է ամբողջությամբ վերանայի իր մոտեցումները:

Նա նաև խոսեց հանքարդյունաբերության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մասին` բերելով օրինակներ. «Գեղիի հանքավայրը գտնվում էր չքնաղ վայրում: Սյունիքի նախկին մարզպետը ստացել էր թույլտվություններ, այդ հանքավայրը որոշ ժամանակ աշխատեց, աղտոտեց այն ամենը, ինչ հնարավոր էր, հետո վաճառեցին Քաջարանի կոմբինատին, որը եկավ, փակեց հանքը ու գնաց: Իրեն պետք չէր այդ հանքավայրը: Ինչո՞ւ այդ դեպքում գնեց, ինչո՞ւ առհասարակ տվեցին այդ թույլտվությունները, չկա՞ այստեղ կոռուպցիոն ռիսկ, չկա՞ն փողերի լվացման հետ կապված խնդիրներ, մի գուցե պետք էր ինչ-որ մարդկանց գումար վճարել, և դա պետք էր անել ինչ-որ գործարքի միջոցով, որպեսզի գումարային շարժերը համարվեն օրինական: Նույն մեխանիզմը գործում է նաև մյուս հանքավայրերի պարագայում. Տաշտունի հանքավայրը բացվեց ու միանգամից կանգնեց, Լիճքի հանքը, վստահ եմ, նույնպես կանգնելու է: Իրենց նպատակը ոչ թե շահագործելն է, առավել ևս նորմալ շահագործել և տնտեսության համար արդյունք ապահովել, իրենց նպատակն է իրար մեջ գումարների տալիք-առնելիք հարցերը կանոնակարգել»:

Քաջարանի պղնձամոլբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբար

Ագարակի պղնձամոլբդենային կոմբինատի հոսքաջրերը

Լիճքի պղնձի հանքը

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը նշեց, որ հանքարդյունաբերությունն ամենառիսկային ոլորտն է առողջապահության տեսակետից: Այդ մասին վկայում են բազմաթիվ ուսումնասիրություններ: Նա ասաց, որ նախկին կառավարության օրոք առողջապահության նախարարությունը մշտապես հեռու է մնացել շրջակա միջավայրի խնդիրներից և հույս հայտնեց, որ նոր կառավարությունն այլ մոտեցում կցուցաբերի:  

Հրատապ խնդիրներից առանձնացվեցին նաև Սևանա լիճը, Արարատյան դաշտը, անտառներն ու փոքր ՀԷԿ-երը: «Յուրաքանչյուր տարի բարձրանում է Սևանա լճից հավելյալ ջրառի հարցը: Մենք պահանջում ենք ընդհանրապես այդ հարցը հանել օրակարգից, որովհետև Սևանա լիճն արդեն շատ վատ վիճակում է: Մեզ համար Սևանա լիճը պետք է մնա առաջնահերթություն: Ունենք օրենք Սևանի մասին, և այդ օրենքը պետք է պահպանվի:

Արարատյան դաշտը ձկնաբուծարանների պատճառով հայտնվեց աղետալի վիճակում, և  այդ հարցը լուծված չէ: Արարատյան դաշտում ջրի հարցը չպետք է լուծվի Սևանի հաշվին: Այն մարդիկ, ովքեր տվել են թույլտվություն, պետք է պատասխանատվության կանչվեն, և Ջրպետկոմը պետք է  փոխի կառավարման մեթոդը:

Ոչնչանում են մեր անտառները, որովհետև մարդիկ ասում են` պետք է տաքացնենք մեր տները: Այդ հարցը վերջապես պետք է լուծել, գազի գինը պետք է իջեցնել:

Մենք պետք է վերջացնենք փոքր ՀԷԿ-երի անվերահսկելի շահագործումը, պետք է այլ հսկողություն ունի: Կառավարության սխեմայով վաղուց անցել ենք այն շեմը, երբ ջրային ռեսուրսը կարելի է օգտագործել փոքր ՀԷԿ-երի համար: Այս ոլորտում պետք է լինի նորմալ կառավարում: Առանց անտառների և առանց ջրի Հայաստանը չի կարող գոյատևել», - ասաց Ինգա Զարաֆյանը:

Սևանա լիճը

ՓՀԷԿ` կառուցված Արփա գետի Կապույտ վտակի վրա


Դարանակ գետը

«Երկու տասնամյակից ավելի մեր երկրում էկոլոգիական բաղադիչն ունեցել է ամենավերջին տեղը բոլոր գաղափարախոսությունների մեջ: Հեղափոխությունից հետո մենք հույս ունեինք, որ կառավարության գիտակցության մեջ փոփոխություն տեղի կունենա նաև այդ առումով, որովհետև, ի վերջո, էկոլոգիական շարժումները, էկոլոգիական այլ գործընթացները բավականին մեծ դեր են ունեցել քաղաքացիների` այսպիսին ձևավորվելու համար: Այս պահին, ցավոք սրտի, ես դա չեմ տեսնում, որովհետև նորից խոսվում է առաջին հերթին տնտեսական շահը գերադասելու մասին: Հայաստանի նման երկրների համար, որոնք ունեն շատ փոքր աշխարհագրական տարածք, լուրջ կենսաբազմազանություն, ջրագրական ցանց, երկրաբանական կառուցվածք և այլն, էկոլոգիական անվտանգությունը հավասարազոր է ռազմական անվտանգությանը: Ինձ համար շատ զարմանալի է, որ այդ գաղափարն առ այսօր չկա ոչ մի որոշում կայացնողի օրակարգում: Եթե դու կորցրած տարածքը ռազմական գործողությունների արդյունքում կարող ես հետ բերել, Հայաստանի դեպքում էկոլոգիական առումով կորցրած տարածքն ընդհանրապես չես կարող հետ բերել: Քանի դեռ այս գիտակցությունը չլինի, փոփոխություն ակնկալելը շատ բարդ կլինի, - ասաց Լևոն Գալստյանը և նշեց, - մենք պատրաստ ենք օգնելու նորաստեղծ կառավարությանն այդ հարցում, բայց դա միայն բնապահպանության նախարարության խնդիրը չէ, պետք է լայն քննարկում բոլոր հարակից նախարարությունների հետ: Այդ քննարկումների արդյունքում կարելի է որոշակի տեսլական գտնել` որն է մեր ուղին այդ խնդիրները լուծելու համար»:

20:05 Մայիս 23, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news