ԷկոԼուրի կարծիք` Շեկաղբյուրի հայտը պետք է մերժել (Լուսանկարներ)

ԷկոԼուրի կարծիք` Շեկաղբյուրի  հայտը պետք է մերժել (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակման ծրագիրը մերժելու վերաբերյալ կարծիք է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ: «ԷկոԼուր»-ի կարծիքում գրված է.

««ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն սույն թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղում մասնակցեց «Միռամ» ՍՊԸ-ի` Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման հայտի 2-րդ հանրային քննարկման դեմ կազմակերպած բողոքի ակցիային, որի ժամանակ Օձուն համայնքի կազմում ընդգրկված Մղարթ, Արդվի, Օձուն, Այգեհատ, Արևածագ գյուղերի բնակիչները բացասական կարծիք հայտնեցին Շեկաղբյուրի ծրագրի վերաբերյալ:

Մղարթ գյուղում 2017թ-ի հոկտեմբերի 4-ի քննարկումների վերաբերյալ «Միռամ» ՍՊԸ-ն ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրել է դրական կարծիքով արձանագրություն և տեսագրություն, ինչի հիման վրա նշանակվել է 2-րդ հանրային քննարկումը: Սակայն 2-րդ հանրային քննարկման նշանակումը հակասում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի պահանջներին հետևյալ պատճառներով.

1. Մղարթի բնակիչները տեղեկացված չեն եղել Մղարթ գյուղում 1-ին հանրային քննարկման անցկացման մասին, և այդ քննարկմանը մասնակցել է մարդկանց նեղ շրջանակ` «Միռամ» ընկերության համախոհները` Մղարթ համայնքի ղեկավար Երվանդ Նավասարդյանի գլխավորությամբ: Այսինքն` առաջին հանրային քննարկման նպատակը` ազդակիր համայնքի բնակիչներին հայտին ծանոթացնելը, ինչը բխում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքից, չի իրականացվել:

2. Շեկաղբյուրի ծրագրի առաջին հայտից, որը ուղարկվել էր լրամշակման, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին հայտնի էր, որ անգամ հայտում տարածքի կրճատման պարագայում Արդվի գյուղը, այնուամենայնիվ, գտնվում է ազդեցության գոտում, քանի որ Արդվին մատակարարող ջրային աղբյուրները գտնվում են Շեկաղբյուրիհանքերևակման տարածքում: Սակայն «Միռամ» ընկերությունը չի կազմակերպել նոր հայտի վերաբերյալ հանրային քննարկում Արդվիում, և Արդվիի բնակիչների կարծիքը բացակայել է 2-րդ հանրային քննարկում անցկացնելու մասին որոշում կայացնելիս:

3. Մղարթ և Արդվի համայնքները համայնքային խոշորացման գործընթացի շրջանակներում 2017թ-ի նոյեմբերի 5-ին մտան Օձուն համայնքի կազմի մեջ: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի համաձայն` նախագծի ազդեցության գոտում գտնվում է համայնքը, այլ ոչ առանձին բնակավայրերը: «Բնակավայր» սահմանում օրենքում չկա: Սակայն Օձուն համայնքում «Միռամ»ընկերությունը չի կազմակերպել 1-ին հանրային քննարկումը, Օձունի բնակիչները տեղեկացված չեն եղել Շեկաղբյուրի ծրագրի մասին, որը ռիսկեր է կրում արդեն ոչ թե առանձին բնակավայրի համար, այլ ամբողջ համայնքի:
Հետևաբար, 2-րդ հանրային քննարկումը նշանակելիս, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը ուշադրություն չի դարձրել նրան, որ«Միռամ» ՍՊԸ-ի փաստաթղթային փաթեթը ամբողջական չէ, և այդտեղ բացակայում է ազդակիր Օձուն համայնքի բնակիչների կարծիքը, որ Մղարթ համայնք այլևս գոյություն չունի, և որ Շեկաղբյուրի ծրագրից ավելի խոցելի Արդվի գյուղի բնակիչների կարծիքը նույնպես բացակայում է:

Այսպիսով, խախտվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի գլխավոր պահանջը. «Գնահատումը և փորձաքննությունը ելնում են առողջության, բնականոն ապրելու եւ ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու մարդու իրավունքից»:

Դեկտեմբերի 1-ի բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիները կարողացան համոզվել, որ Օձուն խոշորացած համայնքի բոլոր շահագրգիռ բնակիչները մասնակցեցին և բացասական կարծիք հայտնեցին Շեկաղբյուրի ծրագրի վերաբերյալ բողոքի տեսքով, ինչը հաստատվեց Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանի ստորագրությամբ արձանագրությամբ:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կարծում է, որ 2017թ-ի դեկտեմբերի 1-ին նշանակված քննարկումը Մղարթ գյուղում պետք է համարվի 1-ին հանրային քննարկումը, այլ ոչ երկրորդը: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը բնակիչների բացասական կարծիքի հիման վրա պետք է մերժի «Միռամ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված ՀՀ Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակումում 2017-2020թթ. երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը»:

 

 

 

 

 

 

 

 

 



18:12 Դեկտեմբեր 05, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news