Deno Gold Mining Company ընկերության Շահումյանի հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագիծը մտավ ակտիվ փուլ

Deno Gold Mining Company  ընկերության Շահումյանի հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագիծը մտավ ակտիվ փուլ

ԷկոԼուր

«Deno Gold Mining Company» ընկերության (սեփականատերը կանադական «Dundee Precious Metals» ընկերությունն է)  կողմից  շահագործվող Կապանի Շահումյանի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագիծը մտավ ակտիվ փուլ: Նախագծի հասարակական լսումներն արդեն նշանակվել են մայիսի 20-ին: Կապանի հասարակայնությունը խիստ անհանգստացած է: «Պայթյուններից հանքավայրի ծանր մետաղներով փոշին կնստի Կապանի վրա: Սիլիկոզով հիվանդ կլինեն բոլորը` ներառյալ երեխաները,- ասում է «Խուստուփ» ՀԿ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը,- մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել: Մարդիկ պետք է հասկանան, որ բաց շահագործում Կապանում անթույլատրելի է, դա Կապանի վերջն է»:

Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանն ասաց. «Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է առողջության եւ առողջ շրջակա միջավայրի իրավունք այդ թվում եւ մեզ` կապանցիներիս համար»: Կապանցիները գիտեն, թե ինչ է հանքավայրի փոշին առանց որեւէ մեկից լսելու: Գրեթե յուրաքանչյուր ընտանիքում, որտեղ կան հանքերում աշխատողներ, կա սիլիկոզ: Եւ հիմա, հիվանդանալու ռիսկի տակ կհայտնվի Կապանի ողջ բնակչությունը հանուն ինչի՞, հանուն որոշ մարդկանց խմբի շահույթի՞»,- ասաց Ավագյանը: 

Տեղի բնակիչները լավ ծանոթ են Շահումյանի հանքավայրին եւ վստահ են, որ փակ եղանակով շահագործումը ընկերությանը շահույթ կապահովի` պահպանելով Կապանը, որն արդեն իսկ գտնվում է էկոլոգիական աղետի շեմին: «Թող ընկերությունները շահույթ ստանան, բայց ոչ գերշահույթ մեր առողջության հաշվին»,- կարծում է «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը:

 Ի դեպ, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում բացակայում է Շահումյանի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի վերաբերյալ` շրջակա միջավայրի վրա ազդեցության հասարակական լսումների մասին հայտարարությունը:

11:59 Մայիս 05, 2011


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news