Ալավերդու պղնձաձուլային կոմբինատի ծխնելույզի բարձրացման արդյունքում մեծացել է մթնոլորտային օդի աղտոտվածությունը

Ալավերդու պղնձաձուլային  կոմբինատի ծխնելույզի բարձրացման արդյունքում մեծացել է մթնոլորտային օդի աղտոտվածությունը

ԷկոԼուր

Օձունում, Աքորիում, Հագվիում, Հաղպատում մեծացել է մթնոլորտային օդի աղտոտվածությունը Ալավերդու պղնձաձուլային կոմբինատի ծխնելույզի բարձրացման արդյունքում: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Օձունի համայնքապետարանի ներկայացուցիչ Արմինե Միքայելյանը:

«Երբ Ալավերդու պղնձաձուլային կոմբինատը խողովակը բարձրացրեց, ազդակիր համայնքները մթնոլորտային աղտոտվածության մեծ աստիճան ունեցան, քանի որ շառավիղը մեծացավ, և այն աղտոտված օդը, որ հիմնականում մտնում էր Ալավերդու ձորը, տարածվեց շրջակա համայնքների վրա: Այդտեղ մեղվաընտանիքներ տուժեցին, կենդանիներ, բնությունը: Այդ օդը ազդում է մարդկանց առողջության և բնության վրա: Սրտանոթային հիվանդություններ են ավելացել, քաղցկեղային հիվանդությունները»,- ասաց Արմինե Միքայելյանը: Չնայած բնապահպանական վատ վիճակին համայնքը բնապահպանական ծրագրերի համար ստացած բնապահպանական սուբվենցիաները ոչ միշտ է նպատակային ծախսել:

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Օձունին տրամադրված բնապահպանական վճարներով կոյուղագծեր են կառուցվել, իրականացվել է ասֆալտապատում: Համայնքի ներկայացուցիչը ընդունում է, որ ոչ բոլոր ծրագրերն են եղել բնապահպանական, սակայն անհրաժեշտ են եղել համայնքին: «Համայնքը սոցիալապես ծանր վիճակում է, բյուջեն փոքր է և բնապահպանական սուբվենցիան մեծ տոկոս է կազմում համայնքի բյուջեում», -ասաց համայնքի ներկայացուցիչը:

Նման իրավիճակ է նաև մյուս համայնքներում` մասնավորապես Հաղպատը բնապահպանական ծրագրի շրջանակներում բնակիչներին ալյուր է բաժանել:

Ալավերդու պղնձաձուլական գործարանի և Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի ազդակիր համայնքներում բնապահպանական և սոցիալական ծրագրերի իրականացման հարցը քննարկվեց վերջերս «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կազմակերպած Բաց տարածք միջոցառման ընթացքում, որին մասնակցում էին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարներ, ՀՀ բնապահպանության, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների, Լոռու մարզպետարանների, Ալավերդու Օրհուս կենտրոնի, ազդակիր համայնքների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանն առաջարկեց, որպեսզի թիրախային համայնքները միանան և ստեղծեն համայնքային լաբորատորիա` ուսումնասիրելու և պարզելու շրջակա միջավայրի աղտոտվածության աստիճանը`հակազդող քայլեր ձեռնարկելու համար:

19:25 Նոյեմբեր 09, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news