Հայաստանի նախագահն արգելեց, բայց «GeoProMining Gold»-ը կառուցում է

Հայաստանի նախագահն արգելեց, բայց  «GeoProMining Gold»-ը կառուցում է

ԷկոԼուր

Սոտք գյուղում անցկացված հանրային քննարկման մասնակիցները պահանջում են ապամոնտաժել Սոտքում հանքանյութը մանրացնող սարքը եւ պատժել «GeoProMining Gold» ընկերությանը Սեւանա լճի ջրահավաք ավազանում անօրինական շինարարության համար:

Գրավոր հայտարարությունը ուղարկվել է ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություններ, ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողով: Կրկնօրինակն ուղարկվել է «GeoProMining Gold» ընկերություն եւ Գեղարքունիքի մարզպետարան:  

Սոտք գյուղի վարչական տարածքում մանրացնող-տեսակավորող սարքի տեղադրման վերաբերյալ քննարկումը տեղի ունեցավ ապրիլի 19-ին` Սոտք գյուղում, Սոտք, Ազատ, Կուտ, գյուղերի, «Սեւան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի Օրհուս կենտրոնի, «ԷկոԼուր», «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Թռչնասերների կենտրոն», «Տարածաշրջանային զարգացման եւ հետազոտությունների» ՀԿ-ների, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի, «Ար» հեռուստաընկերության, «Ազատություն» ռադիոկայանի, www.ecolur.org կայքի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«GeoProMining Gold» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոզլովը ընկերության մամլո քարտուղարի միջոցով մերժեց լսումներին մասնակցելու Գավառի Օրհուս կենտրոնի հրավերը: «Մենք խնդրեցինք ընկերությանը, որպեսզի լսումներն  անցկացվեն իրենց մոտ` Սոտքում: Սակայն մամլո քարտուղար Ռուզաննա Գրիգորյանը մեզ պատասխանեց, որ քանի դեռ իրենց մոտ պատրաստ չեն փաստաթղթերը, նրանք մեզ ոչինչ ասել չեն կարող: Երբ որ փաստաթղթերը պատրաստ կլինեն,  նրանք` ինքները, կկազմակերպեն հասարակական լսումներ,- ասաց Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանը,- դա ապացուցում է, որ ամենասկզբից շինարարությունը անօրինական բնույթ է կրում»:

 «Ինքը` նախագահն է մտահոգ այդ խնդրով, իսկ ընկերությունն արդեն կառուցում է: Սեւանի ջրահավաք ավազանում արգելված է ցանկացածգործունեություն,որը կարող է բացասական ազդեցություն ունենալ Սեւանի էկոհամակարգի վրա: Ինչի մասին է խոսքը, այդ համալիրը եւ մանրացնում է, եւ տեսակավորում է, ընդ որում պետք է լինի ջրով հանքանյութի լվացման գործընթաց: Բոլոր թունավոր նյութերը ջուրը կտանի Սեւան: Դա Սեւանի վերջն է»,- ասաց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտոսության եւ բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Նշան Ստեփանյանը: 

 Սոտքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը հայտնեց, որ ընկերության հետ որեւէ համաձայնություն ձեռք չի բերվել: «Ես դիմել եմ ընկերությանը, եւ մենք դեռ բանակցությունների մեջ ենք: Իսկ շինարարությունն արդեն սկսվել է»,- ասաց նա:

Մասնակիցները եկան եզրակացության, որ  «Geopromining Gold»-ը կառուցում է իսկական հարստացման ֆաբրիկա մանրացնող սարքի անվան տակ, ինչը խախտում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, որն արգելում է վերամշակման գործունեություն Սեւանի ջրահավաք ավազանում:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2009թ. աշնանը քաղաքական կամք դրսեւորեց եւ հանդես եկավ «Geopromining Gold» ընկերության` արտադրությունը Սոտք տեղափոխելու նախագծի դեմ: Այդ մասին հրապարակավ հայտարարեց ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը եւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

11:14 Մայիս 02, 2011


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news